Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Իրավունք ունե՞մ

   Հուսով եմ՝ մի օր վերնագրի  հարցականը կփոխարինվի շեշտով…

   Որքան էլ տարփողելու լինենք մեր՝ համամարդկային արժեքներին և միջազգային իրավահամակարգերին ինտեգրվելու պատրաստակամության մասին, այդուհանդերձ, չենք կարող չխոստովանել, որ կինն իր սեռային պատկանելության պատճառով բազմիցս է հանդիպում աշխատանքային խտրականության, որը կրում է ամենատարբեր դրսևորումներ… Մեկ աշխատանքի չեն ընդունում նոր ամուսնացած կնոջը, քանի որ վերջինս… պոտենցիալ մայր է, մեկ համարում են ինտելեկտուալ ծանրաբեռնվածությամբ աշխատելու անընդունակ էակ, մեկ ավելի ցածր են վարձատրում, մեկ արժանացնում են վավաշոտ հայացքների՝ դիտարկելով որպես սեռական նկրտումների օբյեկտ…

 

    Այո՛, պարոնա՛յք, մենք գուցե դեռ ապրում ենք տղամարդկանց աշխարհում, բայց այն հիրավի ոչինչ է առանց կանանց, ինչպես ասվում է հայտնի երգում: Եվ, ի վերջո, ինչու աշխարհը բաժանել կանանց և տղամարդկանց <<տիրույթների>>՝ ազդեցության գոտիների: Բոլորս էլ մարդիկ ենք, որոնք կոչված են լիիրավ վայելելու, իրացնելու կենսագործունեության իրենց իրավունքը: Չպետք է լինեն <<արգելված>> մասնագիտություններ: Հայտնի է, որ աշխատանքը չի ընկալվում որպես ճնշող պարտականություն, եթե իսկապես հոգեհարազատ է ու սիրելի: Չմոռանանք, որ մարդը սիրելի՛ աշխատանքում է հասնում հաջողությունների, ձգտում ավելիին, կարողանում այդ ավելին… Իսկ չէ՞որ հասարակության զարգացման գրավականն ու նախադրյալներից մեկը շարունակական զարգացման ապահովումն է՝ բոլոր ասպարեզներում նվաճումներ գրանցելը…

 

   Հիշում եմ՝ տարիներ առաջ Սևանում տաքսու կին վարորդ կար: Մեքենան նստեցի պատահաբար ու ինքս էլ մի պահ զարմացա՝տեսնելով վարորդի կին լինելը: Շուտով պիտի համոզվեի, թե որքան քաղաքավարի, զուսպ ու լրջմիտ վարորդ է նա…

 

  Օ, երբեմն չգրված օրենքները գրվածներից ավելի ազդու ու կենսունակ են՝ կարծրատիպեր ծնող ու ապրեցնող… Գիտակցություն կոչվող ձուլարանից հարկ է անհետ կորցնել այն կաղապարը, որով նախապաշարմունքը ճակատագիր է ձուլում ի՛ր ուզածով, չի կարելիների կշեռքով փորձում է կշռել մոխրակույտի վերածված երազանքները, որոնք ի բնե թևավոր ու անկշիռ էին…    

 

     Աշխարհաստեղծ օրվանից ի վեր մարդկությունը պայքարում է խտրականության դեմ՝ ռասայական, դասային, կրոնական, սեռային…

 

    Թվում է, 21-րդ դարում, քաղաքակրթության աննախադեպ զարգացման պայմաններում այլևս անխաթարելի, անխախտ ու կայուն պետք է լինեն համամարդկային արժեքները, որոնց հիմքերի հիմքը հենց մարդու իրավունքներն ու մեկնարկային հավասար հնարավորություններն են: Սրա վրա էլ խարսխվում է իրավական և սոցիալական պետությունը, որի տեսլականը հպարտորեն ամրագրված է ժամանակակից պետությունների սահմանադրությունների առաջին իսկ դրույթներում: Անհերքելի է այն փաստը, որ մենք տղամարդ կամ կին լինելուց առաջ մարդ ենք: Հասարակության մեջ կարևոր են երկուստեք՝ և՛ կինը, և՛ տղամարդը: Կին լինել չի նշանակում երջանիկ լինելու իրավունք չունենալ: Իսկ երջանիկ չի կարող լինել անազատ մարդը: Միայն ազատության մեջ կարող է ծաղկունք ու թռիչք ապրել մարդկային հոգին: Բարձյալն ազատ ու աշխարհի հետ ներդաշնակ է ստեղծել մարդուն: Մարդն իր նմանի համար չպետք է ստեղծի խտրականության կապանքներ:

 

       Ցայսօր կինն իր կյանքի ընթացքում անհաշիվ անգամներ է բախվում անարդար ու խտրական վերաբերմունքի: Ընդ որում, դա վերաբերում է անգամ ներարգանդային կյանքին: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ առկա են սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատումներ, արդեն իսկ այլոք (հիմնականում ընտանիքի արական սեռ ունեցող անդամներ) որոշում են խառնվել Աստծո գործերին ու Կյանք ընդհատել. լինելության տարրական իրավունք, որն անքակտելի է:

 

      Խոստովանենք, այնքան հաճախ ենք լսել այս արտահայտությունը. <<Ոչինչ, աղջիկ բերողը տղա էլ կբերի>>: Դեռ մանկուց փոքրիկ  թունավոր որդի նման աղջկա հոգում ներդրվում է այն միտք-որդը, որ տղաները շատ-շատ հարցերում նախընտրելի ու գերադաս են.տղան ցեղի շարունակողն է, օջախ ծխեցնողն ու սյունը և այլն: Հենց այդ որդն է, որ հետզհետե խժռում է աղջկա անհատականությունը՝ զրկելով սեփական կարծիքն ունենալու ու արտահայտելու ոչ միայն հնարավորությունից, այլև ցանկությունից:

 

      Եվ սկսվում է արատավոր շրջանը, որը կարելի է բնութագրել մի արտահայտությամբ՝ այն, ինչ կարելի է տղային, չի կարելի աղջկան: Դեռ մանկուց սա դրոշմվում է աղջկա գիտակցության մեջ  և կանխորոշում նրա ճանապարհը: Խոսքը վերաբերում է և՛ անձնական կյանքին, և՛ մասնագիտական ընտրությանը, և՛ ընտանիքում ունեցած հանդուրժող-կրավորական դերին:

 

      Իրավիճակը հասնում է նրան, որ կինը չի ունենում սեփական կարծիք. եթե ունենում էլ է՝ երկնչում է այն հայտնել: Մտովի հեռահար ակնարկ է անուն. Իսկ ինչպե՞ս այն կընկալվի, բա ի՞նչ կասեն, հո՞ սխալ չեն հասկանա… Իսկ եթե… Ու եթեների անվերջ մի շարան, որոնք իրենց ժեռ ծանրությամբ ճնշում են անհատականությունը, կարծիք ունենալու իրավունքը: Եվ ինչ է անում մարդը: Հայտնի է, որ նա օժտված է հարմարվողականության <<բարեբեր>> հատկությամբ և ի վերջո գերադասում է առհասարակ կարծիք չունենալ՝ գլխացավանքից հեռու… Վարժվում է, որ այսուհետ այլոք իր փոխարեն կորոշեն… ու միայն երբեմնի երազանքների կորստի ցավն ու հիասթափությունն են իրենը:

 

      Ու շղթայական ռեակցիա… Ում պետք է դաստիարակի մայրը, ով օրվա մեծ մասը գերյալի պես պարփակված է չորս պատի մեջ, ով չունի որպես անհատականություն  և մասնագետ կայանալու, աշխարհայացքն ընդլայնելու հնարավորություն: Ինչ արժեքներ պետք է ներարկի մանկան գիտակցության մեջ, երբ ինքն ունի խեղված ճակատագիր և գիտակցություն: Բնական է,որ անձը, ով սովոր է իր հոգում նսեմացնել, խեղդել սեփական հոգու պահանջմունքները, չի ունենա նաև սեփական իրավունքները պաշտպանելու պատրաստակամություն ու կորով: Անազատ մարդը շարունակում է գոյությունը միայն ֆիզիկապես: Երեխային դաստիարակող անձը պետք է լինի <<հեղինակություն>>: Եթե երեխան իր ծնողի մեջ չի զգում այդ սերտ ոգեղենությունն ու սկզբունքայնությունը, ուստի հարգանք ու հավատ չի տածի այն արժեհամակարգի հանդեպ, որն ուզում է նրան փոխանցել մայրը: Դաստիարակության հիմքը ընտանեկան ձեռագիրն է:

 

     Ժամանակի հրամայականն է՝ պետությունը պետք է ունենա իրավագիտակից, իրավատեր ու օրինապահ քաղաքացի: Առանց սրա ազգն ու պետությունը դատապարտված են ժամանակակից աշխարհում: Իսկ դա անհնարին է, եթե երեխան չունենա որպես կին, անհատ ու մասնագետ կայացած մայր, ում աչքերում կյանքը պահպանել է իր վառ գույներն ու թովքը:

 

    Հասարակության խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որի պարագայում կնոջ իրավունքներն ու հնարավորությունները կընկալվեն տղամարդուն համահավասար: Մինչդեռ երբեմն ինձ թվում է, թե ապրում ենք <<ծուռ հայելիների>> կախարդական աշխարհում, ուր ճշմարտությունը, իրական պատկերներն աղավաղվում են ու հրամցվում տեսողությանը:

 

    Ամուսնացած ու այրիացած կանայք մնում են միայնակ՝ իրականության դեմ-հանդիման, երես են թեքում անգամ հայրերն ու եղբայրները: Հաճախ սև աշխատանքով իսկ չեն կարողանում հոգալ ընտանիքի հոգսը, ի լրումն արժանանում են խեթ կամ վավաշոտ հայացքների: Ընդունված է համարել, որ չեն կարող (իրավունք էլ չունեն) վերակառուցել իրենց անձնական կյանքը: Դրան արգելք են հանդիսանում  անգամ մոր ամենահարազատ մարդիկ՝ սեփական երեխաները, որովհետև նրանք էլ դեռ մանկուց չոր սպունգի պես կլանել են միջավայրի խտրական վերաբերմունքը:

 

      Մեծարման խոսքերը միայն տոների առթիվ չէ, որ պետք է հնչեն, այլ պետք է փոխարկվեն մտածելակերպի և ստեղծեն այն միջավայրը, որտեղ կարող է ու հարկ է, որ ապրի մարդը. ապրել ոչ թե գոյություն ունենալու, այլ կյանքն ու ազատությունը լիիրավ ըմբոշխնելու իմաստով:

 

      Հարկ է, որ պետական կառավարման համակարգում ընդգրկված լինեն շատ կանայք. Իրենց գործի գիտակ ու համարձակ կանայք: Եվ այդ ընդգրկումը լինի ոչ թե արտերկրյա ինչ-ինչ կառույցներին ի տես, ի ցույց, ոչ թե կրի դեկորատիվ  բնույթ, այլ լինի համընդհանուր բնական երևույթ: Որ մեր հասարակության աչքն էլ սովորի տեսնել հայուհու նմանօրինակ կերպար և նախապաշարմունքներն ինքնաբերաբար կսկսեն նահանջել, տեղ տալ առավել իրատեսական ըմբռնումներին: Մեր իրականությունում էլ կան նման կանայք, ովքեր ուշադրություն են սևեռում իրենց և իրենց գործունեության վրա: Ինչ խոսք, ուրախալի փաստ է: Սակայն չեմ էլ կասկածում, որ նրանք ստիպված են լինում հաճախ նաև արհեստածին արգելքներ ու անջրպետներ հաղթահարել:

 

      Վերջերս համացանցում կարդացի գրողներից մեկի միտքն առ այն, որ մոլորակի փրկության հույսը կանայք են: Թերևս ինքնավստահ է հնչում, բայց իրոք համարում եմ, որ եթե պետությունների  մեծ մասը ղեկավարեին կանայք, ապա այսքան աշխարհակործան և իշխանատենչ պատերազմներ չէին լինի, քանզի ով, եթե ոչ կինը, գիտակցում է կյանքի արժեքը՝ իր ներսում փթթող ու Տիրոջ օրհնությամբ, Տիրոջ տեսքն ունեցող մարդու կյանքի արժեքն ու այդ արժեքի գերակայությունը: Կանայք կոնֆլիկտային իրավիճակի դեպքում ավելի հակված են երկխոսության, ավելի հանդուրժող են:

 

       Քավ լիցի, չեմ փորձում գերագնահատել կնոջն ու նրա նշանակությունը՝ ի հաշիվ և ի վնաս տղամարդկանց: Ավանդապահ հայ ընտանիքում տղամարդը հար կունենա և հարկ է, որ ունենա իր ուրույն, անփոխարինելի տեղը: Բայց մի փորձեք նվաստ որակել կնոջը: Դա ցավ է պատճառում:

 

       Հայ կինը միշտ էլ առանձնացել է թե՛ իր բնատուր գեղեցկությամբ, թե՛ համարձակությամբ ու կամքով, թե՛ մայրական բացառիկ նկարագրով: Հիշենք Սոսեին, Ս. Տյուսաբին, Սիրանույշին, Դ. Աբգարին, անապատային ավազուտներում ուժասպառ մեջքներին մատյաններ կրող կանանց: Հայ կինը նման է բնատուր ալմաստի, որը հղկվելով, փոփոխվելով ձեռք է բերում նոր փայլ, նորովի արժևորում իրեն ու շրջապատը՝ դույզն իսկ չնահանջելով հայուհու ավանդական նկարագրից, որը բնավ չի հակասում կնոջ մերօրյա կերպարին, այլ ընդհակառակը՝ լրացվում, նոր հմայք ու խորք է ստանում:

 

     Ես ուզում եմ, որ իմ պետությունը լինի իսկապես իրավական ու սոցիալական: Որ կինը կարողանա արժանապատիվ ապրել՝ չնսեմանալով իր ու հասարակության աչքին: Որ կարողանա լիարժեք իրականացնել կրթության, աշխատանքի իր անքակտելի իրավունքը, ինքնուրույն որոշի, թե ով կլինի իր ամուսինը և թե քանի երեխա կունենա: Թվում է, պարզունակ պահանջմունքներ, որոնց մասին խոսելն իսկ անիմաստ է, բայց, ինչպես ասում են, իրականությունից չես փախչի: Հենց իրականությունն է իր գորշը վիթում կյանքի ու երազանքի ներդաշնակ համադրության ներկապնակում:

 

    Աստված մեզ օժտեց բանականությամբ և սեփական կյանքը տնօրինելու կամք տվեց, ուստի տեր լինենք այդ թանկ շնորհին և արևի ներքո ապրենք մեր մինուճար կյանքը՝ զերծ որևէ խտրականությունից:

 

      …Պատանի տարիքից տենդագին երազում էի աշխատել իրավական համակարգում: Ուտոպիստիս թվում էր, թե դա կյանքում արդարությունը շատացնելու միջոց է, որում կհաջողեմ:

 

    -Անկեղծ ասած չէի ուզի, որ իմ բաժնում աղջիկ աշխատեր:_պետը սառը-անթափանց հայացքով նայում էր ինձ ու չէր տեսնում:

 

    Այս կանխակալ վերաբերմունքը չէ՞ պատճառը, որ երբեմն կինը դառնում է սեռական ոտնձգությունների օբյեկտ: Որոշ կանայք լռում են ու համակերպվում, շատ կանայք ներքուստ ընդվզում են և հեռանում տվյալ միջավայրից, գերադասում մոռանալ սիրած մասնագիտության ու երազանքի մասին… Բայց շարունակում են լռել, քանզի այդ մասին որևէ մեկի հետ խոսելիս ակամա կվերապրես այդ գետնին հավասարեցնող զգացողությունը: Իսկ լռությունը վտանգավոր է: Հենց լռությունն է այն նպաստավոր միջավայրը, ուր միկրոբների պես շարունակ բազմանում եմ թյուր կարծրատիպերն ու անիրավությունը:

 

   Շարունակում ենք լռել… Ինչու՞: Մինչև ե՞րբ:

 

   … Հպարտանում էի իրավաբանի իմ կրթությամբ: Միշտ համարել եմ, որ դա տկարին, խեղվածին, անարգվածին, անտերին ձեռք մեկնելու, այս արևի ներքո բարությունն ու արդարությունը շատացնելու հնարավորություն է: Առաջ խտրականությունն ինձ համար բառ էր՝ իր բառարանային իմաստով: Հետո պիտի բացահայտեի, սեփական մարմնիս վրա զգայի դրա հոշոտող, անզգամ զորությունը… Գիտե՞ք, թե որքան նվաստացուցիչ է, երբ իրավապահ հիմնարկում քեզ նայում են որպես… էգի, մինչդեռ դու դպրոցում էլ, բուհում էլ հազար տղայից լավ ես սովորել, իրավունքի պատմությունն ու տեսությունն էլ անգիր գիտես, բայց անհամեստ ու փորձող հայացքների օբյեկտ ես եղած-չեղածը…

 

       Մեկ, երկուս, երեք… Տասնյակ, տասնյակներ… Ու հասկանում ես, որ առջևումդ պատ է: Սեռային խտրականություն կոչվող այն պատը, որը կարծր ու անխորտակելի է ուզածդ ցեմենտ-բետոնից ավելի…

 

   -Է, բա ի՛նչ էիր ուզում… Էս համակարգում աշխատող աղջիկը կամ պիտի մեկի սիրուհին լինի, կամ էլ ուժեղ թիկունք ունենա…

 

  Սա էլ <<բարեկամական>> խորհուրդ ու խրատ: Կան ակնհայտ ճշմարտություններ, որոնք գիտակցությունը հրաժարվում է ընկալել…

 

  Տասը տարի է անցել: Ու՞ր է դիպլոմս: Մոռացված-վեր ընկած է պահարանի մի անկյունում: Իսկ դիպլոմիս ներսում՝  գերազանց գնահատականներիս հետ գիրկընդխառն լեթարինգյան քնով ննջում  է իրավաբան դառնալու երազանքս: Չէ՛, երևի էլ չարթնանա…

 

  Հիմա ուրիշ դիպոմ էլ ունեմ.  կարմիր, <<կանացի>> մասնագիտության: Փառք Աստծո, թեպետ նվազագույն աշխատավարձով, բայց աշխատում եմ: Սկսել եմ սիրել աշխատանքս: <<Ամեն մարդ պիտի իրեն համապատասխան մասնագիտություն ընտրի>>: Միայն թե, այդ մարդ կոչեցյալն ինքնուրույն պիտի որոշի սեփական մասնագիտությունը: Համենայն դեպս, այս պարզունակ ու հասարակ իրավունքը բխում է մարդու առաջնային հոգեբանական պահանջմունքներից և սահմանադրություններում ու իրավական ակտերում ամրագրվելու կարիքը չունի:

 

   Մինչդեռ կյանքը՝ այդ մեծարգո սրբագրիչը…

 

   Ու պտտվում է խտրականություն կոչվող թափանիվը ու մամլում է գունեղ, ցոլցլուն երազանքներ… Ու մամլում է ճակատագիր, հավատ ու համոզմունք, օրենք ու իրավունք…

 

   Իսկ թափ հաղորդողն էլ թյուր մտացածին նախապաշարմունքներն ու կարծրատիպերն են, կարծեցյալ, թվացյալ ու հորինյալ բացառիկության ու գերակայության  ցնորքը…

 

  Ու պտտվում է թափանիվը…

 

  Կանգնեցրե՛ք այն, Մարդի՛կ…

 

 

                                                                                                                 Նելլի Բրագինա

 

 

Հ.Գ. Նյութը ներկայացված է  «Կանայք աշխատանքի շուկայում. բացահայտե՛նք խոչընդոտները» թեմայով մրցույթին: 

Դիտումների քանակը` 205

Վերադառնալ վերև