Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լենա Նազարյան.«Ես լինելու եմ ակտիվ և նախաձեռնող քաղաքացիների գործընկերը Ազգային Ժողովում»

Լենա Նազարյանը մասնագիտությամբ լրագրող է: Աշխատել է որպես հետաքննող լրագրող և հետազոտող: Քաղաքացիական ակտիվ գործունեությունը սկսել է 2010 թվականին՝ որպես Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ:  Շատերի համար  հայտնի է դարձել  2013-ին, երբ   նախագահական ընտրությունների հաջորդ օրը մի խումբ ակտիվիստների հետ ընդհատել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկուցողներին և ընթերցել նրանց հայտարարությունը բոյկոտող տեքստը: «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ է, առաջադրվել է  «ԵԼՔ» դաշինքի կողմից 2-րդ ընտրատարածքում (Աջափնյակ, Արաբկիր, Դավթաշեն):  Ասում է,  Հայաստանում կանայք մեծամասնություն են և նրանց գործընկերությունը, աջակցությունն ու փոխօգնությունը շատ բան կարող են  փոխել մերկայնքում:

 

Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել՝ որպես պատգամավորի թեկնածու:  Ինչպիսի դեր խաղաց այդ  որոշման  հարցում ձեր  քաղաքացիական պայքարի փորձառությունը:

 

-Կարծում եմ, քաղաքացիական ակտիվությունը, իրավապաշտպան գործունեությունը քաղաքական գործունեության տեսակներից մեկն է,  ինչպես նաև ընտրություններին մասնակցելը և օրենսդիրում ներկայացվածլինելը: Այնպես որ այստեղ գործունեության բնույթի փոփոխություն չկա և շատ տրամաբանական էր ինձ համար` ձգտել քաղաքական գործունեությունը դարձնել ամենօրյա աշխատանք, պրոֆեսիոնալ գործունեություն և մասնագիտացում օրենսդիր ոլորտում:  Իմ ակտիվությունը քաղաքացիական նախաձեռնություներում  բավարար չէր  խնդիրների  լուծումներ գտնելու համար: Վստահ եմ, որ իմ լրագրողական և հասարակական աշխատանքի փորձառությունն ինձ կօգնի ակտիվ գործել օրենսդիր դաշտում:

 

Որո՞նք  են մեր երկրի համար այն 3 առաջնահերթ խնդիրները, որ կառանձնացնեք  և կփորձեք լուծել՝ պատգամավոր ընտրվելու դեպքում:

 

Հայաստանում շատ մարդիկ չեն զգում, որ իրենք ուժ են, որ ունեն քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ, որոնք գործիքներ են` իրենց պաշտպանելու և կյանքը բարելավելու համար: Այդ մարդիկ նաև աղճատված պատկերացում ունեն քաղաքականության մասին, հաճախ եմ լսում, որ քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, մինչդեռ դա գործունեության այն տեսակն է, որն ուղիղ կապ ունի նրանց կյանքի հետ: Իմ գործունեությամբ նպաստելու եմ, որ մարդիկ տեղեկանան և հետաքրքրվեն այն ամենով, ինչը կանխորոշում է նրանց այսօրվա կյանքն ու ապագան: Բազմաթիվ լրագրողներ ու իրավապաշտպան կազմակերպություններ կան Հայաստանում, որոնք աշխատում են ավելի թափանցիկ դարձնել հանրային ունեցվածքի կառավարումը, բացահայտել կոռուպցիոն գործարքները՝ նշելով կոնկրետ անուններ և փաստեր: Ես լինելու եմ արդարության համար պայքարողների  գործընկերը Ազգային Ժողովում և նպաստելու եմ, որ հանրային կառավարումը լինի հնարավորինս թափանցիկ ու հաշվետու: Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է փոխվի ոչ միայն իշխանությունը, այլ՝ նաև ընդդիմությունը, որը չպետք է միայն «դեմ»-ի կոճակ սեղմող լինի, այլ ամեն կոնկրետ խնդրի վերաբերյալ լուծումներ առաջարկի, հանրության շրջանակում կարևոր ու ոչ պոպուլյար թեմաների մասին խոսակցություն ծավալի:

 

Պատրա՞ստ եք արդյոք պաշտպանել կանանց շահերը նաև խորհրդարանական ամբիոնից:

 

-Պատրաստ եմ տնտեսապես, բարոյապես, հոգեպես և իրավունքի տեսանկյունից ուժեղացնել կանանց, որ իրենք պաշտպանեն իրենց շահերը: Ես կլինեմ նրանց համար օրինակ և գործընկեր այս հարցում ամեն տեղ՝ այդ թվում նաև Ազգային Ժողովում: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ կանայք Հայաստանում ոչ միայն մարդկայնորեն օգնեն իրար՝ կարիքի դեպքում, այլև լինեն գործընկերներ ու աջակիցներ տնտեսական և հասարակական գործունեության ժամանակ, բարձրաձայնեն իրենց խնդիրները, իրար խոսքի հնարավորություն տան և քվեարկեն գաղափարակից կանանց օգտին: Հայաստանում կանայք մեծամասնություն են և նրանց գործընկերությունը, աջակցությունն ու փոխօգնությունը շատ բան կարող է փոխել և իրենց, և իրենց սիրելի տղամարդկանց կյանքում: Իմ անվերապահ ու լիակատար աջակցությունը կլինի կանանց այս գործում: 

  

Ինչպե՞ս եք վերաբերում կանանց նկատմամբ խտրականությանը  և անհավասարության դրսևորումներին առհասարակ և քաղաքականության մեջ՝ մասնավորապես:  

 

-Չեմ կարող անտարբեր լինել   որևէ տեսակի խտրականությանը: Առհասարակ, ես խտրական և նույնիսկ վիրավորական եմ համարում «կինը քաղաքականության մեջ» թեմաներով խոսակցությունը, կարծես՝ դա մի այնպիսի արտառոց ու տարօրինակ երևույթ է ինչպես փիղը կրկեսում: Այդ տեսանկյունից խոսակցությունը դուրս է քաղաքական կոնտեքստից, առանձնացնում է կնոջը քաղաքականությունից և նրան տանում ուրիշ դաշտ՝ հեռացնելով բուն քաղաքական թեմաներից: Ինձ նաև հաճախ հարցնում են, թե ինչպե՞ս եմ ես ինձ զգում տղամարդկանց միջավայրում, ես պատասխանում եմ, որ ես իմ գործունեության միջավայրում եմ ինձ զգում, ոչ թե՝ տղամարկանց: Կամ հարցնում եմ, թե ինչպե՞ս եմ համատեղում ընտանիքն ու քաղաքական գործունեությունը, կարծես թե մեկը մյուսին բացառող հանգամանքներ են: Կարծում եմ՝ նույնիսկ հարցադրումների մակարդակում պետք է զգույշ լինել և բացառել կնոջը քաղաքականության մեջ որպես ինչ-որ արտառոց օբյեկտ դիտելուց, այլ փորձել հնարավորինս շատ քաղաքական հարցերի միջոցով նրան ներքաշել բուն քաղաքականության մեջ:  Չէի ուզենա, որ  ինձ ավելի շատ հենց այս հարցերը տային, քան, օրինակ, ընտրական գործընթացների, նոր ընտրակարգի ու քվեակարգի մասին, մեր քաղաքական ծրագրերի ու նպատակների մասին, այն ամենի մասին, ինչով ես հիմա զբաղվում եմ:    

 

Համաձա՞յն եք այն կարծիքին, որ մեր պետությունը կանանց ներուժը արդյունավետ չի օգտագործում: Ի՞նչ պետք է անել այդ կարծրատիպը հաղթահարելու համար:

 

-Կա ուսումնասիրություն, որ աշխատանքի սահմանափակման և կանանց նկատմամբ աշխատանքի շուկայում գոյություն ունեցող խտրականության հետևանքով Հայաստանը համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշում առնվազն 50-60 մլն դոլար է կորցնում, բայց ես հակված չեմ կանանց և տղամարդկանց դիտարկել որպես ներուժ, որը պետք է օգտագործել տնտեսությունում աճ արձանագրելու համար: Հարցի կարևորությունը կարելի է այլ տեսանկյունից դիտարկել, օրինակ՝ խոսել այն մասին, որ աշխատանքը և տնտեսական գործունեությունը հնարավորություն են կանանց համար՝ ինքնադրսևորվելու, ֆինանսական անկախություն ունենալու ու հանրային կյանքում տեղի ունեցող փոփոխություններին մասնակցելու համար: Նրանց տնտեսական ակտիվությունն ինքնստինքյան կհանգեցնի տնտեսական աճին, սակայն, այստեղ կարևորը մարդն է ու նրա ներգրավվածությունն իր համար հաճելի ու օգտակար աշխատանքում: Ես առաջարկում եմ փոխել հարցի դիտարկումը և տնտեսության աճը դիտարկել՝ որպես կանանց տնտեսական ակտիվության դրական հետևանք, ոչ թե նպատակ:      

 

Կին քաղաքական գործչի  հաջողության Ձեր բանաձևը : Ի՞նչ դժվարություններ եք տեսնում այդ ճանապարհին: Ի՞նչ հատկանիշներ են հարկավոր կնոջը՝  դրանք հաղթահարելու համար:

 

-Հաջողության բանաձևն է լինել ավելի պրոֆեսիոնալ, քան տղամարդիկ են: Ոչ մի դժվարություն անհաղթահարելի չէ, եթե կա սովորելու ու աշխատելու ցանկություն:  

 

Ինչպե՞ս եք վերաբերում քվոտավորմանը և ինչպիսի՞ն պետք է լինի Ձեզ համար ընդունելի քվոտան:

 

Կարծում եմ՝ անհրաժեշտ, բայց ժամանակավոր լուծում է, որը կօգնի կանանց առաջադիմել քաղաքականության մեջ, և իրենց օրինակով հետաքրքրություն առաջացնել ու ճանապարհ  բացել այլ կանանց համար, որպեսզի նրանք իրենց արժանի տեղը գրավեն պետական կառավարման համակարգում ու դա ժամանակի ընթացքում կդառնա շատ բնական երևույթ և քվոտայի կարիք չի լինի:    

 

-Ձեր ուղերձն  այն քաղաքացիներին, ովքեր մտադիր են մասնակցել ընտրություններին և ընտրել հենց Ձեզ:

 

-Ես ինձ ընտրողներին առաջարկում եմ իմ գործընկերությունը Հայաստանում՝ իրավագիտակից, ակտիվ ու նախաձեռնող քաղաքացիների համար ճանապարհ հարթելու համար:     

 

Զրուցեց  Սոնա Մարտիրոսյանը

Դիտումների քանակը` 735

Վերադառնալ վերև