Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լիլիթ Բեգլարյան. «Ուզում եմ ունենանք ժամանակակից, առաջադեմ տեխնոլոգիաներով հագեցած, 21-րդ դարի ոգով շնչող քաղաք»

 

Երևանի ավագանու  ընտրություններին   ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված Լիլիթ Բեգլարյանը մասնագիտությամբ դիվանագետ է: Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ռոբերտ Շուման ինստիտուտի «Երիտասարդ առաջնորդներ» երիտասարդ քաղաքական գործիչների դպրոցում, Բուդապեշտում, ապա՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետում՝  ստանալով  բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: 2015-ից Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարն է, նաև  ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահն է:

 

 

 

-Այսօր՝ ընտրությունների նախաշեմին, շատ քաղաքացիներ և նաև Ձեր մրցակից քաղաքական ուժերը, կարելի է ասել, նախորդ տարիներին գրանցված թերացումների և բացթողումների գույքագրում են կատարել և դա նրանց հիմնական խաղաքարտերից մեկն է, որովհետև քննադատությունը շատ դեպքերում , իրոք, օբյեկտիվ են: Ընդունո՞ւմ եք արդյոք, որ նախորդ տարիներին քաղաքի կառավարումը կարելի էր ավելի արդյունավետ իրականացնել: Ո՞րն է այդ թերացումների պատճառը:

 

– ճիշտ չեմ համարում խոսել բացառապես բացթողումների կամ էլ բացառապես հաջողված ծրագրերի մասին։ Պետք է անդրադառնալ երկուսին էլ հավասարապես և հնարավորինս օբյեկտիվ։ Ես նկատում տարեցտարի ավելի մաքուր ու ավելի բարեկարգ քաղաք, ավելի լուսավոր քաղաք, համակարգված լուծումներ ստացած շատ առանցքային խնդիրների շարք: Դրա հետ մեկտեղ  նկատում եմ նաև թերություններ իմ քաղաքում։ Դուք դրանք անվանում եք թերացում, ես դրանք համարում եմ ապագայում լուծվող և լուծման իրենց հերթին սպասող խնդիրներ։ Հետաքրքիր է, որ ընդդիմադիրները զբաղվում են այլոց գործերի գնահատմամբ, լռելով իրենց  կողմից  նախաձեռնած օգտակար գործերի մասին:  Քննադատելը հեշտ է։ Հատկապես հեշտ է, երբ օգտակար գործ անելու փոխարեն ունես շատ ազատ ժամանակ։ Դուք նշեցիք, որ որոշ քննադատություններ քաղաքի կառավարման հարցում օբյեկտիվ են։ Այս առումով, կարծում եմ՝ մեր թիմը միայն ուրախ կլինի համատեղ օգտակար աշխատանքի համար։

 

ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում բազմաթիվ անելիքներ է նախանշել: Ձեզ համար, որո՞նք են քաղաքի ամենահրատապ խնդիրները:

 

-Խնդիրները չեմ տարանջատում ամենահրատապների և ոչ հրատապների, քանի որ փոխվում են ժամանակները, միջավայրը, պայմանները և դրանց զուգահեռ նաև հրատապ խնդիրները։ Երևանը հաճախ համեմատում եմ աճող օրգանիզմի հետ։ Եվ ինչպես աճող օրգանիզմի պահանջմունքներն են փոխվում, այնպես էլ մեր քաղաքինը։ Պետք է հաստատուն քայլերով ամբողջական լուծումներ տալ բոլոր խնդիրներին՝ ըստ հերթականության։ Եթե ծանոթ եք մեր ծրագրային դրույթներում ամրագրված խնդիրներին, ապա կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, որ բոլորն էլ առաջնահերթ լուծում պահանջող հարցեր են:

 

Ձեր նախընտրական ծրագրում նաև նշվում է, որ Երևանի հետ կապված երազանքները պետք է վերածվեն իրականության: Ինչպիսի՞ն է Ձեր երազանքների Երևանը:

 

-Մեր ներկայացրած նախընտրական ծրագիրը համակարգված և ամբողջական կերպով ներկայացնում է մեր ապագա Երևանի տեսլականը։ Եվ դրա ամբողջական իրագործումն էլ իմ երազած Երևանն է։  Իմ երազած Երևանը սպորտային է, առողջ ապրելակերպին նպաստող, լի մշակութային և հոգևոր արժեքներով։ Երևանն ուզում եմ տեսնել ավելի բարեկարգ, ավելի մատչելի, ավելի հյուրընկալ։ Ուզում եմ քաղաքս լինի ընտանեկան հաճելի հանգստի ու ժամանցի անփոխարինելի վայր: Երևանն ուզում եմ տեսնել որպես միջազգային երիտասարդական համագործակցության օջախ, որպես փառատոնների, տարաբնույթ համերգների, ցուցահանդեսների ու բազմաթիվ այլ միջոցառումների բնօրրան։ Ուզում եմ, որ այն հարուստ լինի նորարարական տեխնոլոգիաներով: Մեր քաղաքացին  ունի այդ մտավոր ներուժը, և մենք կարող ենք գիտության ձեռքբերումներն օգտագործել մեր կյանքն առավել հարմարավետ դարձնելու համար։ Շատ եմ ուզում, որ ունենանք ժամանակակից, առաջադեմ տեխնոլոգիաներով հագեցած, 21-րդ դարի ոգով շնչող քաղաք:

 

 

ԱԺ ընտրությունների առանձնահատկություններից մեկը երիտասարդ մասնագետների լայն ներկայացվածությունն էր  ցուցակներում: Այդ միտումը տեսնում ենք նաև ավագանու ընտրություններում: Ի՞նչը կարող է մոտիվացնել երիտասարդ, կարող մասնագետին մասնակցել այս ընտրություններին՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավագանիում ներգրավվածությունը հասարակական հիմունքներով է:

 

-Ես ներկայացված եմ քաղաքական կառույցի կողմից և ակտիվ ներգրավված եմ քաղաքական կուսակցության երիտասարդական կառույցի աշխատանքներում, բացի այդ ես ծնվել և ապրում եմ Երևանում, ուստի մտահոգ եմ իմ քաղաքի խնդիրներով։ Ցանկություն ունեմ օգտագործել իմ թիմի կողմից տրված այս հնարավորությունը և իմ համեստ ներդրումը ունենալ քաղաքիս զարգացման գործում։ Կարծում եմ՝ երիտասարդների հիմնական մոտիվացիան պետք է լինի բացառապես այս հանգամանքը: Սովորաբար, հենց հասարակական հիմունքներով աշխատանքի անցնելն էլ խոսում է անձի՝ տվյալ գործով զբաղվելու մեծ ցանկության և պատրաստակամությամ մասին:

 

 

Ձեր ելույթներից մեկում նշել եք, որ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է իր համար կարելիի ու անկարելիի նշաձողը դնի: Ձեզ համար, որպես երիտասարդ կին, ով հավակնում է դառնալ որոշումների կայացման գործընթացի մասնակից՝ առայժմ միայն Երևանի մասշտաբով, ո՞րն է այդ նշաձողը: Ինչպիսի՞ն պետք է լինի երիտասարդ կառավարիչը՝ հատկապես կինը:

 

-Իմ ելույթում խոսել եմ նշաձողի մասին, որը մենք՝ երևանցիներս պետք է սահմանենք, լինելով ամենաօրինակելին, ամենանախանձելին , ամենազարգացածը՝ օրինակ ծառայելով մյուս քաղաքներին ու կարծում եմ, որ երևանցին ունի այն պոտենցյալը, որպեսզի կարողանա իր քաղաքը դարձնել լավագույն օրինակ /role model/ այլ քաղաքների համար։ Միգուցե անսովոր հնչի, բայց կարծում եմ, որ հատկապես կառավարման ոլորտում կին-տղամարդ տարանջատումը շատ հարաբերական է։ Այս դեպքում բաժանումը պիտի լինի լավ և վատ կառավարչի միջև ։ Իսկ լավ կառավարիչը պետք է լինի պատասխանատու, լայնախոհ, նորարար, նվիրված և մշտապես քաջատեղյակ առկա խնդիրներից։ Շատ կարևոր է նաև, որ կառավարիչը չվախենա և միաժամանակ զգույշ լինի որոշումներ կայացնելիս։

 

 

Ավագանու մասին խոսելիս՝ շատերը նշում են, որ այն ֆիկտիվ կառույց է, որը որևէ ազդեցություն չունի քաղաքի համար կարևոր որոշումների կայացման գործում: Մեծ հաշվով, մարդիկ անգամ չեն ճանաչում ավագանու անդամներին: Կարծում եք՝ երիտասարդների ներգրավվածությունը կարո՞ղ է փոխել այս առումով որևէ բան: Ավագանին, ի վերջո, կդառնա՞ գործող կառույց, որի աշխատանքը տեսանելի կլինի շարքային քաղաքացու համար:

 

-Ավագանին տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից։ Այս նախադասությունն ամբողջովին արտացոլում է ավագանու գործունեության տրամաբանությունը։ Չեմ կարծում, որ ավագանու անդամներին ծանոթ չլինելը որևէ կերպ ազդում է քաղաքի կառավարման էֆեկտիվության վրա։  Ասում եք չե՞ն ճանաչում։ Գիտեք ինձ հետաքրքրեց Ձեր հարցը ու կխնդրեմ անցնեք մեր ցուցակի անուններով ու հետո ինձ գրեք, թե քանիսին էիք ճանաչում։ Դե, իսկ երիտասարդությունն էլ հասարակության այն խումբն է, որն աչքի է ընկնում ակտիվությամբ՝ շփումներում, զրույցներում, ինֆորմացիայի հավաքագրմամբ, յուրացմամբ և տարածմամբ։ Եթե, իսկապես, կա ավագանիներին ճանաչելու կամ նրանց գործը ավելի տեսանելի դարձնելու խնդիր, ինչը կարծում եմ նաև չափազանցված է, ապա ինչո՞ւ ոչ, կզբաղվենք նաև տեղեկատվությունն ավելի հասանելի ու մատչելի դարձնելու գործով։  Իսկ ինչ վերաբերում է երիտասրդների ներգրավմանը և նրանց կողմից բերվող փոփոխություններին, ապա այո, երիտասարդները ցանկացած ոլորտում թարմ ու նորարարական գաղափարների քարոզողն են դառնում ու իրենց ուրույն տեղն ունենում յուրաքանչյուր կառույցի աշխատանքներում։

 

Դուք երիտասարդ կին եք, ով իր ճանապարհը կառավարման ոլորտում սկսում է մայրաքաղաքից: Ի՞նչ բարդությունների է հանդիպում կինը, ով որոշումների ազդեցությունը կրողից փորձում է դառնալ որոշումներ կայացնող:

 

-Ցանկանում եմ նշել, որ մեր երիտասարդական կազմակերպությունում  մենք ակտիվ մասնակցություն ունենք ոչ միայն որոշումների կատարման, այլև դրանց կայացման պրոցեսում:  Յուրաքաչյուր աշխատող մարդու ճանապարհը հեշտ չէ: Ինչպես նշեցի արդեն, բարդության հանդիպում է թե՛ կինը, թե՛ տղամարդը; Իսկ բարդությունների բնույթը պայմանավորված է նախանշած ծրագրերի տարողունակությունից և  գաղափարներին նվիրված լինելու հանգամանքից: Կարող է թվալ, թե որոշում կայացնող լինելը հաճույք է, բայց դա առաջին հերթին մեծագույն պատասխանատվություն է, որին ամենայն լրջությամբ է պետք մոտենալ: Հարկավոր է գիտակցել, որ որոշում կայացնողը պետք է հաշվետու լինի արված յուրաքանչյուր քայլի համար:

 

Ընտրություններին հաշված օրեր են մնացել: Քաղաքացիների հետաքրքրվածությունը դրանցով այդքան էլ մեծ չէ: Ի՞նչ կասեք նրանց, ովքեր իրենց ձայնը որոշիչ չեն համարում: 

 

-Կարծում եմ՝ դատողությունների նման բացարձակայնացումը այդքան էլ իրատեսական չէ: Ակտիվ մասնակցելով քարոզարշավի բակային հանդիպումներին՝ ես բոլորովին այլ պատկերի ականատես եմ լինում: Յուրաքանչյուր երևանցի մտահոգ է իր քաղաքի ապագայի համար և ուզում է ունենալ պատասխանատու քաղաքային իշխանություն: Ուստի ես վստահ եմ, որ մայիսի 14-ին երևանցին գնալու է ընտրության՝  հստակ գիտակցելով, որ իր վրա է դրված քաղաքի կայուն զարգացման ապագան: Իսկ բոլոր նրանց, ովքեր չգիտեն իրենց քվեի արժեքը, ես ևս մեկ անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ ինչպես ցանկացած ընտրության ժամանակ, այս անգամ ևս յուրաքանչյուր քաղաքացու ձայն որոշիչ է:

 

Սոնա Մարտիրոսյան

Դիտումների քանակը` 691

Վերադառնալ վերև