Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Թերի է օրենսդրությունը, որը  թույլ չի  տալիս ապահովել ընտանեկան բռնության արդյունավետ պաշտպանություն և  կանխարգելում»․ ՄԻՊ

Բացարձակ մերժելի է բռնության ցանկացած դրսևորում, – այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ մարտի 5-ին Գյումրիում ծեծի հետևանքով 43-ամյա կնոջ մահվան ու երեխայի բռնության ենթարկվելու մասին հրապարակումները մանրամասն ուսումնասիրելուց հետո:

 

 

Հիշեցնենք, որ նախօրեին Գյումրիում 28-ամյա տղամարդը  դաժանորեն ծեծել էր 43-ամյա կնոջը, ով ստացված վնասվածքներից ժամեր անց (մոտ 8 ժամ անց) մահացել է տանը:  Կնոջ 12-ամյա դուստրը, ով նույնպես ծեծի է ենթարկվել, վիրահատվել է  և այժմ գտնվում է   «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում , անգիտակից վիճակում, միացված է արհեստական շնչառության սարքին: Նա ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:  

 

 

Մորը և դստերը դաժան ծեծի ենթարկած անձը, ով նախնական տվյալներով  սպանված կնոջ զուգընկերն է եղել,  ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի առաջին և 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ:

 

 

Խոսելով դեպքի  ողբերգական հետևանքի՝ կնոջ մահվան մասին, ՄԻՊ-ը  հատկապես մտահոգիչ է համարել այն փաստը,  որ բռնության է ենթարկվել նաև երեխա։

 

 

«Բռնությունն առհասարակ ու այս տեսակ բռնությունը, մասնավորապես, կարող է անդառնալի հետևանքներ ունենալ կնոջ կամ երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջության, երեխայի դեպքում նրա հետագա զարգացման վրա: Այս տեսակ բռնությունն անմիջականորեն է խարխլում ընտանեական արժեքներն ու հակասում երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի էությանը, երեխայի լավագույն շահերի գաղափարին:

 

Ցավոք, հասարակությունում դեռևս հաղթահարված չեն կանանց վերաբերող կարծրատիպերը: Սա կարևոր գործոն է, որ բացասական ազդեցություն է ունենում կանխարգելման ողջ գործընթացի վրա:

 

Համակարգային առումով՝ սկսած քննության սկզբնական փուլերից մինչև դատական վերջնական ակտի կայացում, այս գործերի քննության արդյունավետ մեխանիզմ առկա չէ: Թերի է օրենսդրությունը, որը հնարավորություն չի տալիս ապահովել բռնության ենթարկված անձանց արդյունավետ պաշտպանություն, լիարժեք բացահայտում և հետագա հնարավոր դեպքերի կանխարգելում: Դրանից բացի, պրակտիկան նույնպես խնդրահարույց է: Այստեղ անհրաժեշտ է կատարելագործել քննության սկզբնական փուլերը, իրավապահ մարմինների արագ արձագանքը, պետք է ապահովել նրանց անհրաժեշտ մասնագիտացումը:

 

Դա պետք է անել այնպես, որ քննությունը ոչ թե սահմանափակվի գործից գործ քննությամբ ու այն էլ խնդիրներով, այլ պետք է մանրամասն վերլուծվեն այդ արարքների կատարման պատճառներն ու նպաստող պայմանները ու պրակտիկան ապահովել՝ ըստ այդ արդյունքների», – եզրափակել է  ՄԻՊ-ը՝ նշելով, որ իր իրավասության սահմաններում այս գործը կլինի նրա  ուշադրության ներքո։

 

 

Նշենք, որ ՀՀ կառավարությունը վերջին ամիսներին  շրջանառության մեջ էր դրել Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։  Նպատակը բռնության ենթարկված անձանց օգնության մեխանիզմների հստակեցումն է։

 

 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ բռնության ոչ բոլոր դրսևորումները  և ոչ բոլոր հարաբերություններն են ընդգրկվում գործող իրավակարգավորման շրջանակում: Այսպես, օրինակ, վիճակագրական տվյալները փաստում են, որ ընտանեկան բռնության տարածված դրսևորումներից է վերահսկող վարքագծի կիրառումը, որը նույնպես պահանջում է կանխարգելման կամ պաշտպանական համարժեք միջոցների ձեռնարկում: Մինչդեռ, Օրենքը վերահսկող վարքագիծը որպես ընտանեկան բռնության տեսակ առհասարակ  չի սահմանում, ինչի արդյունքում բռնության տվյալ դրսևորումը զրկված է որևէ իրավական կարգավորումից:

 

Օրենքում հաշտեցման ընթացակարգի սահմանումը գործնականում  խոչընդոտում է բռնության ենթարկված անձանց հասնելու արդյունավետ իրավական պաշտպանության և խախտված իրավունքի վերականգնման: Հաշտեցման գործընթացին պետության որևէ միջամտությունը պետք է բացառվի, քանի որ այն հակադրվում է ընտանեկան բռնության դեպքերի բարձր հանրային վտանգավորության, տուժողի բողոքից անկախ քրեորեն հետապնդելի լինելու և համաչափ, արդարացի ներգործության միջոցներ պահանջելու սահմանված ուղենիշերի հետ: Քննարկվող ոլորտում պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի ընտանեկան բռնության դեպքերը կանխարգելելուն, բռնության կրկնումը կամ շարունակումը բացառելուն, այլ ոչ թե նպաստի բռնություն գործադրած անձի նկատմամբ բացասական ներգործության միջոցները վերացնելուն:

 

Oրենքը որպես բռնության ենթարկված անձ չի դիտարկում երեխային, ով անմիջականորեն ականատես է եղել բռնության կիրառմանը և/կամ կրել է այդ բռնության բացասական հետևանքներն իր վրա (անուղղակի զոհեր), հայտնվելով, ըստ էության, խիստ խոցելի, հոգեբանորեն ծանր վիճակում:

 

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Աջակցության կենտրոնի կարգավիճակ ունի միայն պետական կազմակերպությունը: Նման սահմանափակումը չի նպաստում քաղաքացիական հասարակության հետ գործակցային կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը և անտեսում է մասնագիտացված կազմակերպությունների ներուժը (կազմակերպական, նյութական և մարդկային (մասնագիտական)  և փորձը: Այս առումով նպատակահարմար կլինի աջակցության կենտրոնի կարգավիճակ թույլատերլ նաև ոչ պետական կազմակերպության համար:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

«Դու մենակ չես» . ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար աջակցության կենտրոնների և ապաստարանների ցանկ

Ինչպե՞ս է պետությունն օգնում ընտանեկան բռնության ենթարկված անձանց

Ինչպե՞ս պետք է աշխատի ոստիկանությունը ընտանեկան բռնությունից տուժածների և բռնարարների հետ  

Human Rights Watch. Հայաստանում ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր

Ովքե՞ ր են ընդգրկվել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմում

ԵԽԽՎ համազեկուցողները հիշեցրել են  Ստամբուլի և Լանցարոտի կոնվենցիաների վավերացման մասին

 

 

Ինչ են փաստում հետազոտությունները .

 

«Կնասպանությունը Հայաստանում. լուռ համաճարակ». զեկույց

Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց

«Իմ ընտանիքը, ես ու ապերս ենք…»

«Կինը պետք է լռի». հետազոտության մանրամասներ

«Մենք հակված ենք հանդուրժել նաև այն ընտանիքը, որտեղ բռնություն կա». հետազոտություն

«Իմ տղան ինձ է պաշտում, ես՝ իրեն, հարսն ով է…». սկեսուրների դերակատարումը տղաների ընտանիքներում

Հայ  կանայք դարձել են ավելի ինքնուրույն, սակայն հիմնականում վաստակում են  ամուսնուց ավելի քիչ. հետազոտություն

Գենդերային հավասարությունը տղամարդկանց ընկալումներում. հետազոտություն

Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ

 Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց

Հայկական սերիալների խեղված արժեքները / տեսահոլովակ

 

 

Դիտումների քանակը` 338

Վերադառնալ վերև