Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լիլիթ Ասատրյան. «Ինչպես են մեր թեկնածուները տեսնում Հայաստանը 10 տարի հետո»

 

Որպես ՀՀ քաղաքացի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչ իմ պարտքն եմ համարում հետևել քարոզարշավի ընթացքին, նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերին: Պետք է նշեմ, որ կանանց հարցերը, որպես թիրախ, դրված չեն, գոնե ակնառու չեն,  ինչը, կարծում եմ, բացատրելի է», – ասաց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի  նախագահ Լիլիթ Ասատրյանը WomenNet.am-ի հետ զրույցում :

 

 

Նրա կարծիքով, երկրի նախագահի պատասխանատվության շրջանակում ողջ հասարակության հետ կապված խնդիրների լուծումն է, եւ այս պարագայում  առանձնացնել կին և տղամարդ այնքան էլ տեղին չէր լինի.

–         Հատկապես, սոցիալ- տնտեսական ոլորտում մեր երկրում լուրջ խնդիրներ կան, որոնք իհարկե, ոչ միայն կանանց են վերաբերվում, այլ  ողջ հասարակությանը, եւ դրանց լուծումը բնականաբար կհանգեցնի  նաև կանանց շատ հիմնախնդիրների լուծմանը: Մյուս կողմից էլ հաշվի առնելով, որ կանայք բնակչության մեծ մասն են կազմում և կան հիիմնախնդիրներ, որ անմիջապես  կանանց են խոցելի դարձնում, կարելի էր  դրանք  առանձնացնել:

 

 

Լիլիթ Ասատրյանի դիտարկմամբ,  որքան էլ ներկայացված նախընտրական ծրագրերը իրար նման են, բայց միևնույն է, կարևորագույն՝  «ինչպես»  հարցի պատասխանը չի տալիս և ոչ մի թեկնածու:

 

 

Իսկ թե  ի՞նչ հարց կուղղեր նա  երիտասարդ կանանց  անունից  նախագահի թեկնածուներին, մեր հարցադրմանը պատասխանելիս ,  ասում է.

 

–         Ընդամենը մեկ հարց, որը  այնքան էլ չի վերաբերում  կանանց հիմնախնդիրներին: Կցանկանայի իմանալ, թե  ինչպես են մեր թեկանծուները տեսնում Հայաստանը 10 տարի հետո, իրենց տեսլականը այս հարցի վերաբերյալ: Սա կարծում եմ կարևոր հարցն է, ու մեր թերացումն է նաև այս 20 տարիների ընթացքում, երբ  առաջնորդվում ենք ոչ թե ապագան տեսնելու սկզբունքով, այլ անցյալի հետ համեմատություններով: Ցավոք սրտի, այսօր մենք առավել արձագանքող պետություն ենք, քան ռազմավարություն իրականացնող: Իսկ իմանալով տեսլականը, յուրաքանչյուր  քաղաքացին կիմանա՝ ինչի համար է աշխատում, ինչու է իր երեխային կրթության տալիս և առհասարակ կռիվ տալիս այս օրերի դժվարությունների հետ…

 

 

Լիլիթ Քոչինյան

Դիտումների քանակը` 3311

Վերադառնալ վերև