Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ինչու՞ է ձգձգվում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումը:

 

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունման ձգձգման  շուրջ WomenNet.am-ը զրուցում  է ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, փորձագետ Աննա Մարգարյանի հետ:  Ինչու՞ է  կառավարությունը  անընդհատ  հետաձգում այս օրենքի ընդունումը,  օրենքի նախագի՞ծն է անկատար  թե՞  այլ պատճառներ կան:

 

–  Նախագծի բովանդակության և դրանում առկա գաղափարների հետ ոչ մի խնդիր չկա:  Այլ հարց է, որ  այսօր Հայաստանի օրենսդրական ամբողջ դաշտը փոփոխությունների է ենթարկվում, խոսքս մասնավորապես վերաբերում է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերին, նաև Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքին : Իսկ դա նշանակում է, որ այդ փոփոխությունները  որոշակի խնդիրներ են առաջացնելու նախագծի կիրառման  հետ կապված և հենց սա նկատի ունենալով է կառավարությունը ձգձգում: Կառավարությունը ոչ թե ցանկություն չունի օրենք ունենալու, այլ հակառակը` ունի, որովհետև կառավարությունը ցանկանում է նաև  այս օրենքի մասով միջազգային պարտավորություններն  իրականացնել:

 

-Այսինքն,  ձգձգման հիմնական պատճառը փոփոխվող օրենսդրությու՞նն է:

-Խնդիրը նրանում է, որ եթե այսօր օրենքն ընդունվի, իսկ հետո կատարվեն  իմ կողմից մատնանշված փոփոխությունները և դրանք սկսեն գործել, ապա անխուսափելի են հակասությունները: Դրա համար կառավարությունն առաջարկում է , որ ավելի ճիշտ է օրենքից հանել այն մասերը, որոնք վերաբերում են Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերին, որպեսզի նրանք  մտնեն, համապատասխանաբար, մյուս օրենքների մեջ: Այսինքն մեխանիզմը մնա, բայց դա ոչ թե լինի ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծով, այլ ամրագրվի  մի քանի իրավական ակտերում:

 

-Այստեղից  կարելի է ենթադրել, որ հնարավոր է «Ընտանեկան բռնության մասին» օրենք չունենա՞նք:

– Ես չեմ բացառում, որ կարող է նման իրավիճակ ստեղծվի: Այս պահին մենք դեռ ստույգ միասնական կամ վերջնական լուծում չունենք: Նախագիծը որպես այդպիսին չի վերացվել, այն կա, բայց միաժամանակ կառավարության առաջարկած տարբերակն այն  է, որ դրա հիմնական գաղափարներն ու մեխանիզմները ամրագրեն  հիշատակված օրենսգրքերի համապատասխան ակտերով  և փորձեն այդ ամենը աշխատացնել: Այսինքն, ոչ թե մեկ օրենքում  կենտրոնացնեն, այլ մի քանիսում լինի:

 

–         Անդրադառնալով օրինագծի գաղափարախոսությանը, նշենք, որ տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ նման օրենքներով հաճախ նախատեսվում է ոչ թե բռնարարի, այլ ընտանեկան բռնության զոհի  մեկուսացումը, թեկուզ ապաստարան տրամադրելու միջոցով …

 

– Մեր  նախագծով  նման բան չի նախատեսում: Կոնկրետ առաջարկը, որ ընդունվել է աշխատանքային խմբի կողմից նա է, որ ով բռնություն գործադրում է, դա կլինի կինը թե ամուսինը, սկեսուրը, սկեսրարը կամ զոքանչը` ով ուզում է  լինի, ինքն է տանից դուրս գալու: Այսինքն, օրինակ, բռնության ենթարկված կինը իր համաձայնությամբ է գնալու ապաստարան, իսկ մնացած դեպքերում ՝առաջին արձագանքը լինելու է բռնություն գործադրողին տանից հեռացնել: Սա վրացական մոդելը չի, երբ զոհին տանում են ապաստարան, մեր` հայկական մոդելը լրիվ ուրիշ է` տնից դուրս է հանվելու բռնություն գործադրողը և  նրա նկատմամբ կատարվելու  է հոգեբանական ներգործություն և այլն: Իհարկե սեփականությունից նրան չեն կարող զրկել, բայց զուտ արձագանքման և կանխման տեսանկյունից նախապատվությունն  այն է, որ պետք է դատարանը հենց նրան ժամանակավորապես հանի տանից:

 

-Քանի որ Հայաստանում դեռ գերակշռում են ավանդական ընտանիքները` սկեսուր-սկեսրարով և այլն, ապա Ձեր մատնանշած մեխանիզմը փոքր-ինչ բարդանում է ու  եթե   բռնություն գործադրած ամուսնուն տանից հանեն, ապա կինը դժվար թե կարողանա մնալ սկեսուրի հետ:

-Այո, այդ խնդիրը առաջանալու է, դրա համար երկու տարբերակ է առաջարկվում: Նախ, արագ արձագանքում: Ի սկզբանե նախատեսում է ոստիկանության ներգրավումը, սակայն ոստիկանությունը խնդրեց, որ դատարանն այդ ֆունկցիան վերցնի` բռնություն գործադրողին հեռացնելու համար: Եթե կտեսնեն, որ մեխանիզմն այնպիսին է, որ մատնանշած գործոնների պատճառով հնարավոր չէ հասնել արդյունքի, որովհետև նույն սկեսուր-սկեսրարին տանից չես կարող հանել, քանի որ իրենք չեն բռնություն գործադրողները, ապա այդ դեպքում, իհարկե, կա այլընտրանքային տարբերակ: Այն է` եթե բռնության ենթարկված զոհը ցանկություն ունի, ապա ինքը իր և իր խնամքի տակ գտնվող անձինք իրենք են տեղափոխվում այլ տեղ: Այսինքն երկու այլընտրանքային տարբերակն էլ նախատեսված են` բռնության զոհի հեռացում իր իսկ ցանկությամբ և բռնություն գործադրողի հեռացում, և հենց այս տարբերակին էլ տալիս ենք նախապատվությունը:

 

– Կառավարությունը ե՞րբ այս հարցին կանդրադառնա, հաշվի առնելով, որ նախընտրական այս փուլում ընտրություններին չվերաբերող հարցերը կարծես երկրորդ պլան են մղվում:

-Այնպես չի, որ այս խնդիրը մոռացության է մատնված, աշխատանքային խումբը այս պահին վերանայում է իր մոտեցումը կառավարության առաջարկած տարբերակով, հաշվի առնելով հանրապետությունում ընթացող օրենսդրական փոփոխությունների ընթացքը:

– Իսկ ավելի կոնկրետ` այս տարի «ընտանեկան բռնություն» ձևակերպումը օրենսդրորեն կամրագրվի՞:

-Ավելի պարզ ասեմ` ոչ  թե օրենքը կլինի, այլ տարբեր օրենսգրքերում կամրագրվեն մեխանիզմներ: Իսկ բուն օրենքը չեմ կարծում, որ այդքան շուտ կլինի… Ճիշտ է, նախագիծը երկարամյա գործընթաց է անցել, բայց, օրինակ, Քրեական օրենսգրքի  նախագիծը մոտավոր հաշվարկներով 1-1.5 տարի կտևի:

 

-Ո՞րն է լինելու առավելագույն պատիժը այս կարգի հանցագործությունների համար:

-Ընտանեկան բռնության ամենածանր դրսևորումներից մեկը սպանությունն է, իսկ սպանության համար մենք նախատեսում ենք ցմահ ազատազրկում: Պետք է հասկանանք, որ լինելու է ոչ թե առանձին «ընտանեկան բռնություն» եզրույթը, որպես հացնագործություն, այլ դրա դրսևորումը…

 

Զրուցեց՝ Էնզելա Մակարյանը

Դիտումների քանակը` 4896

Վերադառնալ վերև