Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Խոշորացման գործընթացը բարդացրեց կանանց համար  առանց այդ էլ դժվարին պայքարը»…

Տարիներ շարունակ Հայաստանում թե՛ պետական, թե՛ քաղաքացիական հասարակության ջանքերով քաղաքականություն էր տարվում, որը միտված էր ավելացնելու կանանց թիվը ՏԻՄ-երում և քաղաքական գործընթացներում: Սակայն  այսօր, մի քանի խոշորացման ավարտուն օրինակների  հիման վրա, կարելի է պնդել, որ համայնքների խոշորացման արդյունքում արձանագրվել է լուրջ հետընթաց կանանց ներկայացվածության առումով:

 

2016 թվականի հոկտեմբերի 2-ին խոշորացված 6 համայնքում` Ամասիայում, Աշոցքում, Արփիում, Վայքում, Ջերմուկում, Զառիթափում, անցկացված ընտրությունների արդյունքում միավորվեց 47 համայնք: Կանանց ներկայացվածությունն ընտրված ավագանիների կազմում կրճատվեց երեք անգամ` մինչև խոշորացումը 51 համայնքի ավագանիներում կանայք ընդհանուր թվով 15% էին կազմում, իսկ խոշորացումից հետո` 5%: Արեգնադեմ համայնքի երկարամյա համայնքապետ Աղունիկ Հազրյանը անցած աշնանը Ամասիա համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում պարտվեց և քանի որ հաղթող համայնքի ղեկավարի հետ մրցակից էր, այսօր Արեգնադեմի հետ որևէ կապ չունի և աշխատում է 11 տարի շարունակ իր կողմից ղեկավարած Արեգնադեմից 20 կմ հեռավորության վրա՝ Արփի համայնքի աշխատակազմի քարտուղարն է: WomenNet-ի հետ զրույցում  նշեց, որ երևի թե իր հետ չցանկացան աշխատել, որովհետև գրեթե բոլոր գյուղապետերը, որ ընկան այդ խոշորացման տակ, մնացին համայնքներում որպես լիազոր ներկայացուցիչ, բացառությամբ իրեն և Ողջի համայնքապետի: Թեև իր փորձը ավելի տեղին կլիներ հենց այդ համայնքում, ասում է, որ աշխատանքը կարևոր է և ինքը կարևոր գործ է անում, դրա համար չի նեղսրտում, որ օրական 20 կմ գնում-գալիս է:

 

 

Տիկին Հազրյանը խոշորացման գործընթացին ընդհանուր առմամբ դեմ չէ, թեև կան խնդիրներ, որոնք շտկման ու փոփոխման կարիք ունեն: Առաջնայիններից մեկը հենց այն է, որ ամենաթույլ օղակը այս գործընթացում կանայք են՝ խոշորացման արդյունքում  նրանց թիվը ՏԻՄ-երում ավելանալու փոխարեն,  նվազելու միտում ունի.

 

 

«Խոշորացված համայնքներում կանանց պայքարը ավելի դժվարանում է. առաջ էլ էր բարդ, իսկ հիմա էլ ավելի են շատացել դժվարությունները: Որովհետև եթե համայնքում ճանաչում էին տվյալ կնոջը, իր անցած ուղին ու գործունեությունը տեսանելի էին բոլորի համար և կինը կարողանում էր իր համայնքում քարոզչություն իրականացրել,  ապա հիմա այդ գործընթացը դժվարանում է և կնոջ հնարավորությունները  այլ համայնքներում իրեն ներկայացնելու համար խիստ պակասում են: Ստացվում է, որ խոշորացման գործընթացը բարդացրեց կանանց համար  առանց այդ էլ դժվարին պայքարը»,- նշեց նա:

 

 

Նախկին համայնքապետի կարծիքով, խոշորացումը իսկապես տեղին է և այս կարճ ժամանակահատվածում նա հասցրել է համոզվել, որ դա օգուտ է համայնքների զարգացման համար, բայց կանանց առումով սա, թերևս, ամենավատ սցենարն էր, որ կարող էր լինել: Դրանից ելնելով էլ պնդում է՝ կանանց թվի նվազեցումն այդ գործընթացի ամենամեծ բացասական կողմն է և դժվար է պատկերացնել, թե ինչպես հնարավոր կլինի այդ հարցը շտկել՝ հաշվի առնելով խոշորացված համայնքների համար տղամարդկանց ընտրապայքարի կրկնապատկված  ջանքերը: Նրա խոսքով,  կանանց դեպքում  նաև լուրջ խոչընդոտ կարող է դիտվել արտաժամյա աշխատանքի հեռանկարը, մանավանդ, որ խոշորացված համայնքների դեպքում կինը ստիպված կլինի երկար ճանապարհ կտրել-անցնել…

 

 

«Ամեն դեպքում, կանանցից էլ է շատ բան կախված և հատկապես նրանք, ովքեր երբևէ առաջադրվել են, ղեկավարել են կամ զգում են, որ նման կարողություններ ունեն, նրանք ևս պետք է պայքարեն խոշորացված համայնքների ղեկավար պաշտոնների համար: Մեզանում շատ է տարածված այն կարծրատիպը, թե կինը չի կարող ո՛չ ֆինանսապես, ո՛չ այլ ռեսուրսներով պայքարել տղամարդկանց հետ, բայց դա պատճառ չէ, որպեսզի կինն ընդհանրապես  հրաժարվի պայքարից»,- ասաց տիկին Հազրյանը:

 

 

Կանանց մասնակցության ընդլայնման  հարցում, հատկապես  երբ խոսքը խոշորացման մասին է, Աղունիկ Հազրյանը կարևորում է   նրանց ներկայության  որպես համայնքների լիազոր ներկայացուցիչների ապահովումը: Օրինակ, Ամասիայի տարածաշրջանը բաժանվել է երկու մասի և դարձել երկու խոշորացված համայնք՝ Ամասիա և Արփի: Առաջինի դեպքում ինքը իր պաշտոնը պայքարում զիջել է կնոջ, բայց Արփիում, որտեղ ինքը աշխատակազմի քարտուղար է, կին լիազոր ներկայացուցիչ չկա: Սա խնդիր է, որը, մեր զրուցակցի համոզմամբ, չպետք է անտեսվի իշխանությունների կողմից:

 

՝ «Հույս էլ չկա, որ խոշորացված համայնքը կին ղեկավար կունենա»

 

Խոշորացման արդյունքում Քարահունջ համայնքի ներկայումս վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը նախորդ 14 տարիներին եղել է համայնքի ղեկավար: Խոշորացումից հետո, ինչպես արդեն հասկանալի է, նա զբաղեցնում է վարչական ղեկավարի պաշտոնը: WomenNet-ի հետ զրույցում տիկին Ավետյանը նշեց, որ շատերին թվում է, թե այսօրվա համայնքի վարչական ղեկավարը դա նույնն է, ինչ համայնքի ղեկավար, սակայն դա իրականում այդպես չէ՝ խոշորացման արդյունքում համայնքի վարչական ղեկավարը ինքնուրույնություն չունի, բյուջե չունի: Այսինքն՝ մեկը մյուսին համարժեք չէ:

 

 

Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ ստացվում է այնպես, որ այդ գործընթացը բերեց մի իրավիճակի, երբ խոշորացված համայնքները անցնում են լիովին տղամարդկանց տիրապետության տակ, ավելին՝ «հույս էլ չկա, որ խոշորացված համայնքը կին ղեկավար կունենա».

 

 

«Շատ ցավալի է, որ կանանց ներգրավվածությունը ՏԻՄ համակարգում գնալով քչանում է, թեև ոչ թե քչանում է՝ սխալ բառ օգտագործեցի, այլ գրեթե հավասարվում է զրոյի: Վառ օրինակն այն է, որ Տաթև խոշորացված համայնքում վարչական ղեկավար միայն ես եմ, իսկ կին ավագանու անդամ էլ չկա»,- նշեց նա:

 

 

Ընդհանուր առմամբ, ասաց Լուսինե Ավետյանը, խոշորացումը վատ գաղափար չէ, քանի որ հիմա, կարծես թե, համայնքային խնդիրներն ավելի արագ են լուծում ստանում: Բայց պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այն խնդրին, որ այդ ամեն դրականին զուգահեռ կանայք են տուժում՝ նրանց թիվը գնալով նվազում է, ջուրը գցելով վերջին տարիների ակտիվ աշխատանքը կանանց մասնակցության  ցուցանիշն ավելացնելու ուղղությամբ:

 

 

Լիա Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Միայն խոշորացման գործընթացը չէ կանանց ներկայացվածության նվազեցման պատճառ հանդիսանում»…

 

Համայնքների խոշորացում. Նոր «ապակյա առաստաղ» կանանց համար/ ինֆոգրաֆիկա   

 

Խոշորացված համայնքներում ընտրությունները տեղի կունենան աշնանը

 

Կանայք խոշորացված համայնքների ընտրություններում/ տեսանյութ

 

Տավուշ. Կանայք խոշորացված համայնքների ավագանիներում/ տեսանյութ

 

Խոշորացված համայնքներում կին ավագանիների թիվը երեք անգամ պակասել է

 

Դիտումների քանակը` 556

Վերադառնալ վերև