Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ժենյա Ազիզյան. «Բոլոր աղջիկները գնում էին պարի խմբակ, իսկ ես՝ ծրագրավորման»…

Այս օրերին   Երևանում  անցնում է  8-րդ ամենամյա միջազգային  Digitec-2012  տեխնոլոգիական ցուցահանդեսը` «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսով: Այցելելով ցուցահանդեսը փաստեցինք  ուրախալի  մի փաստ՝  տարեցտարի աճում  է նրա  հեղինակությունը, ավելանում է տեղական և արտասահմանյան մասնակիցների և այցելուների քանակը, մի խոսքով ՏՏ ոլորտը Հայաստանում իրոք  բարձունքի վրա է գտնվում:   Դրա հետ մեկտեղ փորձեցինք պարզել ՝ ի՞նչ չափով են այս ոլորտում ներկայացված կանայք :

 

Պարզվում է , որ կարծրատիպային պատկերացումները  իրականությունից  ետ են մնացել՝  այսօր ոլորտում գործող   շուրջ 350 ընկերություններում կին-աշխատակիցները մոտավորապես  մեկ երրորդն են կազմում: Այլ հարց է , որ  կազմակերպություների ղեկավար կազմում կանայք շատ քիչ են ներգրավված:

 

 

Վերջին տարիներին հայ կանայք սկսել են ավելի ակտիվ   մուտք  գործել տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնես, ասում է մեր զրուցակից՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրի ղեկավար Ժենյա Ազիզյանը, ով մինչ այդ  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում զբաղեցրել է լուրջ պաշտոններ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ կապված : Այսօր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում Ժենյա Ազիզյանի պատասխանատվության տակ են գտնվում մի շարք ծրագրեր, մասնավորապես,  «Համակարգիչ բոլորի համար», Մայքրոսֆթ ինովացիոն կենտրոնի հիմնման ծրագրերը և այլն:

 

 

– Ինչպես ստացվեց , որ հատկապես այս ոլորտն ընտրեցիք  աշխատանքային կարիերայում:

 

Համալսարանն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի եմ անցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ, բայց այնպես ստացվեց, որ աշխատանքի բերումով մասնագիտական ունակություններն այնքան էլ պետք չեկան, չնայած  մտածելակերպի տեսակետից մասնագիտությունը օգուտ է տալիս:

Պետական համակարգում աշխատանքի անցնելուց հետո կամաց-կամաց՝ առաջին կարգի մասնագետից հասա մինչև գլխավոր մասնագետի պաշտոնի, հետո նախարարությունների միավորումից հետո հայտնվեցի Առևտրի և արդյունաբերության նախարարությունում, որտեղ գիտատեխնիկական զարգացման վարչության հենքի վրա ստեղծվեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչությունը,  և ես իմ իսկ ցանկությամբ գնացի այդ վարչություն՝ գիտակցելով, որ ապագան տեղեկատվական տեխնոլոգիաներինն է, որ առանց ՏՏ-ի արդյունաբերությունը հետընթաց կապրի: Գուցե ոմանց թվա, որ հայտնվեցի կնոջը ոչ սազական վարչությունում, բայց դեռ դպրոցական տարիներին, երբ մեզ տանում էին ուսումնաարտադրական պրակտիկայի, աղջիկները գնում էին պարի խմբակներ, իսկ ես՝ ծրագրավորման: Երևի այդ ժամանակ արդեն կանխորոշված էր ապագաս:

 

 

Կարծրատիպ կա, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տղամարդկանց համար է, և ոլորտում լուրջ հաջողությունների են հասնում  միայն նրանք…

 

– Ես այդ կարծիքին չեմ: Միգուցե իմ երիտասարդ տարիներին դա այդպես էր, մաթեմատիկական կամ կիրառական ֆակուլտնետներում նույնիսկ ուսանողների թվի հարաբերակցությունից պարզ կդառնար, որ դա տղամարդկանց համար է, բայց պետք է գիտակցել, որ այդ ոլորտը ևս աղջիկներին դժվար չի տրվում: Այսինքն՝ լինելով մաթեմատիկ, թույլ եմ տալիս ասելու, որ մեր կուրսի բազում տղաներից ինձ մոտ մաթեմատիկան շատ ավելի լավ էր ստացվում…

 

 

– Այդ դեպքում ինչո՞ւ է ոլորտում առաջին, երկրորդ դեմքերի մեջ կանայք ավելի քիչ տեղ զբաղեցնում,  թեև շարքային աշխատողների թվում, նրանք  ավելի շատ են:

 

– Պետք է նշեմ, ծրագրավորողները և ինժեներները, որպես կանոն,  այդքան էլ բիզնես մտածելակերպ չունեն` անկախ նրանից կին են, թե՝ տղամարդ: Այսինքն,  նրանց համար անցում կատարել դեպի բիզնես, դեպի ղեկավար պաշտոն, կարծում եմ,  մի քիչ դժվար է: Բացի այդ, կանայք ընդհանրապես քիչ են ղեկավար պաշտոններում եւ ոչ միայն այս ոլորտում:  Սակայն այստեղ էլ  կարելի է այդ ստերոտիպը կոտրել և առաջ անցնել, քանի որ ՏՏ ոլորտում չկա հատուկ ինչ-որ խտրականություն, ի վերջո խնդիրներն ընդհանուր են բոլորի համար: Ուղղակի կարծում եմ՝ նպատակադրման եւ ցանկության  հարց է:

 

Նկատենք, որ Հայաստանում տարեցտարի ծրագրավորող աղջիկների թիվն ավելանում է, իսկ ղեկավար լինելու համար՝ լինի բիզնեսում կամ որևէ այլ բնագավառում, առաջին հերթին պետք է կազմակերպչական ունակություններ ունենաս:  Ի դեպ, տղամարդիկ էլ նոր-նոր են սկսում իրենց ՏՏ ոլորտում դրսևորել: Շատ երիտասարդ տղաների համար էլ այս ոլորտը անորոշ ու վտանգավոր է թվում, բայց կարծում եմ, որ աստիճանաբար կանայք նույնպես ոլորտում առաջին կամ երկրորդ տեղերը կզբաղեցնեն:

 

Կոնկրետ մեզ մոտ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում, աշխատողների 80 տոկոսը կանայք են: Ինչքան էլ ծրագրավորողների մեջ տղամարդիկ շատ լինեն, բայց ոլորտի բիզնես միջավայրի կարգավորման հարցերով այս պահին կանացի թիմ է աշխատում, նույնիսկ ՀՀ էկոնոմիկայի տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչությունում է այդպես, այնտեղ նույնպես հիմնականում կանայք են աշխատում:

 

– Ինչը ձեզ ստիպեց, որ պետական համակարգից տեղափոխվեցիք մասնավոր հատված:

 

– Մի պահ հասկացա, որ ինձ պետական համակարգում սպառել եմ, այսինքն՝ այն հայեցակարգերը, որոնք անքուն գիշերների արդյունքում գրվել են ոլորտի զարգացման համար, պետք է իրականացվեր պետական-մասնավոր հատվածի մասնակցությամբ: Ես համարեցի, որ մի փուլն այնտեղ անցել եմ, հասել եմ առավելագույնին և առաջ գնալը, կարիերան շարունակելն ինձ այլևս չէր հետաքրքրում: Ես հասկացա, որ ավելի պիտանի կլինեմ, եթե այդ հայեցակարգի կյանքի կոչմանն ու իրականացման համար աշխատեմ, քան մնամ պետական համակարգում:

 

 

– ճի՞շտ են ասում , որ կանանց մասնակցությունն ավելացնում է բիզնեսի արդյունավետությունը:

 

– Ինչպես ընտանիքում (ժպտում է): Ինձ թվում է՝ ճիշտ է, իհարկե նայած կին և նայած տղամարդ, ամեն ինչը հարաբերական է:

 

 

Ի՞նչն է խանգարում հայ կնոջը ավելի շատ ներգրավված լինել  բիզնեսում:

 

– Կարծում եմ՝ մտածելակերպը, ուրիշ ոչինչ: Չնայած հիմա այդքան էլ այդպես չի, միգուցե իմ շրջապատն ինձ խաբուսիկ վիճակագրություն է տալիս: Իմ շրջապատում ինձ ծանոթ կանաց 80 տոկոսը, եթե բիզնես չի ղեկավարում, ապա բիզնես մտածելակերպով և բիզնես երազանքներով մարդիկ են: Աստիճանաբար շատ բաներ փոփոխվում են, եթե տարիներ առաջ կինը երազում էր հարուստ ամուսին ունենար, տանը նստեր, վարսավիրանոց գնար, ապա հիմա այդպես չի: Բայց միգուցե դա գալիս է նրանից, որ մեր տղամարդիկ մի քիչ «թամբալացել» են, և իրենց վարվելակերպով ստիպում են, որ կանայք նաև դրսի դերակատարության մի մասը իրենց վրա վերցնեն:

 

-Իսկ  Ձեր ղեկավար աշխատանքը ընտանիքին չի՞ խանգարում:

 

– Իհարկե խանգարում է, բարեբախտաբար աղջկաս  մոտ ոլորտի հանդեպ հետաքրքրություն առաջացավ,եւ գոնե  գործի բերումով միասին ենք: Երեւի թե  տեսավ, որ միակ տեղը, որտեղ կարող է ինձ գտնի՝ ՏՏ ոլորտն է, ուստի որոշեց ինքն էլ այդ ուղղությամբ գնալ:  Ընդհանուր առմամբ, տան գործերին էլ , ինչպես աշխատանքիս վերաբերվում՝ կարեւորը որ հետաքրքրիր լինի ու բավարարված լինեմ իմ արածով:  Այն օրերին, երբ ես խոհանոցում եմ, ընտանիքիս համար երջանկություն է, քանի որ այնտեղ ես ստեղագործում եմ:  Բացի խոհանոցից կար ու ձև էլ եմ սիրում: Մեր տան վարագույրները, ծածկոցները իմ ստեղծագործությունն են: Փոքր ժամանակ աղջկաս ամբողջ հագուստները ես էի կարում: Մի խոսքով՝  գործունյա կնոջ կերպարից այդ առումով շեղվում եմ….

 

Մերի Մարգարյան

 

 

 

Հ.Գ. Ընդհանուր առմամբ , աշխարհում  ՏՏ ոլորտի ղեկավար պաշտոններում կանայք միայն  3 տոկոս են կազմում, բայց   Forbes ամսագրի տվյալներով այսօր  խոշոր ինտերնետային ընկերությունների բարձրաստիճան ղեկավար պաշտոններում կանայք, ավելի շատ են, քան բիզնեսի այլ՝ ավանդական  ոլորտներում: Google -ի, Yandex-ի, Facebook-ի, Flickr-ի ամենաբարձր ղեկավար պաշտոնները զբաղեցնող կանանց մամուլը   « համացանցի թագուհիներ» է անվանում:

 

 

Կարդացեք նաեւ այս  թեմայի շուրջ մեր կայքում.

Համացանցի թագուհիները

 

 

 

Դիտումների քանակը` 3461

Վերադառնալ վերև