Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ինչու՞ են կանայք խուսափում քաղաքական պայքարից

«Ընտրապայքարից կանանց  խուսափելու  ամենագլխավոր խոչընդոտը այդ  դաշտում  քրեական տարրերի առկայությունն է, թեպետ դրանով չի սահմանափակվում  դեպի քաղաքականություն կանանց մուտքը արգելակող պատճառների բավական  պատկառելի ցանկը»,  –  այսպիսի տեսակետ  հայտնեցին   «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի փորձագետները «Օքսֆամ» կազմակերպության նախաձեռնությամբ  օրերս  կազմակերպված   «Կանանց մասնակցությունը 2012 –ի  ԱԺ ընտրություններում» թեմայով քննարկման ընթացքում:

 

«Կովկաս» կենտրոնի ղեկավար , Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության  կայացման հարցերի  հանձնաժողովի  նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացմամբ  նշված  թեմայի ուսումնասիրությունը  կենտրոնի  համար որոշակի պատմություն ունի: Դեռևս 2010 -ին անցկացրեցին սոցիոլոգիական մի հարցում հասարակական- քաղաքական մասնակցության գենդերային ասպեկտների վերաբերյալ, ըստ որի, բացահայտվեցին կանանց քաղաքական մասնակցությունը խոչընդոտող մի քանի խնդիրներ:

 

 Այդ նույն հարցադրումը  ծագեց ներկայումս՝   խոհրդարանական ընտրություններում կանանց մասնակցությանը վերաբերող  Օքսֆամի հետազոտական ծրագրի շրջանակներում:  Այս անգամ  խոչընդորտող գործոնները ներկայացվեցին նաև ֆոկուս խմբերում՝ փորձագետների դատին, ինչի արդյունքում    որոշ առանձնահատկություններ ի հայտ եկան: Ինչպես, Հովհաննես Հովհաննիսյանը  բնորոշեց՝ արդյունքները հետաքրքրական են, ինչ- որ տեղ անսպասելի  և  տխուր:

 

Այսպես, փորձագետներին առաջարկվել էր գնահատել կանանց քաղաքական մասնակցությանը խոչընդոտող 14 գործոններ` 10 բալանոց սանդղակով: ( 1-ից՝ բացարձակապես չի խոչընդոտում մինչև  10-ը՝  առավելագույնն է խոչընդոտում:

Արդյունքում գործոնները բաժանվեցին   երեք  խմբի:

 

 

Առաջին խմբում, «Կովկաս»  կենտրոնի  գործադիր տնօրեն Աստղիկ Պետրոսյանի ներկայացմամբ,  ընդգրկվեցին առավել խանգարող հանգամանքները, որոնք ամենաբարձր են (7- 6 բալ) գնահատվել: Դրանք են.

–         քաղաքական պայքարում քրեական տարրերի առկայությունը,

–          ընտրապայքարի կոպտությունն ու ագրեսիվությունը,

–          կենցաղային և ընտանեկան հոգսերով կանանց ծանրաբեռնվածությունը,

–         նրանց ֆինանսական սուղ հնարավորությունները և

–         ընտրակաշառքները:

 

Երկրորդ խմբում առանձնացվեցին միջին չափով (5-6 բալ) խոչընդոտող գործոնները, որոնց թվում են.

–          ներկուսակցական  ժողովրդավարության պակասը,

–         գենդերային անհավասարակշռության հաղթահարմանն  ուղղված պետական քաղքականության  թերի լինելը,

–         կին թեկնածուների նկատմամբ անվստահություն ձևավորող կարծրատիպերի առկայությունը,

–         կանանց անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ,

–          հոգեբանական բարդույթներն ու զգուշավորությունը,

–          հայրիշխանական դիրքորոշումների գերակայությունը հանրային կյանքում, շրջապատի, հարազատների բացասական դիրքորոշումը:

 

Եվ վերջապես,  3-րդ խմբում  նշվել են խանգարող, բայց ոչ այնքան որոշիչ դեր ունեցող  հանգամանքները (4-5 բալ) , որոնց թվում են.

–         կանանց շրջանում քաղաքական ակտիվության և նախաձեռնողականության բացակայությունը,

–          քաղաքական գործընթացների բնագավառում կանանց փորձառության պակասը,

–         qաղաքական պայքարի և ընտրական տեխնոլոգիաների ոչ բավարար իմացությունը,

–         ԶԼՄ-ների կողմից կին թեկնածուների աջակցության պակասը,

–         կանանց ՀԿ-ների ոչ բավարար աջակցությունը և կանանց հասարակական շարժման չկայացվածությունը :

 

 

Ի դեպ, ինչպես նկատեց Հովհաննես Հովհաննիսյանը, 2010-ին անցկացված «Կովկաս» կենտրոնի  զանգվածային հարցումը մի փոքր այլ արդյունք էր տվել հիերարխայի առումով: Ըստ առաջնայնության հարցվողները նշել էին.  կանանց կողմնորոշվածությունը դեպի ընտանիք, կանանց անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ, հասարակական անվստահությունը, թերհավատությունը, կանանց առաջմղման մեխանիզմների բացակայությունը, հարազատների բացասական դիրքորոշումը:

 

Արդյունքները, ինչպես նշեցին բանանխոսները, դերևս նախնական են, սակայն արդեն իսկ մտորելու և իրավիճակը վերլուծելու, համեմատություններ անելոււ տեղիք են տալիս: Վերջնական արդյունքները կներկայացվեն սեպտեմբերին:

 

 

Լիլիթ Քոչինյան

 

 

 

 

Կարդացեք  նաև   քննարկման այլ մանրամասներ  մեր կայքում.

 

«Կանանց կոնսոլիդացիայի խնդիր ունենք հայ հասարակությունում»/վիդեո

 

Լարիսա Ալավերդյան. «Կանանց մուտքով է երկիրը փոխվելու»…

 

Լիլիթ Գալստյան. Մրցունակ, կիրթ կինը  ունակ չէ խաղալ Հայաստանում առկա քաղաքական խաղի կանոններով»:

 

Հայաստանի կանայք կուսակցություններում և ՀԿ-ներում

 

Մարգարիտա Հակոբյան. «Գենդերային հավասարությունը սկսվում է հենց Ազգային ժողովում»/վիդեո

 

 

Դիտումների քանակը` 2917

Վերադառնալ վերև