Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը

Կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ երեխայի խնամքի նպաստ տրամադրել բոլոր մայրերին, անկախ նրանից աշխատում է մայրը, թե ոչ, սակայն այս հարցին առաջարկում է վերադառնալ միայն հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Այս մասին այսօր ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանը` ԲՀԿ-ի ներկայացրած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին նախագծի քննարկման ժամանակ:

 

 

 

Ըստ նախագծի օրենքի ներկայացվող փոփոխությամբ կբացառվի աշխատող և չաշխատող ծնողների միջև խտրականության որևէ դրսևորում, քանի որ վճարվող նպաստը ուղղվում է երեխայի խնամքին: ԲՀԿ-ականները պարզաբանել են, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ` ՀՀ  ժողովրդագրական վիճակը, ծնելիության մակարդակը հեռու է բավարար լինելուց: Դրան են նպաստում նաև հանրապետության սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակը, աղքատության, արտագաղթի և գործազրկության ահազանգող ծավալները, նաև այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների անբավարար լինելը: Առաջարկվող օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ-ում ծնելիության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես, առ այն, որ մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի իրավունք կստանան նաև չաշխատող ծնողներից մեկը կամ խնամակալը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

 

 

Փոխնախարարի ժամանակ շահելու հանգամանքը պայմանավորված էր այն հանգամանքով, թե բյուջեն այժմ փող չունի բոլոր մայրերին, առանց խտրականության, նպաստ վճարելու համար: Այլ կերպ ասած, եթե այս պահի դրությամբ այդ 18 հազարները վճարելու համար նախատեսված է 2.4 մլրդ դրամ, ապա եթե նաև չաշխատող մայրերը ընդգրկվեն այդ ցանկի մեջ և ընդհանուր նպաստառուների թիվը կդառնա շուրջ 44 հազար, ապա բյուջեին անհրաժեշտ է հավելյալ 18.2 մլրդ դրամ հատկացնել: Այնպես որ ամենամեծ ցանկության դեպքում էլ կառավարությունը հիմա այդ քայլին գնալ ուղղակի չի կարող. «Գումար չկա»,- ձեռքերը կողմ տանելով ասաց փոխնախարարը:

 

 

Բայց երբ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը պաշտոնյայից հետաքրքրվեց` արդյո՞ք հետաձգումը մինչ բյուջեի քննարկումները նշանակում է, որ հունվարի 1-ով այս հարցը կլուծվի և կվերանա աշխատող-չաշխատող մայր հասկացություն-խտրականությունը, Ա.Պետրոսյանը ասաց, թե չի կարող միանշանակ ոչինչ ասել, քանի որ դժվար թե կառավարությունը պատրաստ լինի դրան, պարզապես նրանք դեմ չեն քննարկելու:

 

Հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն էլ հիշեցրեց, որ տարիներ առաջ ինքն էլ է նման նախաձեռնությամբ հանդես եկել, բայց սոցապ նախարար Աղվան Վարդանյանը, ով, ի դեպ, ներկա էր քննարկմանը, «համոզել ու ձգել է այդ հարցը»: Ձգձգվելով, փաստորեն, հասել ենք այսօրվան, ու իշխանությունները, փաստորեն, պատրաստվում են նույն գործելաոճը որդեգրել` ձգել ու ձգել:

 

 

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն էլ իր հերթին ասաց, որ այս հարցում ճիշտ է թիրախային մոտեցում որդեգրելը և նպաստները տալ ըստ թիրախային խմբերի, քանի որ գաղտնիք չէ, որ  կան շատ մայրեր, որոնց համար այդ 18 հազար դրամը ընտանիք մտնող 500 հազար կամ 1 մլն եկամուտի համեմատ ոչինչ է.

 

«Թիրախային է պետք մոտենալ, որ նպաստը ստանան նրանք, ովքեր դրա կարիքը ունեն»,- ասաց նա:

 

 

Քննարկումն այդպես էլ ոչնչով չավարտվեց. հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց նախագծին, ԲՀԿ-ի ներկայացուցիչն էլ ասաց, որ հարցը իսկապես շատ կարևոր է, այդ իսկ պատճառով իրենք պատրաստ են սպասել, միայն թե կառավարությունը հիմա կարողանա ասել` եթե նույնիսկ 2015թ-ին չէ, ապա գոնե 2016-ին դա կլինի: Բայց եթե մոտեցումն այն է, ինչպես ներկայացրեց Հակոբ Հակոբյանը` ձգել, ապա ԲՀԿ-ն պնդում է, որ թեկուզև բացական եզրակացությամբ, բայց հարցը մտնի քառօրյա օրակարգ քննարկման:

 

Էնզելա Մակարյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը

 

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»

 

Ծնունդների թիվը Հայաստանում նվազում է

 

Կառավարությունը փող չունի չաշխատող մայրերին երեխայի նպաստ տրամադրելու համար

 

Ինչպես խրախուսել բազմազավակությունը

 

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

 

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

 

 

Դիտումների քանակը` 3865

Վերադառնալ վերև