Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ինչպե՞ս են քվեարկել կանայք եւ տղամարդիկ

Հետաքրքիր փաստ է  պարզվել՝  նորընտիր Ազգային ժողովում կին պատգամավորների ամենացածր ներկայացվածությունը  ապահոված  «Բարգավաճ Հայաստան»-ի  օգտին քվեարկած ընտրողների  մեծամասնությունը կանայք են եղել:   Համենայն դեպս, դա են վկայում  մայիսի 6-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը ,  Հայաստանում առաջին անգամ իրականացված  «exit poll» -ի արդյունքները:  

 

Ինչպես հայտնի է, հարցումը  կազմակերպվել էր հայտնի  Gallup  համաշխարհային ասսոցիացիայի կողմից:  Ընտրատեղամասերից դուրս եկող քաղաքացիներին  ընդամենը մեկ հարց էին ուղղում ՝ թե որ կուսակցության օգտին են քվեարկել:   Հարցմանը մասնակցել էին  22 հազար ընտրող, սակայն  համաձայնվել է  պատասխանել  է հարցվածներից 12 հազարը:  10 հազար հոգի  հրաժարվել են,  ինչը կազմում է  40 %: Այս թիվը  15 %-ով ավելի է այլ երկրների հետ համեմատած:  Gallup ասոցացիայի հայաստանյան  մասնաճյուղի տնօրեն Արամ Նավասարդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա նաև ինչ-որ իմաստով կանխատեսելի էր ,  եթե հաշվի առնենք, որ «Էքզիթ-փոլ»-ը առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում և մարդիկ, բնական է , զգուշանում էին…

 

Բոլոր դեպքերում  հարցումը հնարավորություն տվեց ոչ միայն նախքան քվեարկության արդյունքները հրապարակելը իմանալ ընտրությունների մոտավոր պատկերը, այլ նաև  պարզել ինչպես են քվեարկել այս կամ այն կուսակցության օգտին կանայք և տղամարդիկ:

 

«Exit poll» -ի արդյունքներով  կանայք ավելի շատ են համակրում ԲՀԿ-ին : Այս կուսակցության օգտին  քվեարկած ընտրողների  մեծ մասը  կանայք են եղել:

 

«Անշուշտ, հստակ բացատրություն, թե ինչու են կանայք և տղամարդիկ տարբեր կերպ քվեարկել  այս կամ այն կուսակցության օգտին, չենք կարող տալ: Չենք էլ կարող ասել, թե ինչու է կանանց և տղամարդկանց ձայների խզումը հատկապես բարձր եղել  հենց «Բարգավաճ Հայաստանի»  դեպքում,  սակայն կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ի քարոզարշավում էմոցիոնալ հենքն էր ուժեղ , ինչով էլ արժանացավ կանանց համակրանքին», – կարծում է Ա. Նավասարդյանը:

 

Ի տարբերություն ԲՀԿ-ի, ՀԱԿ-ին տղամարդիկ են  ավելի շատ են ձայն տվել: Կին ընտրողներից միայն   5.3 %-ն են իրենց ձայնը տվել ՀԱԿ-ին, իսկ տղամարկանց՝ 7.9 %-ը:

 

Գրեթե հավասար քանակությամբ կանայք ու տղամարդիկ են  քվեարկել ՀՅԴ-ի օգտին.  5.5% տղամարդիկ, 4.7%-ը՝ կանայք:

 

Կանայք ավելի շատ են վստահել նաև ՕԵԿ-ին: ՕԵԿ-ին ձայն են տվել կին ընտրողների 6.4%-ը, տղամարդկանց՝   5.2%-ը:

 

Գրեթե նույն պատկերն է նաև «Ժառանգություն»  կուսակցությունում.  6.9% կանայք ենք ընտրել, 5.9 %-ը՝ տղամարդիկ:

 

Գրեթե հավասար քանակությամբ են ընտրել Հանրապետական կուսակցությանը.  «Էքզիթ փոլ»-ի արդյունքներով  կին ընտրողներից  42.5%-ն իրենց ձայնը տվել են ՀՀԿ-ին, տղամարդ ընտրողներից՝ 43.3 %-ը:

 

Այդուհանդերձ, Ա. Նավասարդյանի կարծիքով  ընդհանուր առմամբ կուսակցությունների  ընտրական քարոզարշավները  բովանդակային առումով չէին փայլում. «Եթե գնահատենք էֆեկտիվության ու բովանդակային մասով հինգ բալանոց սանդղակով, ապա ամենաբարձր կարելի է գնահատել «երեք». կուսակցություններից և ոչ մեկ հինգ չի կարող ստանալ»,- նշեց Ա. Նավասարդյանը :

 


Մարիամ Մուղդուսյան

Դիտումների քանակը` 2281

Վերադառնալ վերև