Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ինչքանո՞վ է պահպանողական հայ հասարակությունը. փորձագետներ

Բոլորովին վերջերս Pew Research Center-ը հրապարակել է մի հետազոտություն, համաձայն որի Հայաստանի բնակչության 76%-ը անբարոյական է համարում նախաամուսնական սեռական հարաբերությունները, 69%-ը՝ աբորտները, 96%-ը մարմնավաճառությունը, 98%-ը՝ միասեռական հարաբերությունները, իսկ 56%-ի կարծիքով անբարոյական է նաեւ ամուսնալուծությունը:

 

 

Հետազոտությունն իրականացվել է հետխորհրդային և նախկին «սոցճամբարի» 18 երկրներում և ըստ դրա՝ Հայաստանը բոլոր ցուցանիշներով առաջին դիրքերն է զբաղեցնում: Այսինքն մեր երկրի հասարակությունը, հետազոտության հեղինակների համաձայն, ուլտրապահպանողական է: Սակայն պարզվեց, որ Հայաստանում այնքան էլ համաձայն չեն նման պատկերի հետ ու թեև մասնագետները հայ հասարակությունը շարունակում են որակել պահպանողական, բայց կոնկրետ այս հետազոտության արդյունքներին որոշակի վերապահումով են մոտենում:

 

 

«Խիստ պահպանողականությու՞ն, թե՞ վստահության ճգնաժամ» թեմայով քննարկմանը ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն, Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր Գոհար Շահնազարյանը նշեց, որ Հայաստանում հարցումն անցկացնելու համար պատասխանատու է եղել վրացական մի կազմակերպություն, որն էլ հրաժարվել է տրամադրել տեղեկատվություն մեթոդաբանության կամ Հայաստանում հարցազրուցավարների մասով: Ուստի Գոհար Շահնազարյանն անգամ հրաժարվում է մեկնաբանել այս հետազոտության արդյունքները, որովհետև բավարար տեղեկատվություն չկա մեթոդաբանության  վերաբերյալ: Սակայն թեման, ըստ նրա, արծարծվել է ոչ միայն այդ միջազգային հետազոտության մեջ, այլև այլ.

 

 

«Օրինակ, երկու տարի առաջ ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի անցկացրախ հետազոտության մեջ հարցվածների 80 տոկոսը նշել էր, որ դեմ նախաամուսնական կապերին և ընդգծել կուսության կարևորությունը, և այլն: Նման միտումներ, այո, կան տարբեր հետազոտություններում, որովհետև նմանատիպ խնդիրները մեր հասարակության շրջանում մեծ տեղ են զբաղեցնում, ուղղակի տարբերություններ կան  տոկոսային առումով, ինչն էլ կախված է հարցման կոնտեքստից»,- ասաց նա:

 

 

Մշակութային մարդաբան, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադևոսյանի կարծիքով՝ Հայաստանում երկակի ստանդարտները հասարակության անբաժան մասն են: Փորձագետը չի կասկածում, որ այդ հարցերին հենց այդպես էլ պատասխանել են, բայց դա չի նշանակում, վստահություն հայտնեց նա, որ հարցվողներն իրականում  այդպես էլ մտածում են: Եվ հենց դա է ամենամեծ խնդիրը.

 

 

«Մեր հասարակության դժբախտությունը նրանում է, որ նա ապրում է այդ երկու իրականությունների մեջ՝ ներկայացնում է մի իրականություն, բայց ապրում բլորովին այլ իրականությունում: Այդ երկակի ստանդարտները գործում են ամենուր: 96 տոկոսը, ըստ այդ հետազոտության, դատապարտում են մարմնավաճառությունը, սակայն մարմնավաճառների մոտ հերթեր են գոյանում, և նման օրինակներ շատ կարելի է բերել: Եվ այստեղ է, որ առաջանում է վստահության ճգնաժամը ասածի եւ գործացի հանդեպ»,- նշեց նա:

 

Շարունակելով շարքը նշենք, որ թեեւ  հարցվածների 69%-ը անբարոյականություն է համարում աբորտն,  սակայն  Հայաստանը սեռով պայմանավորված աբորտների ցուցանիշներով աշխարհում երկրորդ տեղում է` Չինաստանից հետո, բավականին բարձր են նաեւ   աբորտների պաշտոնական տվյալները՝  տարեկան ավելի քան 8000 է:  Հարցվածների 42 %-ն անբարոյական է համարում հակաբեղմնավորիչների օգտագործումը, սակայն Հայաստանում ոչ միայն «բեյբի-բում» չկա, այլև ծնելիությունն անշեղորեն կրճատվում է:

 

 

Բոլոր դեպքերում քննարկման մասնակիցները համակարծիք էին այն հարցում, որ Հայաստանի հասարակությունը շարունակում է մնալ պահպանողական: Գոհար Շահնազարյանի խոսքով՝ հասարակությունը պահպանողական է, որովհետև Հայաստանում այսօր դոմինանտ է գոյատևման ռազմավարությունը և մի շարք այլ գործոններ: Այսինքն՝ ավելի կարեւոր է ոչ թե ուղղակի փաստել, որ հայ հասարակությունը պահպանողական է, այլ հասկանալ, թե ինչու է նա այդպիսին և ինչով է դա պայմանավորված.

 

 

«Հայաստանի հասարակությունը պահպանողական է, բայց չենք կարող միանշանակ ասել, որ բոլորն են պահպանողական. կան տարբեր խմբեր, որոնք տարբեր ձևով են մտածում և եթե ընդհանրացնեմ, ապա պետք է հատուկ ընդգծել՝ տղամարդիկ այսօր ավելի պահպանողական են, քան կանայք և դա շատ հետազոտություններ են փաստում, որովհետև նույն հարցերի շուրջ շատ մեծ տարբերություն կա կանանց և տղամարդկանց պատկերացումներում: Այնպես որ սա ու մի շարք այլ գործոններ հաշվի առնելով պետք է տարբեր տեսանկյուններից դիտարկել պահպանողականությունը»,- հավելեց նա:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 248

Վերադառնալ վերև