Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լիլիթ Հակոբյան. «Աֆլաթուն»-ը սովորեցնում է առաջ գնալու արվեստը

Հուսահատությունից՝ հաջողություն, անկումից՝ առաջ գնալու մղում, աշխատանքից՝ արդյունք: Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում ծնված սովորական աղջիկն այսօր սոցիալ-ֆինանսական կրթական ծրագրեր է իրականացնում գյուղական համայնքներում ապրող երեխաների ու ուսուցիչների համար: Սովորելով ու սովորեցնելով ռաջ գնալու արվեստը  Լիլիթ Հակոբյանն ամեն օր փորձում է փոխել աշխարհը՝ իր ու իր նման երեխաների համար:

 

1990-ականները  լուրջ փորձություն դարձան Հայաստանի հազարավոր ընտանիքների համար, այդ թվում՝ Լիլիթի. հայրը ստիպված էր արտագնա աշխատանքի մեկնել՝ ընտանիքի հոգսերը հոգալու համար: Հանդիպած անհաջողություններն ու ընտանիքից հեռու մնացած  տարիներն անդառնալի հետևանքներ ունեցան հոր առողջության վրա: Նրա  կորուստն ու ծանր մանկությունն ու կարող էին կոտրել Լիլիթին, բայց 16-ամյա աղջիկը կյանքի դառնություններից  ուժեղ գտնվեց:

 

Լիլիթը հիմա գիտի՝ ձախողել ու պարտվել կարող են բոլորը, անգամ՝ ամենաուժեղները: Այս գիտակցումը փոխեց նրա կյանքը, ստիպեց հասկանալ՝ ձախողելուց հետո առաջ գնալ է պետք, պարտությունից հետո հաղթանակներ կան: Պետք է կարողանալ  ոտքի կանգնել՝ ամեն անկումից հետո: Այսօր ձախողումներից չվախենալու մասին Լիլիթը պատմում է իր աշակերտներին: Պատմում է, որ նրանք էլ հասկանան՝ պարտությունը նախ և առաջ լավ կենսափորձ է՝ հաջորդ հաղթանակների համար:

 

Բարձրագույն կրթությունն ու գերազանցության դիպլոմը –   Լիլիթ Հակոբյանի առաջին մեծ հաղթանակն էր: Սոցիալական աշխատողի մասնագիտությունն այսօր էլ շատ է օգնում երիտասարդ աղջկան՝ կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք միտված են գյուղաբնակ երեխաների և պատանիների սոցիալական ապահովությանն ու մասնագիտական կողմնորոշմանը:

 

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) Լիլիթի համար նախ դպրոց դարձավ, իսկ հետո՝ նաև աշխատավայր: Հիմնադրամի նախկին շահառու Լիլիթն իր փորձով համոզվեց՝ գյուղական համայնքների երեխաները շատ հաճախ զրկված են կրթության ու առաջընթացի, հավասար մեկնարկային պայմանների հնարավորությունից: COAF –ը Լիլիթի համար դարձավ ոչ միայն մեկնարկային կետ, այլև «էքզիստենցիալ հարցերի պատասխանները» տվեց.

 

«Ինձ համար շատ ընկալելի և ողջունելի  է COAF-ի այն մոտեցումը, որ  ծրագրերը պետք է  նաեւ գյուղական համայնքներում իրականացնել: Այնպես է ստացվել, որ կյանքը, կարծես, կենտրոնացել է Երևանում: Շատ կարևոր է, որ երեխաները՝ անկախ բնակության վայրից, ունենան նույն հնարավորությունները: Աշխատելով նախ մեր գյուղում՝ Դալարիկում, իսկ հետո նաև շատ այլ համայնքներում, ես գտա նաև ինձ համար շատ կարևոր հարցերի պատասխաններ՝ ինչ եմ ուզում անել հետագայում և ուր եմ ուզում հասնել»,- պատմում է Լիլիթը:

 

Արտասահմանում վերապատրաստվելուց հետո Լիլիթը Արմավիրի և Լոռու մարզերում իրականացրեց երեխաների սոցիալական և ֆինանսական կրթության «Աֆլաթուն» ծրագիրը՝ նախատեսված  միջին և ավագ դպրոցականների համար:

«Աֆլաթուն» սոցիալ-ֆինանսական կրթության  ծրագիրը նպաստում է երեխաների ինքնաբացահայտմանը, ծանոթացնում  իրենց իրավունքներին և պարտականություններին, սովորեցնում խնայել ռեսուրսները և խելամտորեն ծախսել, օգնում է պլանավորել և բյուջե կազմել, և որպես արդյունք՝ հանդես գալ սոցիալական կամ ֆինանսական նախաձեռնությամբ: Արդյունքում` համայնքն ունենում է նախաձեռնող ու ինքնավստահ ձեռներեց-երիտասարդներ: Հայաստանում ծրագիրն առաջին անգամ իրագործվել է 2014-2015 թթ. ուստարում Արմավիրի մարզի Դալարիկ և Գետաշեն գյուղերում: Տեղացի պատանիները, մեկ տարվա ընթացքում յուրացնելով որոշակի գիտելիքներ, վերամշակեցին կենցաղային թափոնները, զարդեր ու առօրյա գործածման իրեր պատրաստեցին, որոնք արդեն իսկ ունեն իրենց սպառողները: 

 

««Աֆլաթուն» ծրագրի գլխավոր նպատակը երեխաներին ինքնաճանաչման ու դրսևորման հնարավորություն տալն և օգնելը, որ նրանք ավելի լավ ընկալեն աշխարհն ու շրջակա միջավայրը:   Այս ծրագրի մեջ ինձ հատկապես գրավում է այն, որ երեխաները բախվում են կարծրատիպերի և հասկանում են, որ հենց դրանք են անձի զարգացման հիմնական արգելքը: Իրենք գտնում են նաև լուծումը՝ կոտրելով կարծրատիպերը, ազատություն են ստանում, իսկ ազատությունն ուժ է»,- ասում է Լիլիթ Հակոբյանը:

Երեխաների հետ աշխատանքը Լիլիթի ղեկավարած ծրագրի միայն առաջին փուլն էր. դրանից հետո մեկնարկեց մարզային դպրոցների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Արմավիրի մարզի Դալարիկ, Գետաշեն, Հացիկ ու Վանանդ գյուղերի և Լոռու մարզի Թումանյան, Դսեղ, Քարինջ և Մարց համայնքների 2-ական ուսուցիչներ Լիլիթի անցկացրած վերապատրաստումներից հետո արդեն ինքնուրույն են վարում «Աֆլաթուն» խմբակն իրենց համայնքներում.

 

«Ինձ համար կարևոր էր, որ ծրագրում ընդգրկված մասնագետները պատրաստ լինեին փոփոխությունների աշխատանքային մեթոդների կամ մոտեցումների հարցում: Ծրագրի առանցքում աշակերտակենտրոն կրթությունն է, որը հաճախ խորթ է ավանդական մեթոդներով աշխատող ուսուցիչներին: Սկզբում մտավախություն ունեի, որ տարիքային տարբերությունը կարող է խոչընդոտ դառնալ ծրագրի իրականացման համար, բայց ընթացքում ձևավորվեցին շատ ճիշտ, գործընկերային հարաբերություններ, ինչի արդյունքում ծրագիրը հաջողությամբ իրականացավ»,- պատմում է Լիլիթը:

 

Երիտասարդ աղջիկը հիմա արդեն հստակ գիտի՝ իր տեղը գյուղն է, ջանք ու եռանդ չի խնայելու գյուղում ապրող երեխաներին և պատանիներին կրթելու համար:  «Բայց ամենակարևորը՝ ուզում եմ, որ այս երեխաները հաստատ իմանան՝ իրենք կարող են, իրենց առաջ բոլորը դռները կորող են բացվել՝ կրթության ու կամքի շնորհիվ»,- ասում է Լիլիթ Հակոբյանը:

 

Սոնա Մարտիրոսյան

Դիտումների քանակը` 1558

Վերադառնալ վերև