Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Իվետա Տոնոյան. « Լինել ազնիվ քո շրջապատի ու բոլոր այն մարդկանց հանդեպ, ում հետ առնչվում ես»

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն», «Կենտրոն»  հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար, Գագիկ Ծառուկյանի խոսնակ   Իվետա Տոնոյանը   ընդգրկված է  «Ծառուկյան»  դաշինքի համապետական ցուցակի  8-րդ հորիզոնականում  և հնարավոր է, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով գործունեությունը շարունակի ԱզգայինԺողովում:

 

Ի՞նչով էր պայմանավորված ձեր մուտքը քաղաքականություն:

 

-Երևի սկսեմ ամենասկզբից . երբևէ նախկինում չեմ մտածել, որ կգա մի ժամանակ, երբ ես իմ գործունեությունը հնարավոր է շարունակեմ օրենսդիրում` Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակով: Ամեն ինչ ստացվել է շատ ինքնաբերաբար. եղել է Գագիկ Ծառուկյանի առաջարկը` ընդգրկվել   դաշինքի համամասնական ցուցակում, առաջարկը ես սիրով ընդունել եմ, քանզի դա առաջին հերթին մեծագույն պատասխանատվություն է ինձ համար, և շնորհակալ եմ պարոն Ծառուկյանին այդ վստահության համար: Կարծում եմ, որ նախորդ տարիներին տարբեր ոլորտներում ծավալած իմ գործունեությունը հիմք է տալիս ենթադրելու, որ կարող եմ իմ ունակությունները, իմ մասնագիտական  գիտելիքները, նաև իմ կենսափորձը ծառայեցնել օրենսդիրում արդյունավետ աշխատանք ծավալելուն` ի նպաստ մեր երկրի բարօրրությանն ու բարգավաճման:

 

Որքանո՞վ է լրագրողի  մասնագիտությունը  Ձեզ օգնելո՞ւ:

 

-Լրագրությունը այն բացառիկ մասնագիտություններից  է, որը շատ հարուստ կենսափորձ է տալիս և  հնարավորություն է ընձեռում շփվելու տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ, յուրաքանչյուրի հետ դառնալ այդ ոլորտի ներկայացուցիչ, փոքրիշատե տիրապետել դրա գաղտնիքներին ու նրբություններին: Ինչպես լրագրության մեջ,այնպես էլ քաղաքականության մեջ հիմնականում շեշտը դրված է մարդու վրա, մարդկային շփումների և հարաբերությունների վրա: Գործնական լրագրության մեջ երկար տարիների աշխատանքը, նաև իմ  գործունեությունը  հասարակայնության և տեղեկատվության կապերի բաժնի պետի, ինչպես նաև մամուլի խոսնակի պաշտոնում,  «Կենտրոն» հեռոուստաընկերության   լրատվական ծառայության ղեկավար լինելը, կարծում եմ, ինձ տվել են բավարար հմտություններ, որոնք ես կարող եմ ծառայեցնել քաղաքականության մեջ:

 

Ինչպե՞ս կգնահատեք կանանց մասնակցությունը  քաղաքական ոլորտում: 

 

-Կարծում եմ, որ կանանց ներուժը շատ ավելին է , քան  այսօր ներկայացված է  օրենսդիրում, գործադիրում  թե այլ բնագավառներում, որովհետև առավել քան վստահ եմ, որ քաղաքականապես գրագետ, բանիմաց, հարուստ ներաշխարհով և լայն աշխարհայացքով կանայք իսկապես կան տարբեր ոլորտներում: Պարզապես նրանք այս կամ այն չափով գործնական քաղաքականության մեջ կամ գործադիր մարմիններում ընդգրկված չեն: Եթե նայենք վիճակագրությանը, ապա տարեց տարի քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության չափաբաժինը մեծանում է, ինչը դրական միտում է, որովհետև անկախ ամեն ինչից կինը բազմաթիվ հարցեր կարողանում է շտկել, մատուցել, կազմակերպել և իրականացնել տղամարդուց տարբերվող ձևաչափով: Ես վստահ եմ, որ կանանց ներգրավվածության մեծացումը միայն դրական ազդեցություն կունենա ցանկացած ոլորտի, այդ թվում  քաղաքականության վրա:

 

Ընտրական նոր օրենսգրքով սեռերի համամասնությունը կուսակցությունների ցուցակներում  30/70 է, բայց աշխարհն այսօր առաջ է շարժվում  50/50 հրամայականի ուղղությամբ:  Պատրա՞ստ է արդյոք  դրան Հայաստանը:

 

-Ես կոնկրետ օրինակով կարող եմ այս հարցին պատասխանը տալ. Իմ ղեկավարը` Գագիկ Ծառուկյանը, մշտապես ասում է, որ իր համար կարևոր և պատասխանատու մի քանի ոլորտներ ինքը վստահել է կանանց և չի սխալվել իր որոշման մեջ, որովհետև ինչպես ինքն է  ասում` կանայք ավելի նրբանկատ են, ավելի մանրակրկիտ են ուսումնասիրում ցանկացած հարց և ավելի խստապահանջ են վերաբերում ցանկացած հանձնարարության կաատարմանը:  Բայց կարծում եմ, որ, այնուամենայնիվ, դեռ ժամանակ պետք է անցնի բացարձակ հավասարությանը և 50/50 ներգրավվածությանը հասնելու համար, որովհետև այստեղ ոչ միայն ցանկությունների հարցն է, այլև կարողությունների`  գործընթացների  բովանդակությունը պետք է համապատասխանի այդ գաղափարին: Բայց ժամանակի ընթացքում, ավելի քան համոզված եմ, մենք կհասնենք նրան, որ տարբեր ոլորտներում կանանց ևտղամարդկանց մասնակցությունը կլինի հավասար:

 

Ունե՞ք նախանշված ինչոր խնդիրներ, ոլորտներ, որոնք լինելու են առաջնահերթ Ձեր քաղաքական գործունեության ընթացքում  և արդյո՞ք այդ շրջանակում տեսնում եք կանանց շահերի պաշտպանությունը:

 

-Ես երբեք չեմ սիրել իրադարձություններից առաջ ընկնել: Բայց, ինչ խոսք, խնդիրները բազմաթիվ են ` և՚ կանանց իրավունքներին վերաբերող,և՚ շատ ավելի գլոբալ, մարդկանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող: Այս դեպքում ես չէի ուզենա տարանջատել կին-տղամարդ սկզբունքով, բայց մենք իսկապես շատ անելիքներ ունենք հատկապես մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում և այդ հարցերում  ես պատրաստվում եմ ունենալ շատ ակտիվ ներգրավվածություն:

 

Հաջողության Ձեր բանաձևը

 

-Քանի որ քաղաքականության մեջ իմ քայլերը դեռևս նոր են սկսվում, ապա թե ինչպիսին կլինի հաջողության իմ բանաձևը այս բնագավառում ես, կարծում եմ, նոր պետք է հստակեցնեմ և առաջնորդվեմ դրանով: Իսկ  մասնագիտական ոլորտում  իմ առաջխաղացումն ու հաջողությունները, կարծում եմ, բացառապես պայմանավորված են աշխատասիրությամբ, ազնվությամբ, նպատակասլացությամբ և ցանկացած հարցի լուծմանը սեփական խնդրի պրիզմայով նայելու ունակությամբ: Ես վստահ եմ, որ ցանկացած գործի մեջ , որն անում ես, պարտադիր պետք է քո  «ես» -ը ներդնես և այդ տեսանկյունից իրականացնես  քո գործառույթները: Եվ որ ամենակարևորն է`լինես ազնիվ քո շրջապատի, քո ղեկավարի ու աշխատակիցների ու բոլոր այն մարդկանց հանդեպ, ում հետ առնչվում ես գործնականում: Տարիների ընթացքում այդ պարզագույն ճշմարտությունը ինձ համար երիցս ապացուցվել է, որ պարզապես պետք է լինել ազնիվ և արժանի կերպով դրա համար վարձահատույց կլինես:

 

Զրուցեց Լիա Խոջոյանը

Դիտումների քանակը` 995

Վերադառնալ վերև