Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Թեհմինա Վարդանյան. «Ուզում եմ տեսնել քաղաքն առողջ, անհոգ ու ժպտացող»

Երևանի ավագանու ընտրություններում «Ելք»  դաշինքի ցուցակով առաջադրված Թեհմինա Վարդանյանը  մասնագիտությամբ  միջազգային  լրագրող է , ունի  նաեւ  սոցիոլոգիայի եւ բիզնեսի կառավարման  ոլորտներում աշխատելու  որոշակի փորձ: Ընտրություններում առաջադրվելու որոշումը   կայացրել է ընդդիմադիր դաշտում  երկար տարիներ ակտիվ մասնակցությունից հետեւանքով:

 

Ո՞րն է Ձեր ու Ձեր թիմի հիմնական ասելիքը երևանցիներին, ինչո՞ւ երևանցին պետք է Ձեզ ընտրի:

 – Այսօր Երևանը գտնվում է կարելի է ասել ճգնաժամային իրավիճակում: Ոչինչ իր տեղում չէ, ոչ ոք իր տեղում չէ: Ամենևին պետք չէ քաղաքականությամբ զբաղվել` դա տեսնելու  ու արձանագրելու համար: Այսօր մենք կայուն այլընտրանք ենք, մեր պրոֆեսիոնալ և գրագետ թիմով կարող ենք քաղաքը դուրս բերել ստեղծված իրավիճակից: Մենք առաջարկում ենք մեր իրատեսական ծրագիրը, որը լուծելու է հասարակության բոլոր շերտերին վերաբերող խնդիրներ:

 

Ինչպե՞ս եք գնահատում գործող ավագանու աշխատանքը, ձեռքբերումներ տեսնու՞մ եք  

 – Գիտեք, երեխան, երբ ծնվում է, նորածին չի մնում, օր օրի մեծանում է: Նույնն էլ քաղաքն է: Վերջին տարիների ընթացքում ավելացել են խաղահրապարակներ, վերանորոգվել որոշ բակեր, կառուցվել նոր բազմաֆունկցիոնալ սպորտային համալիրներ,  այն էլ մասնավոր ներդնողների կողմից, նոր շինություններ  , ի դեպ, զգալի մասը ապօրինի… Մոտավոր կազմակերպվել է աղբահանություն, շեշտում եմ՝ մոտավոր, ավելացվել է թվով 36 լուսացուցային օբյեկտ, կառուցվել 8 վերգետնյա անցում… Բայց, հավատացեք, դրանով ամենևին չի բարձրացել երևանցու կյանքի որակը: Մնացել են հզարավոր  խնդիրներ, որոնց վրա քաղաքապետարանը ուղղակիորեն աչք է փակում: Քարոզարշավի ընթացքում բակ առ բակ շրջելով համոզվում ենք, որ չկա ոլորտ, որում ներկայիս քաղաքային իշխանությունը թերացած չլինի և լուրջ բացթողումներ չունենա: Կարծում ենք,  գործող քաղաքապետը  օգտագործել է իր՝ ի պաշտոնե եկող ներուժի ոչ ավելի քան 5 %-ը:

 

Երևանի ավագանու ընտրություններն ըստ Ձեզ քաղաքակա՞ն են:

– Այո, այս ընտրությունները համարում եմ շատ կարևոր և քաղաքական ընտրություն: Ընտրական իրավունքը դա քաղաքական իրավունք է, իսկ քաղաքական իրավունքի գործընթացը չի կարող չլինել քաղաքական:

 

 

Երևանի քաղաքապետի պաշտոնին առաջին անգամ կին թեկնածու է հավակնում: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:

– «Եթե կինն իրավունք ունի բարձրանալ կառամատույց, նա պետք է իրավունք ունենա նաև բարձրանալ հարթակ». 1971 թվականին ֆրանսիական հեղափոխության ժամանակ ասել է Օլիմպիա դե Գուժը, ում դա կյանք է արժեցել: Ամբողջովին կիսում եմ համարձակ կնոջ կարծիքը: Ժամանակի ընթացքում կանանց քաղաքական մասնակցությունն առաջընթաց է ապրել: Կոտրվել են կարծրատիպերը: Ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ տիկին Փոստանջյանն ուզում է իրեն փորձել նաև որպես ավագանի կամ քաղաքապետի թեկնածու:

 

Որքանո՞վ է մեր երկրում օգտագործվում կանանց ռեսուրսը և ինչո՞վ է կարևոր կանանց դերը քաղաքականության մեջ:

– Փաստացի, կինը քաղաքական դաշտում գնալով ավելի է ամրապնդում իր դիրքերը: Գովելի է, որ վերջին տարիներին հայաստանյան իրականության մեջ նույնպես ի հայտ են գալիս նաև կին քաղաքական գործիչներ: Պատմական կանայք ապացուցել են «թույլ սեռը» ունակ է իր վրա վերցնել խնդիրներ և բարդություններ, որոնք սովորաբար տղամարդու առավելություններ են համարվում: Կինն ունի սեփական սոցիալական հետաքրքրություններ, ավելի էֆեկտիվ և նպատակադրված է աշխատում և հետևողական հասնում շոշափելի արդյունքի: Հայ կինը միշտ աչքի է ընկնում արժանապատվությամբ և ինտելեկտով: Կարծում եմ, վերը նշված փաստարկները բավարար են, որ Հայաստանում կարևորվի և խրախուսվի կնոջ քաղաքական դաշտում գործելու մշակույթը:

 

Վաղվա Երևանի Ձեր տեսլականը:

 -Երևանն այս պահին ինձ հիշեցնում է քաղցկեղով հիվանդի, ում ողջ մարմինը լի է մետաստազներով, բայց դեմքին շպար է արված: Ես ուզում եմ տեսնել քաղաքն  առողջ, անհոգ ու ժպտացող: Երևանն իմ ծննդավայրն է, իմ քաղաքը, ջերմության  իմ կենտրոնն է աշխարհում: Եվ, հավատացեք, մեր թիմը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի վերականգնի Երևանի անհոգ կյանքն ու ժպիտը…

                                                                                                                            

Գայանե Սարգսյան

Դիտումների քանակը` 830

Վերադառնալ վերև