Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ընտրությունների են գնում միշտ երիտասարդ տատիկները

Հոկտեմբերի 2-ին կայանալիք  ՏԻՄ  ընտրություններին առաջադրված կանայք տարբեր  սերունդների  ներկայացուցիչներ են, սակայն ակնհայտորեն ակտիվ են , մի կողմից, փորձով ու  գիտելիքներով  հարուստ  կանայք, ովքեր երկար տարիների իրենց  ակտիվ հասարակական գործունեությամբ հարգված ու ճանաչված են իրենց համայնքներում, մյուս կողմից, երիտասարդ աղջիկներն, ովքեր ապրել ու մեծացել են անկախ Հայաստանում, լավ կրթություն ստացել  ու իրենց հետ փոփոխությունների նոր շունչ են բերում: Ում է ավելի շատ հակված վստահել ընտրողը, դժվար է ասել, բայց փորձի ու երիտասարդական մաքսիմալիզմի հավասակշռությունն է, որ ապահովելու են  ավագանու կայացումն ու  արդյունավետ աշխատանքը :

 

Կոտայքի մարզի Գառնի  համայնքի  ավագանու թեկնածու Թերեզա Գաբրիելյանին  ու Նոր Գեղի համայնքից չորորդ անգամ  առաջադրված  ավագանու թեկնածու Նաթելա Շմավոնյանին  միավորում է  ոչ միայն իրենց, այլ բոլոր  թոռնիկների համար ավելի լավ ապագա ունենալու ձգտումը:  Ինչպես, երիտասարդ տարիքում տատիկ դարձած    Թերեզա Գաբրիելյանն  է ասում «Ես մյուս  տատիկների նման չեմ , քանի որ ձգտում եմ զբաղվել  նաև  հանրօգուտ աշխատանքով»:

 

 

Նաթելա Շմավոնյան.

«Ընտրողը  գիտի,  որ  խոսքս  գետնով  չեմ  տա» 

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքից 4-րդ անգամ  առաջադրված  ավագանու թեկնածու Նաթելա Շմավոնյանն է: Տարիներ  շարունակ ավագանու թեկնածուի  բավական  պատասխանատու աշխատանքում նա  ապացուցեց, որ համայնքի  հոգսերը թեթևացնելու համար հասուն  տարիքը  խնդիր  չէ: Ամուսինն ու երկու զավակները տիկին Նաթելայի հաստատակամ  կամքին հակառակվել  չեն փորձում, գտնելով, որ «բարի  գործի դեմը  չեն առնում»:

 

Երկար  տարիներ աշխատել է  մանկապարտեզի  դաստիարակչուհի, ապա  տնօրեն, քանզի գտնում էր, որ մատաղ սերնդի  դաստիարակությունից է  կախված վաղվա  քաղաքացու դիմագիծն ու  ճակատագիրը: Հենց այդ  տարիներից  նրա  հանդեպ ձևավորված  հարգանքն ու վստահությունը  հող  նախապատրաստեցին համայնքային խնդիրների  լուծմանը  մասնակից  լինելու որոշման   համար: Իսկ  համայնքային  խնդիրներին  մոտիկից  ծանոթանալուն  նպաստեցին գյուղապետարանի  ֆինանսական  բաժնում հաշվապահ  աշխատած տարիները:

 

–         2004 թվականից աշխատում եմ Նաիրի> Ջուր օգտագործողների ընկերությունում որպես  հաշվապահ և այդ  տարում էլ որոշեցի առաջադրվել ավագանու թեկնածու: Դեռ խորհրդային  տարիներին եղել եմ  կոմերիտական ակտիվիստ,  համոզված էի, որ    հասարակական  գործունեության  հանդեպ սերը  պահպանվել է  իմ մեջ, ու որոշեցի փորձել, փորձեցի ու  հաղթեցի այդ  ընտրություններում: Այն  տարիներին կին թեկնածուի  հանդեպ թերահավատ էին,  բայց երբ տեսան, որ կազմակերպչական  գործերից  հասկանում եմ,  համակերպվեցին և ականջալուրր էին  իմ ելույթներին, -պատմում է տիկին Նաթելան:

 

Նախկինում  3, այսօր արդեն ավագանու 4 կին թեկնածուներ են առաջադրվել: Իսկ  դա  նշանակում է, որ  համայնքը  համոզվել է, որ  կանանց  ներկայությունը համայնքի  կառավարման  գործում  ոչ  միայն  ցանկալի, այլև  անհրաժեշտ է: Մոր սրտացավությամբ տիկին Նաթելան  հավասարապես  մտածում ու փորձում է  լուծել  գյուղի անապահով ընտանիքների սոցիալական,  մանկապարտեզի  վերանորոգման ու  տրանսպորտի  խնդիրները: Նրա  ընդգրկուն տեսադաշտից  չեն  վիրպում  նաև  տարեցները, ում  համար նոր տարին ու  մարտի  8-ը նվերներով  հագեցած  տոներ են:

 

–         Ես  ցանկանում եմ, որ ոչ  միայն  իմ  5 թոռնիկները, այլև  Նոր  գյուղի  բոլոր մանուկները ապրեն  լուսավոր համայնքում,  վազվզեն  մաքուր ու  լուսավոր փողոցներով, չիմանան  ինչ բան է  քաղցը, այլապես  էլ  ինչի  համար ենք  ապրում մեծերս, -ասում է  տիկին Նաթելան:

 

Նա  իր ակտիվությամբ  վարակել է  նաև  մանկավարժ հարսին և  խրախուսում է հասարակական ու քաղաքական  գործունեությամբ  զբաղվելու  վերջինիս  ցանկությունը: Դեռ ավելին, տիկին Նաթելան  ինքն է  պարտադրում, որ հարսը  մասնակցի համայնքում  կազմակերպվող քննարկումներին ու դասընթացներին: Ասում է. «գրագետ ու ակտիվ աղջիկ է, ինչու  նստի  տանը, թող  աշխատի, շփվի  մարդկանց  հետ,  օգտակար լինի  նրանց»:

 

Նոր Գեղի համայնքի  տարածքում են  գտնվում Լուսակերտի թռչնաբուծական  ֆաբրիկան, որտեղ  մեծ թվով  կանայք են աշխատում: Սա ոգևորում է  տիկին Նաթելային, չէ որ  մասամբ  լուծված է  կանանց  զբաղվածության  խնդիրը: Բացի դա համայնքում մարդիկ զբաղվում են  նաև  այգեգործությամբ: Շուրջ 400 հա տարածք զբաղեցնող այգիների մեծ մասում աճեցվում է խնձոր` մեծամասամբ գոլդեն տեսակի, որը մեծ պահանջարկ ունի շուկայում: Աշխատատեղ  կա նաև գյուղի երեք  դպրոցներում,  մանկապարտեզում:

 

–         Մարդիկ  իրենց  ձայնը  հենց այնպես  չեն  տալիս ինձ,-ասում է  տիկին Նաթելան,-ինձ  ճանաչում ու հարգում են: Իմ ընտրողը  գիտի, որ  խոսքս  գետնով  չեմ  տա  ու  իր  վստահության  քվեն  տալիս է  ինձ: Ես էլ  աշխատել եմ  հուսախաբ  չանել  նրանց: Կարծում եմ, տարիների ընթացքում  պետք է լավ  աշխատել՝ ապացուցելու համար, որ մարդկանց ընտրությունը ճիշտ էր:

 

 

Թերեզա Գաբրիելյան.

«Ի  տարբերություն  մյուս  տատիկների, ես ձգտում եմ զբաղվել  նաև  հանրօգուտ աշխատանքով»

Կոտայքի մարզի Գառնի  համայնքի  ավագանու թեկնածու Թերեզա Գաբրիելյանն անթաքույց  հպարտությամբ է  նշում, որ  4 զավակների մայր և 10 թոռների  տատիկ լինելով  հանդերձ շարունակում է իր ուժը, եռանդն ու ժամանակը  ներդնել  հարազատ համայնքի զարգացման գործում:

 

Առաջին անգամ  ավագանու թեկնածու է առաջադրվել 2004 թվականին,  սակայն չի ընտրվել, քանի որ  չուներ ոչ փորձ  և ոչ էլ   վստահված անձ: Սակայն  չի  հուսահատվել: Մշտապես  տեղեկացված է եղել  համայնքային  խնդիրներին, համայնքին  օգտակար լինելու մղումով փորձել է աջակցել  հարևան-բարեկամներին, բոլոր  նրանց, ովքեր  օգնության  կարիք են ունեցել: Համայնքի  բնակչությունը սիրում  ու գնահատում էր  նրա  նվիրվածությունը, ուստի  հաջորդ ՏԻՄ  ընտրություններում  նրան  ընտրում է  որպես  ավագանու անդամ: Առաջիկա   ընտրություններում Թերեզան դարձյալ առաջադրվել է որպես ավագանու թեկնածու, ու  համոզված է,  որ կընտրվի,  թեպետ  23 մրցակից ունի«այդ թվում մեկ կին:  :

 

Թերազա Գաբրիելյանը  ծնվել է Կոտայքի մարզի Գեղարդ  գյուղում: Տեղի  դպրոցում սովորել է  մինչև 6-րդ դասարանը,  որից  հետո  ընտանիքը  տեղափոխվել է Գողթ համայնք: Դպրոցն ավարտելուց  հետո Թերեզան  սովորում է Բյուրեղավանի քիմիական  ուսումնարանում, որն ավարտելուց  հետո աշխատում է  որպես  քիմիկ-լաբորանտ: Կարճ ժամանակ  իր համայնքի  մանկապարտեզում աշխատելուց հետո աշխատանքի է անցնում Աբովյան քաղաքի տարածքային  զինվորական  կոմիսարիատում որպես տարածքային  տեսուչ, սպասարկելով 6 համայնք:

 

 

–         Առանց ամուսնու /նա  մահացել է/ ճիշտ է, դժվար է, սակայն հոգսս ծանր չէ, քանի որ  երեխաներս մեծացել են, ամեն  մեկն  իր ընտանիքն ունի,  ինձ  մնում է  զբաղվել թոռնիկներով: Բայց,  ի տարբերություն  մյուս  տատիկների, ես ձգտում եմ զբաղվել  նաև  հանրօգուտ աշխատանքով, մի լավ  բան անել համայնքի համար,-ասում է Թերեզան:

 

Աշխատանքի բերումով նա առնչվում է  համայնքի բոլոր  բնակիչների հետ,  քանի որ  բոլորն էլ այս կամ այն  առիթով ունենում են  անձնագրային  խնդիրներ: Սիրով  ընդառաջում է Փարոս  համակարգի անդամ  անապահով ընտանիքներին,  դիմում է  համայնքապետին այդ  ընտանիքների  երեխաներին դպրոցական  պարագաներով ու համազգեստով ապահովելու խնդրանքով:

 

–         Թեև  նախընտրական  ծրագիր չունեմ ու քարոզարշավ  չեմ անցկացնում աշխատանքիս  ծանրաբեռնված լինելու պատճառով , սակայն  աշխատանքից  հետո զրուցում եմ  բնակիչների հետ,  ծանոթանում  նրանց ու առհասարակ, համայնքի  խնդիրներին: Ավագանու նիստերին  ներկայացված հարցերին նախապես  ծանոթանում եմ, երբեմն առարկելու կամ այլ  տարբերակ  առաջարկելու անհրաժեշտություն  է առաջանում, նման  դեպքերում իմ  ձայնը  հաշվի են առնում: 11 տղամարդ ավագանիների թվում  միակ  կին ավագանին եմ, ուստի  հարգում են  ինձ,-ասում է Թերեզան:

 

Նրա  խոսքով համագյուղացի  կանայք երբեմն  փորձել են իրեն  հետ  պահել հանրային  աշխատանքից, ասելով, թե կին ես,  քո գործով զբաղվիր, տղամարդիկ գիտեն  իրենց  անելիքը: Սակայն Թերեզան այլ կերպ է  մտածում: Ավագանիների շարքում կանանց ներկայությունը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ: Պարզապես պետք է բարեհաճ վերաբերմունք և աջակցություն ցուցաբերել  նրանց  հանդեպ: Ի վերջո, ժամանակն է խախտելու հայրիշխանության ավանդույթը քաղաքականության մեջ և  ընտրովի մարմիններում:

 

 

Թերեզայի հորդորով համայնքապետը համայնքի զորակոչման ենթակա  տղաներին  ԴՕՍԱՖ-ի դպրոց գնալու համար ապահովել է անվճար տրանսպորտով, համատեղ ուժերով  լուծվել է  նաև խմելու  և ոռոգման  ջրի  հարցը, վերանորոգվել է  դպրոցն ու մանկապարտեզը:

 

 

–         Համայնքում կյանքն առավել  բարեկեցիկ  դարձնելու համար հարկավոր է խորապես  ճանաչել  այն, զրուցել մեծ ու փոքրի  հետ, իսկ դրա  համար, կարծում եմ  կնոջ  սիրտն ու հոգին ավելի ջերմ ու քնքուշ է: Ես  մարդ եմ,  մայր եմ ու տատ, ո ՞նց  կարող եմ մեկին լսել,  մյուսին  անտեսել: Ու մի  բան էլ,  ես վստահ եմ` կինը կարող է շատ բան փոխել համայնքի կառավարման գործընթացում,- եզրակացնում է Թերեզա Գաբրիելյանը:

 

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 1150

Վերադառնալ վերև