Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

 

Այս հարցի պատասխանը կոչված էր տալ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր հրավիրված «Ժողովրդագրական մարտահրավերները ՀՀ-ում» համաժողովը:  Ֆորումի  նպատակն էր վեր հանել երկրի առջև ծառացած ժողովրդագրական մարտահրավերները և ներկայացնել դրանց վերաբերյալ խորքային ուսումնասիրություններ, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի համապատասխան լուծումներ ուրվագծել:

 

Համաժողովի շրջանակում ներկայացվեցին տարբեր զեկույցներ, որոնք առնչվում են  մի շարք մարտահրավերների` ծնելիության ցածր ցուցանիշ, արտագաղթ, աշխատանքային միգրացիայի վտանգներ և այլն:  Բանախոսները փորձում էին  ոչ միայն   ուշադրություն հրավիրել Հայաստանի առջև ծառացած այդ խնդիրներին, այլ    բացահայտել դրանց  հիմքում ընկած խորքային  պատճառները:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի  գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը լրագրողներին տեղեկացրեց, որ համաժողով անցկացնելու գաղափարի հիմքում  այն մտադրությունն էր, որ անհրաժեշտ է հավաքագրել բոլոր  ուսումնասիրությունների տվյալները ու նաև գիտական միտքը  ժողովրդագրական  խնդիրների լուծմանն ուղղված   քաղաքականություն մշակելու համար.

«Հայաստանն այսօր լուրջ  ժողովրդագրական մարտահրավերի առաջ է կանգնած, որն արտահայտվում է ծնելիության ցուցանիշների նվազմամբ, միգրացիոն հոսքերի ավելացմամբ, նաև բարձր է  մահացության ցուցանիշը: Կարելի է ասել, որ ծնելիության, ծերացման և մահացության ցուցանիշները Հայաստանում բավականին մատահոգիչ են»,- նշեց ՄԱԲՀ-ի ներկայացուցիչը: Նա տեղեկացրեց, որ վերջին մեծ հետազոտությունը միգրացիայի վերաբերյալ Հայաստանում անցկացվել է է 2007-ին ՄԱԿ-ի բանկչության հիմնադրամի աջակցությամբ, այն միտված է եղել վերհանելու միջազգային միգրացիայի ազդեցությունը Հայաստանի տնային տնտեսությունների  վրա և պատասխանել, մասնավորապես, այն հարցին, թե արդյո՞ք աշխատանքային միգրացիան բերում  է ընտանիքների արտագաղթին: Ըստ ներկայացված զեկույցի մանրամասների` այո, աշխատանքային միգրանտ ունեցող ընտանիքները ավելի քիչ են սոցիալապես կապված համայնքի հետ, քիչ ներդրում են ունենում  համայնքային կյանքում և որպես կանոն ավելի շատ են հակված արտագաղթելու:

 

Գ.Հայրապետյանի նշեց նաև , որ վերջին  տարիների պատկերը հասկանալու համար արդեն  անցկացվել է մեծ հետազոտություն  և մինչև տարեվերջ դրա արդյունքները կներկայացվեն հանրությանը:

 

Հայաստանի մարտահրավերներին անդրադարձավ նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ  Բրեդլի Բուզետտոն, ով իր ելույթը սկսեց  ակնարկով.

 

«Ինձ հաճախ հարց են տալիս` ինչո՞ւ է ՄԱԿ-ը դեռ Հայաստանում, չէ որ Հայաստանը գնալով ավելի բարեկեցիկ է դառնում: Ի պատասխան  միշտ նշում եմ ժողովրդագրական մարտահրավերները, որոնք խորը խնդիրների ախտանշաններ են և որոնք լրջագույնս վերաբերմունքի են արժանի: Դրանք են` արտագաղթը, տարեցների թվի ավելացումը, ծնելիության ցածր ցուցանիշը և այլն »,- նշեց նա` հավելելով, որ այդ մարտահրավերները մտահոգում են ոչ միայն ՀՀ կառավարությանը, այլև միջազգային հանրությանը:

 

Նա ևս այն կարծիքին է, որ խնդիրը հնարավոր է լուծել համակարգված և  ճիշտ քաղաքականություններ մշակելով.

 

«Շատ կարևոր է ժամանակին մշակել  համապատասխան քաղաքականությունները, որոնք ուղղված կլինեն ոչ միայն առկա մարտահրավերների բացասական ազդեցությունների մեղմանը, այլև գտնելու և օգտագործելու  են այդ երևույթներին հատուկ նաև դրական հնարավորությունները»,- շեշտեց պարոն Բուզետտոն:

Համաժողովի բացմանը ներկա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանն էլ իր խոսքում նկատեց, որ մարտահրավերների լուծման համար կարևոր է ոչ միայն ճիշտ, այլև գենդերային  զգայուն  քաղաքականություն մշակել, դրանով իսկ նպաստելով որպեսզի պաշտպանված լինեն  և  կանանց, և  տղամարդկանց  շահերը, որպեսզի  կանայք և տղամարդիկ իսկապես հավասար հնարավորություններ ունենան , և ոչ թե ժամանակ ծախսել անհարկի շահարկումներին, որոնց  մեզանում  այսօր ենթարկվում է գենդերային հավասարության  թեման:

 

Իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ներկայացնելով նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը նշեց, որ ժողովրդագրական ցուցանիշները   իսկապես մտահոգիչ են ու գտնվում են պետության ուշադրության կենտրոնում.

 

«Պետությունը քաջ  գիտակցում է ժողովրդագրական մարտահրավերների բարդությունը և հակված է այդ խնդիրներին ավելի լուրջ, ավելի համակարգված լուծումներ տալ»,- ընդգծեց փոխնախարարը թվարկելով խնդիրները` 35 տոկոսի շեմն անցած աղքատություն, գործազրկության բարձր ցուցանիշ, արտագաղթ, որը ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել, նաև տարածքային համաչափ զարգացման լրջագույն խնդիր.

 

«Իհարկե, ամենավտանգավոր միտումն այն է, որ ծնելիության գործակիցը Հայաստանում գնահատվում է 1.5, իսկ սա բավականին ցածր ցուցանիշ  է և չի ապահովում բնակչության  նույնիսկ պարզ վերարտադրությունը »,- ընդգծեց Արայիկ Պետրոսյանը, նշելով, որ բնակչության վերարտադրումը ապահովված է համարվում, եթե նշված գործակիցը  լինի 2-ից բարձր (2 եւ ավել երեխա ընտանիքում):

 

Նշենք, որ  համաժողովում ներկայացվեց նաև «Հայաստանի բնակչության թվի անկումը» զեկույցը, որի համար հիմք է ծառայել Քոլոլյան հիմնադրամի օգնությամբ իրականացված ընդգրկուն հետազոտությունը և որն իր մեջ առաջարկություններ է պարունակում ստեղծված իրավիճակը մեղմելու կապակցությամբ: Դրանց թվում, մասնավորապես, ՀՀ կառավարությանն առաջարկվում է`

 

  • բարեփոխել կրթական համակարգը` շուկայի կողմից պահանջարկ վայելող մասնագետներ պատրաստելու նպատակով;
  • ավելի բարենպաստ պայմաններ ապահովել մանր ու միջին ձեռնարկատիրության համար;
  • բարեփոխել դատաիրավական համակարգը, որպեսզի բոլոր բիզնեսները` փոքր թե մեծ, օրենքի առջև հավասար իրավունքներ ունենան;
  • ապահովել կառավարման մարմինների թափանցիկությունը, և այլն:

 

Մի խոսքով, պայմաններ ստեղծել,որպեսզի մարդիկ կարողանան իրենց  իսկ աշխատանքով  ապահովել իրենց ընտանիքների բարօրությունը:  Թեպետ դա իհարկե ժողովրդագրական մարտահրավերներին դիմակայելու միակ նախապայմանը չէ…

 

 

Էնզելա Մակարյան

Կարդացեք մեր կայքում.

 

Ռիտա Սարգսյան. «Թող այս ծրագիրը այն արագիլը դառնա, որը երեխաների ուրախ ճիչերով կերջանակացնի մեր ընտանիքները…»

 

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

Հայաստանի բնակչության 14.4 տոկոսը 60-ից բարձր տարիքի է

 

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

 

Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում

 

«Պետք է անել ամեն բան, որ ոչ մի մանկան ու մոր սիրտ չդադարի բաբախել»…

 

«Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»…

 

«Երջանկացրեք և երջանիկ կլինեք» / վիդեո

 

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

 

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք 

 

Դիտումների քանակը` 3968

Վերադառնալ վերև