Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լուսինե Բեջանյան. «Չեմ կարող հանգիստ նստել, ես էներգիան ծախսում եմ նորը ստանալու համար»

 

Տավուշի մարզի Լճկաձոր համայնքում գործող «Դեբեդ» գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահ Լուսինե Բեջանյանի կազմակերպչական ջիղն ու պրպտող միտքը կարողացան կոտրել գյուղական համայնքին բնորոշ այն կարծրատիպը, թե կնոջ գլխավոր ու միակ հոգսը տնային տնտեսություն վարելն է: Նրան հաջողվեց համայնքի հիմնական դպրոցում քիմիայի ու կենսաբանության ուսուցչուհու աշխատանքը համատեղել բիզնեսի հետ:

 

Երեք տարի առաջ Տավուշի մարզի Լճկաձոր համայնքում ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաներով ու սարքավորումներով հագեցած կոոպերատիվի ստեղծումը իրական հեղաշրջում էր համայնքի կյանքում: Ո՞վ կպատկերացներ, որ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի և «ԲիԷսՍի» բիզնեսի աջակցման կենտրոնի աջակցությամբ «Դեբեդ գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոոպերատիվը մի խումբ կանանց աշխատանքի շնորհիվ այգեգործության և միրգ-բանջարեղենի արտադրության ոլորտում կարող է հասնել զգալի հաջողության: Այսօր կոոպերատիվին անդամակցած 12 կանանց հետ Լուսինեն ջերմոցում հաջողությամբ աճեցնում և իրացնում է գյուղմթերքներ՝ լոլիկ, վարունգ, լոբի:

 

«Ինքներս մեր առջև խնդիր ենք դրել՝ արտադրել էկոլոգիապես մաքուր սնունդ: Աշխատանքի ընթացքում համոզվեցինք, որ լոլիկը հնարավոր է մշակել գրեթե առանց թունաքիմիկատների: Մենք շահագրգռված ենք, որ առողջ սնունդ ստեղծենք, քանի որ դրանից օգտվում են նաև մեր երեխաները: «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում համայնքի դպրոցին ապահովում ենք մեր արտադրած լոլիկով ու վարունգով: Գյուղմթերքով աջակցում ենք նաև համայնքի անապահով ընտանիքներին: Լճկաձորում և հարակից համայնքներում արդեն գիտեն, որ մեր արտադրանքը էկոլոգիապես մաքուր է, ուստի իրացման խնդիր գրեթե չենք ունենում, գնում են անմիջապես կոոպերատիվից»,- պատմում է Լուսինեն:

 

Այսօր Օքսֆամի իրավահաջորդ հանդիսացող «ՕքսԵՋեն» հիմնադրամի շնորհիվ ջերմոցում ջեռուցում էլ ունեն: «Արդեն վարունգի ու լոլիկի սածիլները տնկել ենք, համոզված ենք՝ բնամթերքի արդյունավետությունը կբարձրանա, դրա համար բոլոր նախադրյալներն ունենք»,- ասում նա: Լուսինեն լիահույս է, որ արևային մարտկոցներով հագեցած կոոպերատիվի արտադրանքը կբազմապատկի իրենց շահույթը:

 

Կանանց կոոպերատիվն ունի նաև չրանոց, ու թեև այն դեռևս չի շահագործվում, այնուհանդերձ կանայք վստահ են, որ ամռանը արտադրանքի տեսականին կհարստանա նաև տարատեսակ չրեղենով: Լճկաձորի այգիներում առատորեն աճում են դեղձն ու արքայանարինջը, որոնք շատ հաճախ ծառերի վրա մնալով փչանում են, մինչդեռ դրանք ևս կարելի է իրացնել չրեղենի տեսքով: Կոոպերատիվի ծրագրերն այսքանով չեն սահմանափակվում: Քանի որ չոր, մերձարևադարձային կլիմա ունեցող Տավուշի մարզում վաղուց ի վեր աճեցնում են ձիթապտուղ, Լուսինեն որոշել է ձիթապտղի միջոցով ընդլայնել իրենց արտադրանքի տեսականին: Առայժմ դա գաղափար է, ցանկություն, որը հնարավոր է միայն համայնքի ոռոգման և խմելու ջրի հարցի լուծումից հետո:

 

Կոոպերատիվի կոլեկտիվի մասին Լուսինեն խոսում է սիրով ու հարգանքով: Աշխատասեր ու բանիմաց երիտասարդ կանայք են, իրենց գործի գիտակ: Հայտնի ճշմարտություն է, որ կոլեկտիվի հաջողության ամենակարևոր գործոնը լիդերն է: Էությամբ աշխույժ, շփվող ու ստեղծագործ Լուսինեն ամեն ինչի հանդեպ դրական է տրամադրված: Նա համոզված է, որ եթե դրական ես տրամադրվում, ապա տիեզերքից դրական էներգիա ես ստանում:

 

«Աշխատանքից բացի սիրում եմ խոհանոց, ճամփորդել, բազմազբաղ եմ, չեմ կարող հանգիստ նստել, անպայման պետք է օրս հագեցած լինի, ես էներգիան ծախսում եմ նորը ստանալու համար: Գաղափարներ շատ կան, որոնց իրականացման հնարավորությունները որքան սուղ են, այնքան մեծ է դրանք հաղթահարելու մեր կամքը»,- ասում է Լուսինե Բեջանյանը:

Դիտումների քանակը` 410

Վերադառնալ վերև