Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լյուդմիլա Սարգսյան «Ուզում եմ, որ քաղաքականությունն ավելի բարոյական լինի»…

« Եկել եմ քաղաքականություն, որովհետև ուզում եմ, որ այն ավելի մարդկային կերպարանքով լինի, ավելի բարոյական: Ապրենք մի երկրում, որտեղ սահմադրությունն օրենք է բոլորի համար, երկիր, որտեղ օրենքը պաշտպանի մարդուն: Ուզում եմ, որ քաղաքացին պահանջատեր լինի ու հետևողական իր պահանջատիրությանը, որ հասկանա, որ յուրաքանչյուր մարդ  ավելի մեծ արժեք ունի, քանի եկող ու գնացող իշխանությունները», – այսպես է պատկերացնում իր անելիքը քաղաքական դաշտում Հայ ազգային կոնգրեսի անդամ, Հայաստանի Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն, ով իր խոստմանը հավատարիմ մնալով  առաջին հետընտրական հարցազրույցը WomenNet.am-ին տվեց:

«Մարդը կամ մտածող է, կամ ոչ, մտահոգ է, կամ` ոչ»…

–         Չեմ կարծում, որ քաղաքականությամբ զբաղվելու համար շարժառիթի անհրաժեշտություն կա: Մարդը կամ մտածող է, կամ ոչ, մտահոգ է, կամ` ոչ: Երբեք ինձ դուրս չեմ համարել քաղաքական գործընթացներին, որովհետև մշտապես ինձ մտահոգել է այն, ինչ կատարվում է  երկրում: և բնական է, այդ մտահոգությունները ստիպել են կողմնորոշվել` լինել ուղղակի քաղաքացի, ով դիտորդի կարգավիճակում է, թե քաղաքացի, ով ցանկանում է գործընթացներին ազդելու հնարավորություն ունենալ և այս երկրում ինչ-որ բարեփոխման գործընթացի մասնակցել: Այդ ամենը մեզանից յուրաքանչյուրն անում է զավակների, սերնդի համար և եթե ինչ-որ հարցում  թերանում է կամ անտարբեր է, ապա դա անտարբերություն է սեփական երկրի, ժողովրդի, սեփական զավակիդ նկատմամբ: Իսկ եթե անտաբեր չես կամա-ակամա մասնակցում ես բոլոր քաղաքական գործընթացներին:

 

 

 

               «Տղամարդկանց հեշտ չէ ընդունել կին լիդերի գոյությունը» …

 

–          Բնույթով սոցիալ-դեմոկրատ եմ եւ ՍԴՀԿ-ն ամենահոգեհարազատն էր ինձ համար: Կուսակցությունն շարքեր մտել եմ 2003-ին, յոթ ամիս անց դարձա ՍԴՀԿ ատենապետ: Շատ դժվար ժամանակահատված էր: Տղամարդկանց հեշտ չի ընդունել կին լիդերի գործունեությունն ու գոյությունը: Սկզբնական շրջանում վարչությունը, որի առաջարկությամբ դարձա ատենապետ, մարդիկ էին, ովքեր ինձ գործի մեջ տեսել էին և համարեցին, որ ես այն մարդն եմ, ով կարող է ստանձնել այդ պարտականությունները:

Այդ ժամանակ ինչ-որ տեղ անպատրաստ էի մտնել մեծ քաղաքականություն, որովհետև կուսակցական առաջխաղացման ճանապարհը շատ կարճ տևեց: Բայց ինձ ընտրեցին, երեւի այդ պահին ամենահարմար մարդը ես էի: : Աշխատելուն զուգահեռ շատ բաներ սովորում էի: Կային խորչընդոտներ սփյուռքի կողմից, որովհետև 125 պատմության մեջ, կին ատենապետ ոչ մի շրջանում չէր եղել, հատկապես հայաստանյան կառույցում: Հայաստանը միակ երկիրն է, որտեղ կուսակցությունն ի վիճակի է ներազդելու քաղաքական գործընթացներին ու գալ  իշխանության, և այս դեպքում համակերպվել այն մտքի հետ, որ  կուսակցության ղեկավարը կին էր, երևի թե շատ դժվար էր: Սփյուռքն էլ հեշտությամբ չընդունեց այդ փաստը, բայց քաղաքական դաշտն ինձ ընդունեց:

Կա այլ հանգամանք, երբ բոլորը տղամարդիկ են, իսկ դու միակ կինն ես, տղամարդկանց համար դիսկոմֆորտ է առաջանում, որովհետեւ սովոր են այլ ոճի մեջ խոսել, այլ կերպ նստել, այլ կարգի արտահայտություններ անել, բայց կնոջ ներկայությունը նրանց զսպում է, եթե իհարկե սենյակում այն կինն է, ում հանդեպ նրանք ունեն այդ զսպվածությունը: Բոլոր դեպքերում  դա կաշկանդում է տղամարդկանց. կգերադասեին իրենց շուրջը բոլորը տղամարդ լինեին, քան մեկ կին: Բայց երբ քեզ ընդունում են եւ դառնում ես իրենց ամբողջականության մի մասնիկը, իրենք էլ սկսում են քո կարեւորությունը տեսնել ու գնահատել:

Այս առումով, դաշտն ինձ ընդունել է:   Պետք է կարողանաս մարդկանց հետ ճիշտ հարաբերվել, կազմակերպչական ջիղ ունենաս, հավատաս նրան ինչ անում ես և ասում: Ոչ թե մարդկանցից պահանջես, որ դու լիդեր ես և քեզ հարգեն, այլ ընդունեն, որ արժանի ես գնահատանքի և դու դա ամեն օր պետք է ապացուցես: Իհարկե նաև խառնվածքը, վճռականությունը, հստակ դիրքորոշումը: Շատ կարևոր է նաև մարդկային հմայքը, ի դեպ,  և՛ տղամարդու, և՛  կնոջ դեպքում: Գուցե կնոջ դեպքում ավելի շատ: Հմայքը պետք է ներքուստ լինի:

 

 

 

«Կին լիդերը պետք է մնա կին»…

 

 

–         Չեմ կարծում, որ լիդերը նա է, ով ամեն վայրկյան ձեռքով հարվածում է սեղանին կամ տղամարդու պահվածք է որդեգրում, որ ընդունվի: Գուցե ընդունված է մտածել, որ կին լիդերը պետք է տղամարդու նման լինի: Ես այդպես չեմ մտածել եւ երբեք այդպիսին չեմ դառնա: Գտնում եմ, որ կին լիդերը պետք է մնա կին, բայց նրա մեջ այնքան իմաստություն և վճռականություն լինի, որ տղամարդը տեսնի այդ կնոջը: Պետք է լինել և՚ կանացի, և՛ համառ, և՛ գեղեցիկ, և՛պայքարող,   պետք է կարողանալ ուրույն կերպար ստեղծել, առանց որեւէ մեկին նմանվելու: Հասարակությունն էլ իր կողմից  պետք է  կարողանա ընդունել, որ  կանայք տարբեր են լինում:  Բոլոր կանայք չեն, որ կարող են բավարավել զուտ կին լինելով և խոհանոցում աշխատելով: Կան այլ տեսակի կանայք, ովքեր կարող են ավելին անել, քան տասնյակ տղամարդիկ: Հետևաբար այդ կնոջը չի կարելի նույն չափանիշներով գնահատել: Պետք է կարողանալ դա տեսնել ու տարբերել: Եւ դա պրոբլեմ է այսօր:

 

 

« Ես թիմային մարդ եմ» …

–         Ես թիմային մարդ եմ, եթե շուրջս թիմ չկա, չունեմ համախոհներ, ընկերներ, որոնք ուրախանում եմ իմ հաջողություններով ու կիսում դժվարությունները, չեմ կարող առաջ գնալ: Եթե չկա այդ աջակցությունը, ուրեմն դու այն մարդը չես, ով իրավունք ունի լիդեր լինելու: Այս ընթացքում ունեցել եմ և՛ընկեներիս, և՛ աղջիկներիս աջակցությունը, լսել նրանց խորհուրդները: Ինձ համար ամենակարևորն  աղջիկներիս քննադատությունն է, նրանք սրտացավ են իմ ամեն մի քայլին, ամենաօբյեկտիվն են  և ամենահամարձակը…

 

Ոչինչ այս կյանքում հեշտ չի լինում:  Բարեբախտություն էր, թե ի՞նչ,  սակայն ես պայքարել եմ, մեծ փորձություններով եմ անցել: 2009-ին, երբ կուսակցությունը պառակտվեց եւ լուրջ պրոբլեմներ ունեցա: Բայց կա թիմ, կան քաղաքական այրեր, ովքեր գնահատել եւ կարեւորել են ինձ եւ ես մնացի կուսակցությունում նրանց բարոյական աջակցությամբ, այդ թվում  նաեւ Հայ ազգային կոնգրեսի, որը անմիջական մասնակցություն չուներ, բայց ես գիտեի, որ նրանք մարդիկ են, ովքեր ցանկանում էին, որ ես պահեմ այս ամենը…

 

 

 

«Կանայք  պետք է հասկանան՝ ինչո՞ւ են գալիս եւ ի՞նչ են ուզում»…

 

–         Ընդհանուր առմամբ կողմ չեմ, երբ քվոտավորված են կանայք մտնում ԱԺ, բայց հասկանալով իրականությունը ընդունում եմ, որ այդ կերպ է լուծում տրվել խնդրին: Ուրիշ հարց, որ այդ  լուծումը նպատակին չհասավ,  որովհետեւ կիրառվող մեթոդներն անազնիվ էին:  Տեսեք` ինչ տեղի ունեցավ: Իրականում մենք պետք է քսանը լինեինք, կարծես թե ցուցակները կազմվել էին օրենքներին համապատասխան, բայց ոտնահարվեցին կանանց իրավունքները, նրանց  ընտրություններից հետո ցուցակներից ուղղակի հանեցին:

Ինչո՞ւ տղամարդկանց էլ չհանեցին, կանանց պետք է պահպանեին, որովհետեւ նրանք  ԱԺ-ում փոքրամասնություն են: Այստեղ խտրականություն կար կանանց հանդեպ:

Իհարկե, ասում են, որ  եթե մանդատից հրաժարվող կանայք ունենային անուն կամ կշիռ, դժվար կլիներ նրանք ստիպել ինքնքբացարկի գնալ: Գուցե այդպես է,  բայց կան կուսակցություններ, որոնք այլ տեխնոլոգիաներ են կիրառում. նրանք հրաժարականների ու ինքնաբացարկների դիմումները մինչեւ ընտրություններն են  հավաքում, որ  հետո խնդիրներ չառաջանան: Եթե քանի դեռ կա այդ մեթոդը,  որքան ուզում ես ազդեցիկ եղիր, եթե քեզ ստիպում են նախօրոք դիմում գրել, դու կամ պետք է այդ դիմումը չգրես, բայց ցուցակում պահպանվես, կամ էլ ցուցակում չմնաս: Դրա համար էլ կանայք  պետք է ի սկզբանե հասկանան ինչո՞ւ են գալիս եւ ի՞նչ են ուզում…

 

 

 

«Նոր խորհրդարանում հինգ կին կա, ովքեր փորձում են ներազդել քաղաքական գործընթացներին »…

 

–         Ընդունելի լինեն ինձ համար, թե ոչ, բայց այսօր խորհրդարանում կան ակտիվ կանայք, ովքեր լրջագույն քաղաքական ազդեցություն ունեն` Հերմինե Նաղդալյան, Զարուհի Փոստանջյան, Հեղինե Բիշարյան, Նաիրա Զոհրաբյան: Նրանք կանայք են, ովքեր գործունեություն են ծավալում և շատ ավելի արդյունավետ, քան իրենց տղամարդ կուսակիցները: Այլ բան է` ես նրանցից յուրաքանչյուրին ինչպես եմ վերաբերում, բայց, որ նրանք դերակատար են և ավելի նվիրված են իրենց կուսակցոություններին, քան շատ տղամարդիկ, փաստ է: Իմ  գնահատմամբ,  ամբողջ 131 պատգամավորի մեջ, ես էլ ներառյալ, հինգ կին կա, ովքեր փորձում են ներազդել քաղաքական գործընթացներին: Մյուսները պետք է կողմնորոշվեն` «անգլիական թագուհի»  են, թե ոչ… Արդյոք մարիոնետների   դերում են լինելու, թե կարողանալու են ակտիվ  դերակատարություն ստանձնել: Ես ուրախ կլինեի, եթե նրանք դա կարողանային …

 

 

           «Իմ քաղաքական կարիերայում նոր փուլ է սկսվել»…

 

–         Դեռ չեմ պատկերացնում խորհրդարանում իմ գործունեությունը: Եթե ասեի` պատկերացնում եմ,  միամիտ կլինեի: Սա դաշտ է, որ ինձ ծանոթ չէ: Քանի որ յոթ հոգով ենք ներկայացված, մեզանից յուրաքանչյուրի անելիքը շատ կարևոր է և պետք է տեսանելի լինի: Մենք ընտրվել ենք 108.000 մարդու կողմից և պատասխանատվություն ենք կրում այդ ձայների համար: Մենք գնում ենք Աժ` աշխատելու: Մեր կուսակցությունը սոցիալական ուղղվածություն ունի, դ?ա համար էլ  ընդգրկվել եմ  սոցիալական և առողջապահություն, մայրություն, մանկություն հարցերով զբաղվող  ԱԺ-ի հանձնաժողովներում…

… Խնդրել եմ իմ աշխատասենյակում ինչ-որ բաներ փոփոխել, միգուցե ծաղիկներ տանեմ պատուհանի գոգին դնեմ, որ պայծառացնի այդ գորշ մթնոլորտը:

 

 

Հասմիկ Հարությունյան

 

Դիտումների քանակը` 2898

Վերադառնալ վերև