Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լյուդմիլա Սարգսյանը մտադիր է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններում

 ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը առաջարկ  է ստացել «Ծառուկյան» դաշինքից մասնակցելու  մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Առաջարկի շուրջ քննարկումը դեռ ընթացքի մեջ է , բայց WomenNet-ի հետ զրույցում տիկին Սարգսյանը վստահ նշեց, որ այն ընդունելու է և ընտրություններին մասնակցելու է: Թե ցուցակի ո՞ր տեղում կլինի նա ներկայացված՝ այս ամենի շուրջ պայմանավորվածությունները դեռ առջևում են:

 

-Առաջարկ եղել է, բայց այս պահին ես դեռ չգիտեմ, թե ինչ տրամաբանություն է դրվելու այդ ցուցակի մեջ, ո՞ր տեղում ես ներկայացված կլինեմ: Իմ կողմից առաջարկը ողջունվել է, այս պահին դա է կարևոր: 

 

 

Իսկ Ձեզ համար նշանակություն կարող է ունենալ, թե ո՞վ է գլխավորելու ցուցակը, հնարավո՞ր է դրանից Ձեր որոշումը փոխվի:

 

-Միշտ էլ դա շատ կարևոր է: Ցանկալի է, որ ցուցակը գլխավորի մարդ, անկախ նրանից, թե որ կուսակցությունից է, ով և՛ առաջնորդի հատկանիշներ ունի, ով և՛ կարող է այդ խմբակցությունը ճիշտ ղելավարել ու խնդիրներ վերհանել, լուծումներ առաջարկել: Այնպես որ՝ այո, շատ կարևոր է, թե ով կգլխավորի ցուցակը:

 

 

Հայաստանում կին քաղաքապետ ընդհանրապես չկա, հնարավո՞ր  եք համարում, որ  Երևանի ավագանու այս ընտրություններում այդ անհավասարությունը ճեղքվի ու մայրաքաղաքը կին քաղաքապետ ունենա:  

 

-Որպեսզի հասարակությունը դրան պատրաստ լինի, պետք է, որ մարդիկ առնչվեն կին ղեկավարի հետ և տեսնեն, թե որքանով է կինը կարողանում ղեկավարել քաղաքը: Դա ժամանակի ընթացքում կա՛մ կարդարացվի, կա՛մ ոչ, թեև ես համոզված եմ, որ կին քաղաքապետը ճիշտ լուծում է ու չարդարացնելու որևէ խնդիր չի առաջանա: Հետևաբար պետք է գնալ դրան, փորձել հաղթահարել և դառնալ քաղաքապետ, որից հետո տեսանելի կլինի, թե ինչքանով կինն  արդարացրեց սպասումները: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ կանայք սովորաբար ավելի հոգատար են իրենց տնտեսության նկատմամբ, իսկ տվյալ դեպքում մեր տնտեսությունը քաղաքն է լինելու, և ավելի քան վստահ եմ, որ կին քաղաքապետը կարող է շատ ավելի բարեկարգ Երևան ունենալ, քան  տղամարդիկ փորձում են դա անել: Որովհետև եթե մենք կարողանում ենք մեր տնտեսությունը կարգի բերել, գեղեցկացնել տունը և հոգատարություն դրսևորել ընտանիքի ամեն մի անդամի նկատմամբ, հետևաբար կինը քաղաքապետի պաշտոնում կարող է իրեն  լավագույնս դրսևորել:

 

 

– ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո Հայաստանում Երևանի ավագանու ընտրությունները իրենց կարևորությամբ երկրորդ համապետական ընտրությունն են: Արդյո՞ք տղամարդիկ  կզիջեն քաղաքապետի  պաշտոնը կնոջը:

 

-Դժվա՜ր թե (ծիծաղում է- Լ.Խ.): Ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերը ընտրության մասնակցության ցուցակը ներկայացնելիս և առաջին համարը գրելիս առաջնորդվում են ոչ թե սեռով, այլ թեկնածուի կարողությամբ ու պրոֆեսիոնալիզմով: Բայց եթե ուժերը համարձակություն կունենան և կտեսնեն այդպիսի կին, ում կվստահեն այդ առաքելությունը, ապա դա արդեն իսկ հաղթանակ կլինի: Կարևոր չի, թե ով կլինի այդ կինը, խոսքը, իհարկե, կարող կնոջ մասին է,  պիտի նաև փորձենք այդ սցենարը մի անգամ աշխատացնել ու ընտրություն կատարելու հնարավորություն տալ քաղաքացիներին, որ տեսնենք  կարո՞ղ է կինը գլխավորել քաղաքը, թե ոչ:

 

 Լիա Խոջոյան

 

 Հ.Գ. Նշենք, որ հարցազրույցից հետո  հայտնի  դարձավ  մեկ կին քաղաքապետի թեկնածու մասին. ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի բացառել, որ իր գլխավորած նոր՝ «Երկիր ծիրանի» կուսակցությունով կմասնակցի Երևանի ավագանու ընտրությանը , հետևապես ենթադրելի է, հենց ինքն էլ կլինի քաղաքապետի թեկնածուն:  

 

Դիտումների քանակը` 284

Վերադառնալ վերև