Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լյուդմիլա Սարգսյան. «Զարմանալի հարցեր եք տալիս, ինչո՞ւ պետք է հրաժարվեմ մանդատից»:

Հայ Ազգային Կոնգրեսի համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չի պատրաստվում մանդատից հրաժարվել,  բայց  իր  հետագա անելիքների մասով  լռության միամսյակի իրավունք է վերապահում իրեն:

 

WomenNet.am – զրույցում Լյուդմիլա Սարգսյանը   հերքեց մամուլում տարածված լուրերը այն մասին, որ իրեն իբր ստիպում են հրաժավել մանդատից ի օգուտ   Սարիբեկ Սուքիասյանի:

 

«Զարմանալի հարցեր եք տալիս, ինչո՞ւ պետք է հրաժարվեմ մանդատից: Ինքս նման կարծիք երբեք չեմ արտահայտել: Մի՞թե չեմ կարող Ազգային ժողովում աշխատել ու օրենքներ գրել, զարմանում եմ, որ նման լուրեր են  շրջանառվում», – հարցին հարցով պատասխանեց Սարգսյանը` հավելելով, որ ուրախ կլինի, որ նաեւ Սարիբեկ Սուքիասյանն անցնի, բայց որեւէ մեկի համար իր մանդատից հրաժարվել չի պատրաստվում, քանզի պատասխանատվություն է զգում  ժողովրդի կողմից տրված վստահության քվեի  համար:

 

Ինչ վերաբերում է ապագա խորհրդարանում Լյուդմիլա Սարգսյանի գործունեությանն եւ առաջիկա ծրագրերին, ապա այս հարցում նա լռության միամսյակի իրավունք է վերապահում իրեն:

 

«Պատճառները տարբեր են, չխոսելու որոշում կայացնելը մանդատի հետ կապ չունի, պարզապես այդպես եմ որոշել: Խոստանում եմ մեկ ամսից պատասխանել ձեր հարցերին», ասաց Սարգսյանը` խոստանալով, որ  հավերժ լռելու մտադրություն չունի եւ 30 օր անց կպատասխանի լրագրողներին եւ հասարակությանը հուզող բոլոր հարցերին:

 

Հիշեցնենք, որ մասնագիտությամբ  ինժեներ  Լյուդմիլա Սարգսյանը 2004 թվականից ՍԴՀԿ ատենապետուհին է: Իր նախընտրական ելույթներում նշել էր, որ  ԱԺ մտնելն ինքնանպատակ չի համարում, որ լուրջ անելիքներ է տեսնում  սոցիալ-տնտեսական ոլորտում  եւ  կարեւորում է թոշակառուների ու հաշմանդամ անձանց  հիմնախնդիրների բարձրաձայնումը:

Հ. Հ.

Դիտումների քանակը` 2395

Վերադառնալ վերև