Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լուսինե Նիկողոսյան. «Պարզապես  պետք է  ցանկանալ տեսնել  գեղեցիկը»

Հնաոճ, մոռացված կենցաղային զանազան առարկաներ՝ գդալ, պատառաքաղ, շաքարամանի մի կտոր, բաժակի կամ ափսեի կտորներ, չորացած սունկ ու մամուռ, ցորենի հատիկ կամ թե գունազարդ փետուր, այս ամենը նկարիչ – դիզայներ Լուսինե Նիկողոսյանի նուրբ ու ճարպիկ մատների շնորհիվ վերածվում են նրբաճաշակ ու գեղեցիկ զարդերի, որոնք  հաճախ դուրս են մարդկային երևակայության սահմաններից:
 

Բարեկամներն ու ընկերները քաջատեղյակ լինելով Լուսինեի նախասիրությանը, նրան ապահովում են «հումքով», որի տեսականին աչքի անցկացնելուց հետո մտքերն ու գաղափարներն արդեն հանգիստ չեն տալիս Լուսինեին անգամ քնած ժամանակ: 


Դեռ մանկուց սիրել է նկարել, թեև նկարչության դասերի չի հաճախել: Դպրոցական էր, երբ մորը զարմացրեց մի նկարով, որում մարդկային ֆիգուր էր պատկերված: Այլևս որոշված էր, բնատուր շնորհքը հարկավոր էր զարգացնել նախ Փ.Թերլեմեզյանի անվան նկարչական քոլեջում , այնուհետև Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժնում : Ավարտելուց հետո մի կարճ ժամանակ Լուսինեն աշխատեց զարդերի վաճառքի սրահ-խանութում: Ամենօրյա շփումը զարդերի հետ նրա մոտ առաջացրեց դրանք ինքնուրույն ստեղծելու ձգտում, որը, սակայն երկար ժամանակ մնում էր որպես գաղափար:

 

Այնուհետև ընտանիք, երեխաներ, ամենօրյա ընտանեկան հոգսեր, սակայն գեղանկարչությունն ու հատկապես զարդերի ստեղծման գաղափարը Լուսինեին հանգիստ չէին տալիս: Առաջին զարդը մելխիորե թեյի գդալի միջոցով ստեղծած գեղեցիկ ու յուրահատուկ վզնոցն էր: Մտերիմների գնահատանքից ոգեշնչված Լուսինեն ստեղծում է միմյանց չկրկնող արվեստի կատարյալ գործեր:

-Սիրում եմ աշխատել միաժամանակ մի քանի զարդերի վրա, մեկի վրա չեմ կենտրոնանում,-WomenNet-ի հետ զրույցում պատմում է Լուսինեն,- իմ միտքը թռչում-սավառնում է մի գաղափարից մյուսը: Դրանք այնքան շատ են ու բազմազան; Մի զարդի վրա կարող եմ աշխատել մեկ շաբաթ, թողնել անավարտ ու անցնել մյուսին, հետո երրորդին, չորրորդին ու վերադառնալ դարձյալ առաջին աշխատանքին: Երբեմն նախապես պատկերացրած զարդը կարող է ավարտվել այլ ոճի մեջ:

Լուսինեի աշխատանքային միակ գործիքը սկեսրայրից հիշատակ մնացած կլորաշուրթ ակցանն է ու իր ձեռքերը: Համբերատար ու մանրակրկիտ աշխատանքի արդյունքում ստեղծած գեղեցիկ իրերի գաղափարները նրա մոտ ծնվում են անսպասելի՝ զբոսնելիս, փողոցում, տրանսպորտում մարդ կամ ինչ-որ մի իր տեսնելիս, ու տեսածը երևակայության խառնարանում խմորվում ու վերածվում է գաղափարի, որից իրագործում մեկ քայլ է: Ոգեշնչման աղբյուր է նաև բնությունը, որը Լուսինեի համոզմամբ գաղափարների շտեմարան է՝ իր գեղեցկությամբ, գույներով ու կատարելությամբ:

Նկարչի մասնագիտությունը նրան շատ է օգնում գույների ու ոճի ճիշտ համադրության հարցում: Բավական է թեյի գդալին մի փոքր կորություն տալ, ձևավորել այն  նրբագույն բնական քարով, որպեսզի այն կենցաղային իրից վերածվի շքեղ վզնոցի, կամ հնաոճ շաքարամանի կոտրված մի կտորի վրա ամրացված փետուրներով ստեղծվի  գեղեցիկ հովհար:

Լուսինե Նիկողոսյանի աշխատանքերին հանրությունն առաջին անգամ   ծանոթացավ 2014 թվականին բացված անհատական  երկու ցուցահանդեսների շնորհիվ, այնուհետև համացանցի  միջոցով: Այսօր  նա  բազմաթիվ պատվիրատուներ ունի, ոմանք անգամ ձեռք են  բերել  Լուսինեի աշխատանքների  մի ստված հավաքածու:

Լուսինե Նիկողասյանը  համոզված է, որ  առանց սիրո ու  նվիրումի  ոչինչ  հնարավոր չէ  ստեղծել:

 

-Շատ եմ կարևորում սերը: Սերն է իմ ներշնչանքի աղբյուրը… Սերը դեպի կյանքը,  բնությունը, մարդուն… Եթե սեր չեղավ, կյանքը գորշավուն կդառնա: Անգամ եթե քարին սիրում ես, ուրեմն մեջդ սեր կա.,-ասում է  Լուսինեն ու շարունակում, որ գեղեցիկի  հանդեպ  սերն ու  ընկալման ուրախությունը իր մեջ առաջացնում են  զգացումներ, որոնք  իրեն  ներշնչում են  թղթին,  կտավին ու  նաև իրերին հանձնել գեղեցկության իր պատկերացման նրբերանգները: Պարզապես  պետք է  ցանկանալ տեսնել  գեղեցիկը, և  կտեսնես  նույնիսկ այնտեղ, որտեղ ուրիշները  չեն էլ  փնտրում:

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 1090

Վերադառնալ վերև