Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լրագրությունից քաղաքականություն` մեկ քայլ է

Մասնագիտությունը նույնն է՝ լրագրող, նույնն է կարգավիճակը՝ ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, ըստ էության նույնն է նաեւ նպատակը՝ բարելավել հայաստանաբնակների կյանքը։ Գոնե այս փուլում այդպես կարելի է դիտարկել Գոհար Վեզիրյանի, Սաթիկ Սեյրանյանի, Մարգարիտ Եսայանի, Ջուլիետա Մարտիրոսյանի քաղաքականություն մտնելու նախաձեռնությունը։

 

 

Պատգամավորության չորս կին թեկնածուների առաջադրման ընտրակարգն ու ընտրատարածքներն են տարբեր։ Մեծամասնական ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը եւ թիվ 6 ընտրատարածքում՝ «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։ «Ավանգարդ» թերթի խմբագիր Ջուլիետա Մարտիրոսյանն ու «Առավոտ» թերթի լրագրողղ Մարգարիտ Եսայանը առաջադրվել են համամասնական ընտրակարգով զբաղեցնելով Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) համամասնական ցուցակի 7 – րդ եւ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համամասնական ցուցակների 26 – րդ հորիզոնականները։

 

 

Վերոհիշյալ չորս թեկնածուները տարբեր տեսանկյուններից են դիտարկում նպատակին հասնելու ուիին։ Ջուլիետա Մարտիրոսյանն  օրինակ պետությունը դիտարկում է որպես ընտանիք եւ վստահաբար պնդում. “Պետությունը ընտանիք է, իսկ կինն ընտանեկան հարաբերություններում ավելի սրդողած մոտեցում է ցուցաբերում”։ Այս պնդումն հազիվ թե կարելի լինի դասել բացարձակ ճշմարտությունների շարքին, սակայն հնարավոր է ծառայի թեկնածուի ազնիվ ու պրոֆեսիոնալ մղումների հիմնավորմանը։ Ինչեւէ, պատգամավորության թեկանծուն առաջիկա հինգ տարիների կարեւորագույն խնդիրը համարում է համակարգը փոխելն ու ընդգծում.  “Նոր անձինք երկնքից չեն իջնելու, մենք պիտի անենք։ Իսկ խորհրդարանի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար հարկավոր է հաշվետվություն ներկայացնելու խիստ մեխանիզմ մշակել”։

 

 

Քաղաքականությունում նոր անձանց հայտնվելու հարցը Գոհար Վեզիրյանն էլ սեփական ներկայությամբ լուծելու նպատակ ունի։ Նրա կարծիքով խորհրդարանի պատկերն ու աշխատանքի որակը կփոխվի եթե հասարակությունը հավատա նրան, ով արդեն գործով ապացուցել է իր արժանիությունը։ “Հակառակ դեպքում կստացվի այն, ինչ կա, երբ հավատում են օլիգարխին, որ խորհրդարան գալով մի՝ սեփական անձի ու կլանի բարօրությունն ուռճացնելու հարցն է լուծել”։ Ընտրվելու պարագայում նա պատրաստվում է լրագրողական աշխատանքում դրսեւորած հետեւողականությամբ ու համառությամբ լուծումներ տալ յուրաքանչյուրին եւ հասարակությանը հուզող հարցերին։

 

 

 

Սաթիկ Սեյրանյանը, որ խորհրդարանում աշխատելու իր հայտը նախ բացատրում է իր որդու համար ավելի լավ երկիր ստեղծելու մղումով, հավատացած է որ ընտրողը հիասթափված է անդեմ ու գորշացող խորհրդարանից, բայց եւ չի կարող մեղադրել այս կամ այն ուժի որեւէ ընտրակաշառք վերցնողին. “Մարդիկ իսկապես շատ ծանր են ապրում։ Բայց ընտրողին հարկավոր է հասկացնել, որ անձնագրային տվյալների հավաքագրումը ոչինչ չի նշանակում, բայց եւ հասկացնել, որ եթե վաճառել ես ձայնդ, ապա ոչ մի պարտք ու պահանջ չես կարող ներկայացնել պատգամավորիդ”։ Այստեղից էլ,  եւս մեկ դիտարկում Սաթիկ Սեյրանյանից. քաղաքականությունը կեղտոտ ոլորտ չէ, պարզապես դրա մեջ հայտնված մարդիկ են այն կեղտոտել:

 

 

 

Մարգարիտ Եսայանի մեկնակետը որպես պատգամավորի թեկնածուի մեկն է` ընտրողի գիտակցությունը պիտի հաղթի։ Իսկ այդ գիտակցության հաղթանակի ուղին, ըստ նրա, ամենեւին էլ չի որոշվում նախընտրական քարոզարշավով. “Քարոզարշավն ընտրությունների ելքը չպայմանավորող շոու է, որը պետք է նայել, լսել, վերցնել կամ ոչ եւ կատարել այն ընտրությունը, որն իրենն է։ Եթե այդպես լինի մայիսի 6-ից հետո կարձանագրենք հասարակության հաղթանակը”։ Մարգարիտ Եսայանը նաեւ մաղթանք – խորհուրդ ուղղեց ընտրողներին. “Շատ լուրջ չընդունել որեւէ խոստում եւ ընտրություն կատարել ճանաչելով քաղաքական ուժերին”։

 

 

 

Չորս բանախոսներն էլ իրենց դիրքորոշումն ու գործելակերպը հիմնավորում էին նախ լրագրությունում, ընդհանրապես մեդիա դաշտում ունեցած փորձով եւ ապա քաղաքացի – քաղաքական գործիչ կապող օղակից դեպի քաղականաություն անցումը առավել լայն ընդգրկմամբ գործելու հնարավորություն դիտարկելով։

 

 

Նանա Պետրոսյան

 

 

Լուսանկարում՝

Պատգամավորության թեկնածուների բանավեճը

 Ժուռնալիստների միության «Ազատ ամբիոն»-ում:

Դիտումների քանակը` 3981

Վերադառնալ վերև