Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ինչպես կարող է պետությունն աջակցել կանանց առաջընթացին

«Ապագայի կանայք» միջազգային համաժողովը Լոնդոնում

 

london-2

 

Վերջերս Լոնդոնում կայացել է «Ապագայի կանայք» միջազգային համաժողովը, որին մասնակցում էին նաև Հայաստանից ներկայացուցիչներ` «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանը և «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ, լրագրող Գայանե Աբրահամյանը: Վերջինս լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց, որ համաժողովի ընթացքում ներկայացվել ու քննարկվել են բոլոր այն ծրագրերը, որոնք օգնում են կանանց ներգրավվել տնտեսության մեջ և հանդես գալ որպես ձեռներեց: Ըստ Աբրահամյանի՝ այդ ամենը կարևոր  ու հետաքրքիր  էր ոչ միայն բիզնես ոլորտի տեսանկյունից, այլ պետական քաղաքականության  առումով , որի միջոցով կանանց ակտիվացնելու խնդիր էր դրված.

 

 

«Խոսքը ոչ միայն այն մասին է, որ կանանց իրավունքները պետք է պաշտպանվեն, այլ որ պետք է պետության ազգաբնակչության կեսի ներուժը օգտագործել  ի նպաստ պետության զարգացման: Օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վերջերս իրականացված հետազոտության արդյունքների համաձայն կանանց դուրս մնալը բիզնեսից պետության ՀՆԱ-ի մեջ 27 տոկոս կորուստ է առաջ քաշում, իսկ Հայաստանի պարագայում խոսքը 50-60 մլն դոլարի կորստի մասին է»,- ասաց ՀԿ նախագահը:

 

abrahamyan-2

Պետական քաղաքականության մասին խոսեց քննարկմանը ներկա ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան   Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը: Նա նշեց, որ գենդերային հավասարությունն ու կանանց իրավունքների պաշտպանությունը Միացյալ Թագավորության կառավարության առաջնահերթություններից մեկն է, իսկ վերջերս Մեծ Բրիտանիայի կառավարությունը առաջնորդել է միջազգային արշավ, որի նպատակն էր վերջ տալ հակամարտությունների գոտիներում կանանց և աղջիկների նկատմամբ սեռական բռնություններին: Դրանով իակ   իր երկրի կառավարությունը ձգտում է նաև աջակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  1325 բանաձևի լիարժեք իրագործմանը: Իսկ սեպտեմբերին ՄԹ կառավարությունը նախաձեռնեց «Աշխատանք և հնարավորություն բոլոր կանանց համար» գլոբալ միջոցառումը, որը շատ հավակնոտ նպատակ է դրել իր առջև՝ ավելի լավ աշխատանքային հնարավորություններ ստեղծել խոցելի կանանց համար:

 

 

«ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը նույնպես աջակցում է նման միջոցառումներին և նախաձեռնություններին և մի շարք ծրագրեր է  իրագործում,  որոնք ուղղված են հասարակության մեջ կանանց դերի բարձրացմանը: Մենք աջակցում ենք ՀՀ արդարադատության նախարարությանը՝ կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականության վերացման և ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրության մշակման գործում»,- նշեց  դեսպանը:

 

 

Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը նշեց, որ գենդերային հավասարությունը և տնտեսական հնարավորությունների հավասարությունը մեծապես նպաստում են ավելի հզոր տնտեսության զարգացման համար, ինչում  մեծ դեր կարող են ունենալ կանայք: Ինչ վերաբերում է կանանց ներկայացվածությանը քաղաքականության մեջ, ապա դեսպանը վստահություն հայտնեց, որ կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին մեծապես նպաստում է ժողովրդավարության ավելի լայն կայացմանը, քանի որ կառավարություններն ու խորհրդարանները ավելի մեծ չափով են կարողանում հաշվի առնել հասարակության բոլոր շերտերի կարծիքները.

 

 

«Թեև կանայք Հայաստանի բնակչության կեսից ավելին են կազմում , սակայն նրանք  Ազգային Ժողովում ընդամենը  10 տոկոսով են ներկայացված: Հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսին կլինի պատկերը հաջորդ խորհրդարանում»,- ասաց նա:

 

 

Իր խոսքը դեսպանը հավելեց Մեծ Բրիտանիան որպես օրինակ ներկայացնելով. «Մեր պետության գլուխն է թագուհի Եղիսաբեթ երկրորդը, մեր վարչապետն է Թերեզա Մեյը: Խորհրդարանում կանանց ներկայացվածությունը կազմում է 30 տոկոս, խոշոր բիզնեսում կանայք ներկայացված են 25 տոկոս, բայց Բրիտանիայի կառավարությունը չի համարում, որ սա բավարար է և փորձում է իրականացնել մի ռազմավարություն, որով ավելի լավ հնարավորություններ են ընձեռվում կանանց և աղջիկներին՝ կրթության ոլորտում, աշխատաշուկայում, երեխաների խնամքի հարցում, ինչը կօգնի նրանց շուտ վերադառնալ աշխատանքի և այլն:

 

 

Ռազմավարությունը ենթադրում է նաև աշխատանք բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանք ավելի մեծ ուշադրություն դարձնեն կանանց ներուժին ու ապահովեն նրանց ներկայությունը բիզնեսում, ինչին էլ նվիրված էր հենց Լոնդոնում կայացած համաժողովը»,-հավելեց դեսպան Ֆարնուորթը:

 

 

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանն իր խոսքում նշեց, որ թե՛ բուն համաժողովին, թե՛ դրան նախորդած մեկ այլ միջոցառման առանցքում գլխավոր շեշտադրումը կանանց տնտեսական  ակտիվության բարձրացման անհրաժեշտությունն է  և այն միտքը, որ եթե երկիրը ցանկանում է ունենալ իրական փոփոխություններ, ապա կանանց ներկայությունը խորհրդարանում պետք է լինի առնվազն 30 տոկոս: Լիլիթ Ասատրյանը վստահություն հայտնեց, որ մեր թերացումների, անհաջողությունների պատճառը ինչ-որ առումով հենց դա է, որ կանայք համապատասխան մասնակցությունը չունեն ինչպես Ազգային Ժողովում, այնպես էլ տնտեսությունում: 

 

 

Ի դեպ նշենք, որ լոնդոնյան համաժողովին  մասնակցություն են ունեցել  30 երկիր, այդ թվում Հայաստանը:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 1652

Վերադառնալ վերև