Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Թամարա Ղազարյան. « Մեր համայնքի ապագան մեր ձեռքերում է…»

Այս կարգախոսով է մասնակցում հոկտեմբերի 2-ի ընտրություններին  Վայքի ավագանու թեկնածու Թամարա Ղազարյանը, ով նաև գործող ավագանու անդամ է:

 

«Պետք է հոգատար լինել յուրաքանչյուր  բնակչի հանդեպ»

 

–         Այսօր ընտրողն էլ  դատարկ խոսքերին  չի  հավատում,  նա սպասում է արդյունքի: Կարողացար քեզ  վստահած մարդու  մատից  փուշ հանել, ուրեմն  նրա աչքի  լույսն ես, կարող ես հաջորդ անգամ էլ առաջադրվել: Պետք է հոգատար լինել հարևանի, յուրաքանչյուր բնակչի հանդեպ, աշխատել ինչոր բանով օգտակար լինել նրան ,- ասում է  Թամարա Ղազարյանը:

 

Բազմանդամ ընտանիքում մեծացած Թամարայի համար հոգատար վերաբերմունքը մանկուց ձևավորված բնավորության գծերից է: Այդպես էլ պետք է լիներ, 8 երեխա / 5 եղբայր, 3 քույր/ ունեցող ընտանիքում ծնողների կողմից զավակների մեջ մեկմեկու հանդեպ սերմանած հոգատար վերաբերմունք դառնալու էր բնավորություն: Այսօր նրանցից ոմանք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում,ու թեև ապրում են տարբեր վայրերում, այնուհանդերձ չեն դադարում հոգալ միմյանց մասին:

 

Վայքում գրեթե բոլորը ճանաչում են տիկին Թամարային, գիտեն, որ իր խոսքը հարգող, աշխատասեր, համառ ու քաղաքի ցանկացած խնդրի լուծման համար ուղիներ փնտրող անձնավորություն է: Համաքաղաքացիների համոզմամբ նա անշահախնդիր է, ուստի համախոհների մեծ բանակ ունի:

 

–         Բնույթով խիստ ու անաչառ մարդ եմ, այդ առումով ձեռք եմ բերել հակառակորդներ: Թշնամնիներ ունենալն էլ է առավելություն, նշանակվում է քեզնով հետաքրքրվում են, իսկ ես չեմ սիրում, երբ մարդու հանդեպ անտարբեր են լինում,-համոզված է տիկին Թամարան:

 

«Բնակիչը պարտավոր է իմանալ, թե ուր է գնում իր կոպեկը»:
Անցած 4 տարիների ընթացքում որպես ավագանու անդամ Թամարան լուծել է  փողոցների լուսավորության, շենքերի բակերի բարեկարգման, աղբահանության խնդիրները: Ու թեև ավագանու նիստերում նրա առաջարկություններից ոչ բոլորն են ընդունվել, այնուհանդերձ նրա գաղափարները չեն անտեսվել  համայնքի ղեկավարի  ուշադրությունից: Ընդլայնված նիստերում քաղաքի բյուջեի քննարկումներին բնակչության ներկայությունը կարևորող Թամարան գտնում է, որ «բնակիչը պարտավոր է իմանալ, թե ուր է գնում իր կոպեկը»: Նրա խոսքով համայնքների խոշորացման արդյունքում կբարձրանա ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու դերը, իսկ ավագանու նիստերն այլևս ձևական բնույթ չեն կրի, ինչպես երբեմն պատահում է:
Թամարա Ղազարյանի համոզմամբ ավագանու թեկնածուների թվում կանանց թիվը  որքան շատ լինի, այնքան լավ` քաղաքի խնդիրների լուծման համար: Ակտիվ կանանց հետ ձեռնարկել և իրականացրել է քաղաքային այգու կառուցումը, որն այսօր բնակչության համար հանգստի լավագույն վայրն է, իսկ հարակից խաղահրապարակում օրվա ցանկացած պահին հնչում է մանկական զվարթ ծիծաղն ու աղմուկը:

 

–         Մինչ այդ, գեղեցիկ ավանդույթներ ունեցող մեր  քաղաքում կյանքը մի տեսակ մեռած էր ու հիմա կենդանանում է մեր աչքի առջև, և որ ամենակարևորն է՝ մեր իսկ ջանքերով:Այգու բացումից հետո քաղաքի կյանքը աշխուժացավ, լավ ես զգում, որ քո ներդրումն ես ունեցել այգու կառուցման գործում: Շատ եմ ուրախանում, որ մեր քաղաքում ընթանում են շինարարական աշխատանքեր, եթե Վայքում մուրճի ձայն եմ լսում, նշանակում է կյանքը շարունակվում է, անկախ նրանից դա մասնավոր մի շինություն է, խանութ է, թե ժամանցի վայր,- ասում է տիկին Թամարան:

 

«Տնեցիք կատակում են,  թե տանն էլ է ավագանու թեկնածու»

 

Իր քարոզարշավը  ավագանու թեկնածու առաջադրված Թամարա Ղազարյանը  կառուցում է ընտրողների հետ հանիպների վրա:  Ըստ նրա, ավագանու թեկնածուն անձամբ պետք է հանդիպի  ընտրողին, բացատրի իր նպատակն ու խոսի ծրագրերի մասին: Եթե ավագանու նախկին ընտրությունների ժամանակ ընտրողնրի հետ հանդիպմանը հաճախ էր հնչում «ինչու ես առաջադրվում, քո ինչին է պետք» , ապա այսօր խոստանում են իրենց ձայնը տալ տիկին  Թամարային, քանի որ նա իր խոստումը հարգող կին է:

Տանն էլ  տիկին Թամարան տանը նույն «անհանգիստ ու անհամբեր. կինն է, տնեցիք կատակում են,  թե ինքը տանն էլ է ավագանու թեկնածու: Ստեղծել է թռչնաբուծական ֆերմա, որտեղ 130 հավ է խնամում, ընտանիքն ապահովված է տնամերձ մրգատու այգու բերք ու բարիքով:

 

–         Փառք Աստծո, ունեմ լավ զավակներ, լավ հարսեր: Ունեմ  երկու տղա և մեկ աղջիկ, 7 թոռ, ապրում եմ փոքր որդուս ընտանիքի հետ, մյուս որդիս առանձին է ապրում, սակայան ամեն օր այցելում եմ նրա ընտանիքին, որ տեսնեմ, թե ինչպես են : Եթե մի լավ բան եմ ունենում, պետք է հավասարապես բաժանեմ երկու զավակներիս միջև, այնպես եմ անում, որ նրանց ընտանիքները հավասար պայմաններում ապրեն,- պատմում է ավագանու թեկնածուն ու հավելում, որ որդիներն իրենց  ընկերների հետ մոր քարոզարշավի հիմնական և հուսալի կազմակերպիչներն են:

 

Թամարա Ղազարյանի համար անլուծելի խնդիր չկա, գտնում է, որ ցանկության դեպքում կարելի է սարեր շրջել, ու եթե համայնքի բնակիչներին հուզող որևէ հարցի լուծման համար անհրաժեշտ լինի կռիվ տալ, նա պատրաստ է դրան, միայն թե իր ընտրողի առաջ պարզերես երևա ու գիշերը քնելիս խղճի հետ հաշտ լինի:

 

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 1969

Վերադառնալ վերև