Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լիլիթ Գալստյանին առաջարկել էին գլխավորել միասնական դաշինքի ցուցակը

 

Ազատության հրապարակում երեկվա ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատեց այն տեղեկությունները, թե ինքն  նախնական քննարկումների ժամանակ առաջարկել էր, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ -իի հետ հնարավոր միասնական  ցուցակը գլխավորի ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Այլ հարց է, որ այդ միասնությունը չկայացավ  եւ ՀՅԴ-ն  որոշեց մասնակցել  ընտրություններին առանձին:

 

«Ես հաստատում եմ այն փաստը, որ մենք, ցանկանալով համապարփակ հասարակական-քաղաքական այլընտրանք առաջարկել առաջիկա ընտրություններին, առաջարկեցինք Դաշնակցության անդամ Լիլիթ Գալստյանի թեկնածությունը Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի առաջին տեղում»,-հայտարարեց «Ժառանգության» առաջնորդն ու հավելեց, որ իրենք ամեն ինչ արել են մայիսի 5-ին կայանալիք ընտրություններում միասնաբար մասնակցելու համար: Հովհաննիսյանը «Բարև Երևան» ցուցակը համարեց հաղթական ու չհամաձայնվեց քաղաքական այն գործիչների հետ, ովքեր պայմանավորում են միասին չգնալու փաստը ինչ-որ ամբիցիաներով:

 

«Այդ ամբիցիաները բոլոր ուժերի մոտ կան, բայց «Ժառանգության» մոտ դրանք ամենանվազն են, մենք դա փաստում ենք այս և նախորդ ցուցակներով»,-ասաց Հովհաննիսյանը:

 

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանն ավելի ուշ արձագանքեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ով ՀՅԴ ցուցակի երկրորդ հորիզոնականում է: Ինչպես նշել է Ա. Վարդանյանը տարածած հայտարարության մեջ.

 

«Այո, պրն Հովհաննիսյանը ճիշտ է ասել այդ առաջարկը եղել է: Բայց սա մեր քննարկումների, խորհրդակցությունների, բանակցությունների մի մասն է միայն: Հարցն ունի նախապատմություն: Պետք է ասել ամբողջը: Եթե ասում ենք «գիմ»-ը, պետք է արդեն ասած լինենք «այբ»-ն ու «բեն»-ը»»:

 

Ա. Վարդանյանի խոսքով, ՀՅԴ-ն «Ժառանգությունն» առաջարկել է` ամենաճիշտ տարբերակն այն է, որ միասնական ցուցակը գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ դաշնակցականները պատրաստ են լինել երկրորդը:

 

«Դրանից հետո «Ժառանգություն»-ն առաջարկել է, որ ցուցակը գլխավորի Արմեն Մարտիրոսյանը: Մենք ասել ենք` ճիշտ լուծում չէ` նույն նկատառումներից ելնելով: Եթե գնում ենք միասին և այս ընտրությունները դիտում ենք հանգրվան, պետք է կուսակցության ղեկավարը, առաջնորդը ցուցակը գլխավորի: Նաև ասել ենք` եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ-ինչ պատճառներով չի ուզում, ապա երկրորդ ուժի ղեկավարը` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պետք է գլխավորի ցուցակը: Սա ոչ թե ամբիցիայի խնդիր է, այլ քաղաքական պայքար տանելու հանգրվան»:

 

Ինչ վերաբերում է Լիլիթ Գալստյանի` ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնելու հարցին, ապա Վարդանյանը մանրամասնում է.

 

«Հետո, երբ արդեն պարզ էր, որ ՀՅԴ-ն գնալու է առանձին և ցուցակը գլխավորելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, մեզ առաջարկություն է եղել պրն Հովհաննիսյանից, որ   ցանկը գլխավորի Լիլիթ Գալստյանը: Մենք ասել ենք` Լիլիթ Գալստյանը մեր ընկերուհին է, Երևանի հարցերով բազմիցս ելույթներ է ունեցել, բայց մեր սկզբունքը հետևյալն է` սա քաղաքական պայքար է, և քաղաքական առաջնորդները պետք է ղեկավարեն, սա պետք է լինի քաղաքական, այլ ոչ թե քաղաքացիական նախաձեռնություն: Մենք նորից պնդել ենք մեր առաջարկությունը` Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորի ցուցակը: Բացի այդ մենք «Ժառանգության»-ը նաև ասել ենք` մենք հարգում ենք Ձեր տեսակետը, գնահատում ենք Րաֆֆի Հովհաննիսյանը դերը, բայց որևէ մեկը չի կարող ՀՅԴ-ին թելադրել, թե դաշնակցականներից ով լինի ցանկում»:

 

Դաշնակցական գործիչը նշում է, որ Լիլիթ Գալստյանին կուսակցությունը առաջարկել է զբաղեցնել  ՀՅԴ ցուցակի առաջին տեղերից մեկը.

 

«Լիլիթ Գալստյանի հետ կապված. վստահ եմ` մեր հասարակությունը, լրագրողները հիշում են, երբ ակնհայտ է, որ ՀՅԴ-ն գնալու է առանձին, մամուլում էլ գրվեց, որ մեր ցանկի առաջին համարներից մեկը լինելու է Լիլիթ Գալստյանը, ցավոք վերջին պահին նա, թերևս, անձնական, կամ ինչ-որ այլ մոտեցումների պատճառով չհամաձայնեց լինել Դաշնակցության ցանկում` փորձելով իրեն հեռու պահել քաղաքական այս պայքարից: Իր անձնական խնդիրն է»:

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Լիլիթ Գալստյան. «Ցուցակում չլինելը իմ անձնական որոշումն է»

 

 

Դիտումների քանակը` 1961

Վերադառնալ վերև