Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լիլիթ Գալստյան. «Երջանկության օազիսներ կան շուրջս, որ ուրախացնում են»…

WomenNet.am-ի հետ զրույցում անցնող տարին  է ամփոփում  ՀՅԴ-անդամ Լիլիթ Գալստյանը, ում համար հասարակական ու քաղաքական ակտիվությունը ապրելակերպ է, որ կախված չէ պատգամավոր լինելու կամ չլինելու կարգավիճակից: Նա այն եզակի կանանցից էր, որ ողջ եռանդով մասնակցեց այս տարվա խորհրդարանական  քարոզարշավին, այնուհետեւ նույն անձնվիրությամբ  միացավ «Օգնիր եղբորդ» սիրիահայերին աջակցելլու նպատակով ստեղծված  նախաձեռնությանը… Ասում է, որ  իրեն  շրջապատող  «երջանկության օազիսներն» են ուժ ու եռանդ հաղորդում իրեն…  

 

–         2012 թվականն անհանգիստ տարի էր։ Իսկ, թե  ե՞րբ են մեր ժամանակներն հանգիստ եղել, ես նույնիսկ չեմ էլ հիշում։ Անստույգ ներկայի և անորոշ ապագայի տագնապը հավանաբար մեր օրերի անբաժան մոտիվն է։

2012- ի առաջին կեսն անցկացրել եմ  ԱԺ պանգամավորի մանդատով, երկրորդ կեսն՝ առանց։ Սրանից  ոչ հոգեվիճակս է փոխվել, ոչ էլ հասարակական-քաղաքական  տեսակիս հոգս- հանձնառությունը։ Ինչպես և առաջ, շարունակել եմ ու շարունակելու եմ ինձ համար  հավասարաչափ սիրելի, կարևոր  ու անբաժան քաղաքական և մշակութային դաշտերում ծառայությունս։

 

Ինչո՞վ է նշանավորվել անցնող տարին Ձեր ընտանիքի համար, անձամբ  Ձեզ համար:

 

-Այս տարի վերջապես ավարտեցի տան նորոգումը  ու տեղափոխվեցի նոր բնակարան. հևքոտ առօրյայիս մեջ մի հոգս պակաս։ Տան զգացողությունը կարևոր է, ինքս ինձ  հետ լինելու անձնական տարածքն է։ Երջանկության օազիսներ կան շուրջս, որ ուրախացնում են։ Ամեն օր աղոթում եմ, որ Աստված երկար կյանք տա ծնողներիս։ Եղբորս  տղաները, որ նաև իմն են, շուտով բանակ պիտի գնան, աղոթում եմ, իրենց ու  մեր բանակի բոլոր զինվորների համար, որ ծառայությունը խաղաղ ու անվտանգ լինի։

 

Իսկ  Հայաստանի համար ինչպիսի՞ն  էր տարին , որո՞նք էին, ըստ Ձեզ, ամենակարևոր իրադարձությունները մեր պետության համար:

 

– Անցնող տարին խորհրդարանական  ընտրությունների  տեսքով ու արդյունքներով, խորացրեց մեր երկրի բարոյական ու քաղաքական ճգնաժամը։  Ճշմարիտ արժեքների փսորումը կարծես անկասելի է դարձել։ Մեր հուսահատությունն ու  անպաշտպանվածությունը սնող բազմաթիվ օրեր ապրեցինք՝ Վահե Ավետյանի սպանությունը, քաղաքացիական ընդվզումի պոռթկումներ առաջացրած այլ իրողություններ…քաղաքական դաշտի ամլություն, մոլորված և ապատիկ, չպաշտպանված իրավունքներով հասարակություն։

 

Հուսադրող կամ ոգևորող պահեր էլ ապրեցինք, ու դրանք մշակութային, մարզական դաշտում են։ Մեր ազգային արժանապատվությունը շոյեցին մեր շախմատիստներն  ու այլ մարզիկներ…

 

Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2013-ից:

-Մի շարք մշակութային ծրագրեր ունեմ. պիտի փորձեմ իրականացնել դրանք։ Իսկ առհասարակ շատ եմ ուզում եմ, որ հասարակությունս խաղաղ ապրի, չվիրավորված արժանապատվությամբ,  իր հեռանկարն ու ապագան Հայաստանում տեսնի, որ ոչ մի հայ մայր չտագնապի բանակում ծառայող որդու համար։

 

Ձեր բարեմաղթանքները

-Ամենալավ բաներն առջևում են` այս փիլիսոփայությամբ եմ ապրում։ Այսպես կյանքն ավելի տանելի է դառնում ու հայացքդ մաքուր։ Կմաղթեի, որ իմ հայրենակիցները երբեք չկորցնեին լավատեսությունը և չմոռանային,  որ ավելի լավ հայրենիք ու պետականություն  ունենալու մեջ դերակատար են։

Զրուցեց՝ Էնզելա Մակարյանը

Դիտումների քանակը` 3151

Վերադառնալ վերև