Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Թամարա Մատինյան. «Նոր գործ սկսելու համար տարիքը խոչընդոտ չէ»

 

Ստեփանավանցի 65-ամյա Թամարա Մատինյանն այն կանանցից է, ով ի տարբերություն շատ հասակակիցների, վաստակած  հանգիստը վայելելու փոխարեն հենց այդ տարիքում է որոշել  զբաղվել գործարարությամբ: Համոզված է, նոր գործ սկսելու համար տարիքը խոչընդոտ չի կարող լինել:

 

«Տարիներ շարունակ վարչական աշխատող եմ եղել, Գյուլագարակի տնտեսությունում կադրերի բաժնի վարիչն էի, արհմիության նախագահը: Քառասուն տարեկան էի, երբ տնտեսությունը լուծարվեց: Կարճ ժամանակ անց փակվեց նաև այն գործարանը, որտեղ ամուսինս էր աշխատում: Երկուսով դարձանք գործազուրկ: Տարիներ շարունակ աշխատանք չէինք կարողանում գտնել: Գիտեք, Հայաստանում 40-50-նն անց մարդկանց աշխատանքի չեն ընդունում: Գիշերները չէի կարողանում քնել, անընդհատ մտածում էի՝ ի՞նչ անեմ, ինչո՞վ զբաղվեմ»,- հիշում է Թ. Մատինյանը:

 

 Մի օր էլ պատահաբար իմացել է, որ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կանանց համար ծրագրեր է իրականացնում:Նախ երկմտել է՝ դիմի՞, թե՝ ոչ: «Ճիշտն ասած սկզբում մտածում էի, որ այդտեղ երևի  երիտասարդ կանայք են պետք: Երբ իմացա, որ տարիքային սահմանափակում չկա, շատ ուրախացա, որոշեցի ես էլ փորձեմ»,- ասում է նա:

 

Մեկ ամիս շարունակ ամեն օր տիկին Թամարան մասնակցել է Տաշիրում անցկացվող դասընթացներին, որոնց ընթացքում ստացել է բիզնես գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ նախնական հմտություններ: Դասընթացներին նրա ակտիվ մասնակցությանը որդին ու ամուսինը լուրջ չեն վերաբերվել:

 

«Բոլորը ծիծաղում էին, տղաս զանգում էր, կատակում, թե՝ մամ,  էսօր ի՞նչ ես ստացել»,- ժպտում է Թամարան: 

 

Բարեհաջող ավարտելով դասընթացներն ու ներկայացնելով մրցունակ ծրագիր, Թ. Մատինյանը ՀԵԿԱ-ի կողմից ստանում է դրամաշնորհ՝  2 մլն 215 հզր դրամ արժողությամբ սարքավորումներ կիսաֆաբրիկատների արտադրություն սկսելու համար: Եվս 20 տոկոսի չափով սեփական ներդրում կատարելով, վերջինս ձեռնամուխ է լինում արտադրության կազմակերպման աշխատանքներին: Տոլմա, կոտլետ, պելմենի, շերտավոր խմոր, դոնդող, ապխտած խոզի  միս…Կարճ ժամանակում նորաստեղծ «Համեղ խորտիկի» արտադրատեսակները լայն ճանաչում են ձեռք բերում Ստեփանավանի տարածաշրջանում:

 

2016 թ.-ին Թ. Մատինյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից  տնտեսական զարգացման բնագավառում ունեցած ներդրման ու ակտիվ գործունեության համար արժանացել է  մրցանակի՝«Կին գործարարի լավագույն ապրանքանիշ» անվանակարգում:

 

Հաջողության գրավականը վերջինս համարում է տեղական բարձրորակ մսի ու ալյուրի համադրումն ու աշխատանքի նկատմամբ բարեխիղճ մոտեցումը: Առկա արդյունքը, սակայն, տիկին Թամարային չի գոհացնում:Վերջինս ցանկանում է ընդլայնել արտադրանքի տեսականին: Ծավալների ընդլայնման համար, սակայն, լրացուցիչ  ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Թոշակառու գործարարին բանկերը մերժում են վարկ տրամադրել:

 

Ստեփանավանի մի խումբ գործարարների հետ խորհրդակցելով, կին գործարարը որոշել է նրանց անունից առաջարկներ ներկայացնել ՀՀ վարչապետին: Առաջարկներից առաջնայինը հարկային քաղաքականության մեղմացմանն է  վերաբերում:

 

«Արտերկրում սկսնակ գործարարին  երեք տարի հարկային արտոնություններ են տալիս, ազատում հարկերից, մինչև բիզնեսը ոտքի կանգնի, իսկ մեզ մոտ առաջին օրից հարկվում ենք»,- ասում է նա, ընդծելով, որ  խրախուսանքի ու աջակցության կարիք ունեն  հատկապես կին գործարարները:

Վստահ է՝ երկրի տնտեսության հիմքում մանր ու միջին բիզնեսի զարգացումը պետք է լինի: Անհրաժեշտ հոգածություն, սակայն, դեռևս չի նկատում: «Ամբողջ օրը փոքր ու միջին բիզնեսից են խոսում, բայց մեջը բան չկա:Այնքան լավ մտահղացումներով երիտասարդներ ունենք, որոնց այսօր պետության աջակցությունն է  անհրաժեշտ», – ասում է նա ու թվարկում դժվարությունների առաջ կանգնած գործընկերների անունները:

 

Չնայած խնդիրներին, 65-ամյա գործարարը վստահորեն նշում է՝ ինչ գնով էլ լինի,  պետք է հասնեմ ամեն ինչի:  «Ես հույսս չեմ կտրում, դեռ փափագում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ես սկսել եմ ու պետք է հասնեմ ավելիին: Ծրագրեր շատ ունեմ. արտադրամասի համար նոր տարածքի, առաքման մեքենայի ձեռքբերում, փոքրիկ վաճառակետի ընդլայնում ու նոր սառնարանների տեղադրում… Պետք է ամեն ինչ հասցնեմ: Հետո, երբ տարիքս արդեն մեծ կլինի, արտադրամասս կնվիրեմ թոռներիս, որ շարունակեն գործս»:

 

Գայանե Սարգսյան

Դիտումների քանակը` 1167

Վերադառնալ վերև