Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

 

 Եթե Հայաստանում շարունակվեն ապագա երեխայի սեռը կանխորոշող կամ, այսպես կոչված, սելեկտիվ, աբորտները, ապա ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների՝ մինչև 2060 թվականը Հայաստանը կկորցնի գրեթե 93 000 կին կամ ապագա մայր: Տարեկան չծնված նորածին աղջիկների թիվը մինչև 2060թ. կհասնի 2000-ի: Արդյունքում, աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով, Հայաստանի բնակչությունը մինչև 2060 թվականը կնվազի հավելյալ 80 000 մարդով: Այս մտահոգիչ տվյալներին  հերթական անգամ անդրադարձավ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի  հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը  օրերս կայացած ասուլիսում:

 

Ինչպիսի՞ն  է իրավիճակը

 

Ցավալի է, բայց չծնված երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունքով Հայաստանը, կարելի է ասել, առաջատարն է` ընդամենը աննշան չափով զիջելով Չինաստանին ու Ադրբեջանին: Ինչպես հայտնի է, բնականոն  է համարվում  102-106 տղա` 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:   Հայաստանում սակայն արդեն  20 տարի է, ինչ ծնվածների սեռերի հարաբերակցությունը պահպանվում է  114 տղա/ 100 աղջիկ: Արդյունքում այսօր արդեն Հայաստանում մինչև 20 տարեկանների շրջանում 40 000-ով ավել տղա է ծնվել, քան աղջիկ: «Սա բավական լուրջ խնդիր է: Որոշ երկրների, ինչպես, ասենք, Չինաստանի ու Հնդկաստանի օրինակից դատելով՝ այս երևույթը բերելու է միայնակ ծերության, նաեւ կրիմինալի աճին », – ասում է  Հայրապետյանը, պարզաբանելով, որ միայնակ տղամարդիկ  ավելի ագրեսիվ են լինում ու դրսեւորում են այդ  ագրեսիան  թրաֆիքինգի, սեռական հողի վրա կրիմինալի միջոցով: Նրա խոսքով, Չինաստանն ունի մոտ 60 միլիոն տղամարդ,  որ միայնակ ծերության է գնում,  դեպքեր կան՝ մեկ ընտանիքում 4-5 եղբայր մեկ կնոջ հետ են ապրում:

Ինչպես ցույց են տալիս ՄԱԿ-ի բնակչության  հիմնադրամի  կողմից կատարված հետազոտությունները վիճակագրությունը առավել մտահոգիչ է Հայաստանի մարզերում:  Արական սեռի նորածինների գերակշռության ցուցանիշը տարբեր մարզերում տատանվում է 111-124-ի սահմաններում,և, օրինակ, Արագածոտնի ու Գեղարքունիքի  ցուցանիշները գերազանցում են Չինաստանի ցուցանիշին (118 տղա): Տարբերությունը միայն այն է, որ Հայաստանում սելեկտիվ աբորտների են դիմում հիմնականում երրորդ և հաջորդ երեխաների ժամանակ, և այդ դեպքում արդեն   հարաբերակցությունը կազմում է աշխարհում չգերազանցված ահռելի տարբերության`160 տղա 100 աղջկա դիմաց:

 

«Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ Հայաստանում տղա ունենալու ցանկությունը միջինում վեց անգամ ավելի մեծ է` չորս անգամ ավելի շատ տղա են ուզում ունենալ քաղաքներում, իսկ գյուղական բնակավայրերում այդ ցանկությունը 10 անգամ ավելին է »,- նշեց  Գ.Հայրապետյանը, նկատելով, որ դա շատ անգամ նման է սովորական կապրիզի՝ տղայից տղա է ծնվում և վերջ:

 

Ո՞րոնք են պատճառները

 

Իրականում, խնդիրի արմատներն ավելի խորն են, մասնավորապես, այն  պայմանավորված  է առկա գենդերային անհավասարությամբ,  մեր հասարակության պատկերացումներում  կնոջ ավելի  նվազ դերով: Տղան համարվում է տան ծուխը վառ պահողը, հողի և այլ ունեցվածքի արժանի ժառանգորդը և այլն:  Աղջիկը այդ սպասումների առումով ավելի քիչ արժեք է ներկայացնում: Խտրական վերաբերմունքը  փոխելու տեսանկյունից, ասում է Հայրապետյանը,  շատ կարևոր է քայլեր ձեռնարկել հասարակությունում, տնտեսական կյանքում  կանանց  դերի բարձրացման ուղղությամբ,   ինչը ժամանակ է պահանջում:

 

Նրա  դիտարկմամբ, չնայած, որ վերջին շրջանում ամենատարբեր ամբիոններից պարբերաբար խոսվում է   սելեկտիվ աբորտների ու դրանց հնարավոր տխուր հետևանքների մասին, սակայն  առնվազն  միամտություն է  ակնկալել, որ մեկ-երկու տարվա ընթացքում պատկերը կարող էր փոխվել, քանի որ երևույթի հիմքում մտածելակերպային մոտեցումներ են:  «Դարերով ամրապնդված  սովորույթ և մտածելակերպ է տղա ունենալու ցանկությունը», – ասում է նա:

 

Ի՞նչ անել :

 

Բոլորովին վերջերս , այս տարվա  հունվարի 15-ին  Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեկսը հանդես է եկել հայտարարությամբ  , որտեղ, անդրադառնալով Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Ալբանիային, ինչպես անև մի շարք արևելաեվրոպական երկրների, նշել էր, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն, մասնավորապես, քրեականացման ճանապարհով:

 

Անդրադառնալով այս հայտարարությանը, Գարիկ Հայրապետյանը նշեց, որ այդ մոտեցումը պետք է միչև կյանքի կոչվելը մանրամասնորեն ծանրութեթև արվի, լրջորեն ուսումնասիրել օրենսդրական դաշտը, որպեսզի այդ արգելանքը կամ սահմանափակումները ոչ թե բերեն կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը,  այլ հնարավոր լինի իրավիճակը կառավարել ու ստանալ ցանկալի արդյունք:

 

Իրականում, սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի դրական միտում, ըստ Գ.Հայրապետյանի, միայն Հարավային Կորեայում է  արձանագրվել, որտեղ սելեկտիվ աբորտի դեպքում   նախատեսվում է 6 տարի ազատազրկում, կամ 130 000 դոլար տուգանք: Արդյունքում  անցած 15 տարիների ընթացքում ծնվող երեխաների սեռերի հարաբերակցության ցուցանիշը հասցվել է  116-ից 107-ի:

 

«Հաջողությունը պայմանավորված էր որ միայն աբորտների քրեականացմամբ և մեծ տուգանքներով, այլ մի  շարք այլ  գործոններով` տնտեսական արագ զարգացում, ուրբանիզացիա, կանանց կրթության մակարդակի բարձրացում և կանանց կարգավիճակի և դերի հավասարեցումը  աշխատաշուկայում և այլն: Բայց այս ամենը կարող է աշխատի միայն այն դեպքում, եթե վստահելի է  գործում արդարադատության համակարգը: Իսկ մեր պես երկրներում ես մտահոգություն ունեմ, որ աբորտների սահմանափակումները կբերեն կոռուպցիայի աճին և եթե մենք այդ քայլին պետք է գնանք, ապա պետք է նաև շատ լավ մտածենք, թե որոնք են լինելու այն մեխանիզմները, որոնցով կարողանանք դա հսկողության տակ պահենք: Այլ կերպ ուղղակի կունենանք բավականին լուրջ չարաշահումներ թե բժշկական ծառայություն մատուցողների, թե իրավապահ մարմինների կողմից»,- ընդգծեց Գ.Հայրապետյանը:

 

Նա նաև ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ մեր երկրում անգամ աբորտների վիճակագրությունը հնարավոր չէ հստակեցնել, քանի որ դեռևս դեղատներում հեշտությամբ կարելի է ձեռք բերել հայտնի դեղամիջոց, որը տնային պայմաններում վիժման համար են օգտագործում:

 

Հայրապետյանի տեղեկացմամբ  2010 թվականի տվյալով Հայաստանում տարեկան գրանցվում է մոտ 29 000 աբորտ, դրանցից  մոտ 1500-ն է պայմանավորված սեռով: Սակայն իրականում, նկատեց նա,  շատ դժվար է ապացուցել, թե ինչի համար է արվել աբորտը: «Սակայն այն, որ պետք է սահմանափակումներ մտցնել, դա հաստատ է»,- կարծում է  Գարիկ Հայրապետյանը, նշելով, թե Եվրախորհրդի վերջին հայտարարության հետ կապված փետրվարին մենք մի հանդիպում կունենանք Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների հետ, որպեսզի փորձենք հասկանալ` ինչ կարելի է անել:

 

 

«Այսօր մենք ունենք երկու հատ լուրջ խորքային հետազոտություն, մենք արդեն ունենք պայմանավորվածություն` կառավարության ամենաբարձր մակարդակում քննարկումներ կազմակերպելու, և խնդրի լրջության ընկալում: Նախատեսում ենք նաև այս տարի որոշակի աշխատանքներ տանել տարբեր կազմակերպությունների , այդ թվում ՄԱԿ-ի գործակալությունների, պետական կառույցների հետ, որպեսզի տեղեկացվածությունը էլ ավելի  բարձրացնենք և քարոզչական բոլոր մեխանիզմները ընթացքի մեջ գցենք, որպեսզի կարողանանք ինչ-որ արդյունքների հասնել», – եզրափակեց  նա:

 

 

Ի դեպ, խնդիրը լուծելու համար Առողջապահության նախարարությունը մշակել  էր մի օրինագիծ, ըստ որի առաջարկվում էր  ծնողներին երեխայի սեռը հայտնել հղիության 5-6-րդ ամսում միայն, երբ հղիության արհեստական ընդհատումը օրենքով արգելվում է: Առողջապահության նախարարության Մայրական վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի  փոխանցմամբ,  հասարակական կազմակերպությունները «բացասական վերաբերմունք ցուցաբերեցին այդ նախագծին՝ նշելով, որ այն խախտում է  մարդու իրավունքները՝  տեղեկատվություն ստանալու առումով»: Աշխատանքները օրինագծի վրա շարունակվում են:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

 

Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն

 

Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…

 

Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…

 

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք 

Դիտումների քանակը` 3789

Վերադառնալ վերև