Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ընտանեկան բռնության մասին օրինագիծ. քննարկումների վերջին ակորդները

Ազգային Ժողովը դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ էր գումարել, որի օրակարգում էր նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի երկրորդ ընթերցումը: Ու թեև օրինագիծը օրերս խորհրդարանի կողմից ձայների մեծամասնությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց, բայց ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում նախօրեին կայացած քննարկումը ցույց տվեց, որ կրքերը չեն հանդարտվում, ընդդիմախոսներն էլ չեն նահանջում: Սակայն ուշագրավ է, որ նոր առաջարկություններ օրինագծի հետ կապված Արդարադատության նախարարությունը չի ստացել, ինչի մասին հանձնաժողովում քննարկման հենց մեկնարկին տեղեկացրեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:

 

Հանձնաժողովում քննարկման ժամանակ պատգամավորները հիմնականում մտահոգված էին օրենքի կիրառման խնդիրներով: Մասնավորապես,   ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ  նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, համաձայնելով, որ  օրենքը լավն է, քանի որ միտված է արատավոր այդ երևույթի կանխարգելմանը, նշեց. 

 

«Ինձ մնում է միայն հույս հայտնել, որ կառավարությունը լուրջ կվերաբերվի այս օրենքի գործարկման խնդիրներին, քանզի օրենքի սխալ կիրառման արդյունքում մենք լրջագույն խնդիրներ կունենանք. ցանկացած ոտնձգություն ընտանիք արժեքի նկատմամբ ցավոտ է լինելու»:

 

Գլխադասային հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ անդրադառնալով նույն հարցին  նշեց,   որ ինքն անձամբ օրենքում փոփոխությունների նախաձեռնողը կլինի այն դեպքում, եթե փորձ կարվի օրենքի միջոցով ներխուժել ընտանիք: Դա, ըստ նրա, անթույլատրելի է և այս օրենքով չի նախատեսվում, մինչդեռ հիմնական հնչող մտահոգությունները հենց այս մասով են: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝  անդրադառնալով  այդ մտահոգություններին կարծիք հայտնեց, որ  դրանք փարատվել են:

 

Նույն օրը օրենքի նախագծին քննարկում էր նվիրված նաև մեկ այլ վայրում՝ Հոդված 3 ակումբում: Մասնակիցները, մասնավորապես, անդրադարձան այն խնդրին, թե արդյոք օրենքն ընդունվում է զուտ ընդունվելու համար, թե նպատակ է դրված այն իսկապես աշխատացնել: Իր խոսքում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ օրենքի ընդդիմախոսները մշտապես հայտարարում են, որ գոյություն ունեն օրենքներ, դրույթներ Քրեական և Ընտանեկան օրենսգրքերում, որոնք կարող են օգնել բռնության ենթարկված անձանց կամ պատժել բռնություն գործադրողին: Բայց այս օրենքով փորձ է արվում ոչ թե բանը հասցնել հանցագործության, այլ կանխարգելել ընտանիքում ծեծը, բռնություններն ու սպանությունը: Եվ օրենքի ուժով հնարավորության կա ստեղծել մի իրավիճակ, որ դրան չհասնի.

 

«2010-2017 թվականների ընթացքում ընտանիքներում ունեցել ենք կանանց սպանության 50 դեպք, իսկ քննչական կոմիտեի տվյալներով՝ հանրապետության բոլոր սպանությունների 1/3-րդը կատարվում է ընտանիքի ներսում: Այս տվյալները փաստում են, որ ընտանեկան բռնությունը պետք է կանխարգելվի օրենքի ուժով: Ողջունելի է, որ օրենքի նախագծով ոստիկանությանը տրամադրվում են պաշտպանական մեխանիզմները, ինչը մինչ այս չկար և դա հնարավորություն կտա մարդկանց օգտվել այդ մեխանիզմներից և կանխարգելել նմանատիպ բռնությունները»,- հայտարարեց իրավապաշտպանը:

 

 

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանն էլ նշեց, որ օրենքն անշուշտ կարևոր է, բայց այն ունակ չէ լուծել առկա խնդիրները, քանի դեռ հայ հասարակության մենթալիտետում փոփոխություններ չեն եղել: Տիկին Նազարյանը վստահ է, որ օրենքի ընձեռած հնարավորությունից կօգտվեն միայն այն կանայք, որոնք տարիներ շարունակ ենթարկվել են բռնության և հոգնած դրանից ու հուսահատված մի օր վերջապես կթակեն օգնության դուռը, բայց կանանց մեծամասնությունը կշարունակի լուռ համակերպվել իրավիճակի հետ ու դիմանալ բռնություններին, հոգեբանական տառապանքին։ Այդ ամենը փոխելու համար հարկավոր է, ըստ նրա, փոխել իրավիճակը մշակութային մակարդակում, մենթալիտետում, այլապես ամենը կմնա անփոփոխ:

 

Անկախ քննադատություններից՝ այս օրենքը պետք է ընդունվի. ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը շեշտում է՝ սա անչափ կարևոր ու զգայուն հարց է, քանի որ բռնությունն ու ագրեսիան գնալով ավելանում է: Օրենքը ծայրահեղականացնելուց զատ պատգամորը կոչ է անում չընկալել այն իբրև միայն կանանց կամ երեխաների պաշտպանությանն ուղղված օրենք, այլ օրենքը կարևոր է իր ամբողջականության մեջ:

 

«Ես լավատես եմ և վստահ եմ, որ օրենքը կծառայի իր նպատակին: Եվ եթե ուզում ենք, որ օրենքն իրականում գործի, ապա պետք է իրազեկենք հասարակությանը և առաջին հերթին այնպես անենք, որ այն ունենա կանխարգելիչ նշանակություն»,- շեշտեց պատգամավորը:

 

Լիա Խոջոյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանանց «ազատատենչությունից» վախեցող պատգամավորները փոքրամասնության մեջ են

«Եթե այս օրենքը կարող է գեթ մեկ կնոջ կյանք փրկել, ուրեմն այն անհրաժեշտ է»

«Կինը  ծեծի է արժանի որոշ դեպքերում » պնդման հետ համաձայն է յուրաքանչյուր չորրորդը/ տեսանյութ

«Կինը պետք է լռի». հետազոտության մանրամասներ

 «Մենք հակված ենք հանդուրժել նաև այն ընտանիքը, որտեղ բռնություն կա». հետազոտություն

 «Իմ տղան ինձ է պաշտում, ես՝ իրեն, հարսն ով է…». սկեսուրների դերակատարումը տղաների ընտանիքներում

 Հայ  կանայք դարձել են ավելի ինքնուրույն, սակայն հիմնականում վաստակում են  ամուսնուց ավելի քիչ. հետազոտություն

 Գենդերային հավասարությունը տղամարդկանց ընկալումներում. հետազոտություն

 Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ

Դիտումների քանակը` 608

Վերադառնալ վերև