Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը  դրական է գնահատում Ընտրական օրենսգրքով գենդերային քվոտայի բարձրացումը

 

timthumb

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հրապարակել է  Կարիքների գնահատման առաքելության զեկույցը, որը պատրաստվել է 2016 նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 2-ը հայաստանյան հանդիպումների արդյունքում:

 

 

«Ակնկալելով ՀՀ իշխանություններից 2017 թվականի ապրիլի 2-ին անցկացվելիք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ստանալ, իր լիազորությունների համաձայն՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) 2016 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է Կարիքների գնահատման առաքելություն: Առաքելության նպատակն էր գնահատել նախընտրական միջավայրը և ընտրությունների մասով տարվող նախապատրաստական աշխատանքները: Հանդիպումներ են անցկացվել պետական հաստատությունների և ընտրությունների անցկացման համար պատասխանատու մարմինների պաշտոնատար անձանց, ինչպես նաև կուսակցությունների, լրատվության միջոցների, քաղաքացիական հասարակության ու միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ»,-նշվում է զեկույցում:

 

 

Զեկույցում ընդհանուր առմամբ ներկայացված են Սահմանադրական, ապա դրան հետևած Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո իրավական դաշտը, ընտրակարգը, թեկնածուների գրանցումը, ինչպես նաև ընտրական գործընթացներին կանանց մասնակցությունը:

 

 

 Այսպիսով՝ ընտրվելու իրավունք ունի քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող և վերջին չորս տարում (միայն) ՀՀ քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Անկախ թեկնածուները կարող են առաջադրվել միայն կուսակցությունների ընտրական ցուցակների շրջանակներում: Օրենքով յուրաքանչյուր կուսակցության ընտրական ցուցակում նախատեսվում է՝ 25 տոկոս գենդերային քվոտա:

 

 

2016 թվականին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և Վենետիկի հանձնաժողովը հրապարակել էին Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ երկու համատեղ եզրակացություն՝ գալով այն եզրահանգման, որ նախկինում կատարած առաջարկությունների մեծ մասը հաշվի է առնվել: Նոր օրենսգրքով նախատեսվում է նաև ապահովել կանանց ներկայցվածությունը թեկնածուների ցուցակում՝ գենդերային  քվոտաների բարձրացման միջոցով:

 

 

«Դրական զարգացում է այն, որ նոր Ընտրական օրենսգրքով գենդերային քվոտան ընտրական ցուցակներում ավելացել է  20-ից մինչե 25 տոկոս՝  պահանջելով, որ ցուցակում ընդգրկված թեկնածուների ամբողջ թվով ցանկացած քառյակում յուրաքանչյուր սեռի ներկայացվածությունը չպետք է գերազանցի 75 տոկոսը: Եթե նվազ ներկայացված սեռի թեկնածուն չի ստանձնում մանդատը կամ հրաժարվում է իր մանդատից, այն փոխանցվում է ցուցակի նույն սեռի հաջորդ թեկնածուին», – ընդգծում են զեկույցի հեղինակները: Նրանք միաժամանակ փաստում են, Հայաստանում պետական պաշտոններում կանանց ներկայացվածությունը ցածր է: Զեկույցը չի անդրադառնում այն հարցին թե ինչքանով էր նպատակահարմար Ընտրական օրենսգրքում ամրագրված 30 տոկոսանոց քվոտայի հետաձգումը մինչեւ 2021 թվական:

 

 

Զեկույցում նաեւ  նշվում է, որ «նոր ընտրական համակարգը բարդացված է».

 

«Մեր մի շարք զրուցակիցներ քննադատում են ընտրական համակարգի բարդությունը, համարելով, որ այն էականորեն շեղված է մաքուր համամասնական ընտրակարգից: Որոշ ընդդիմադիր կուսակցություններ և քաղհասարակության ներկայացուցիչներ իրենց անհանգստությունն են հայտնել, որ տարածքային (առավելապես հայտնի է՝ ռեյտինգային անվանմամբ) ցուցակները կարող են մեծացնել վարչական ռեսուրսի չարաշահման, ինչպես նաև ընտրողների ձայների գնման հնարավորությունը»,- նշում են զեկույցի հեղինակները, մանրամասնելով՝ փոփոխված ընտրական օրենսգրքով 101 պատգամավորական տեղերի համար թեկնածուները մասնակցելու են ոչ միայն համապետական, այլև 13 ընտրատարածքների վրա բաշխված տարածքային ցուցակներով:

 

 

Նշենք, որ անցյալ տարվա մայիսին հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի զեկույցում նշվում էր, որ  տարածքային ցուցակների կիրառման պարագայում ՀՀ ընտրական օրենսգիրքը, ըստ էության, չի երաշխավորում, որ կուսակցությունների ցուցակներում  թեկնածուների սեռային համամասնությունը կպահպանվի դե-ֆակտո ընտրված Ազգային ժողովում:  Բացի այդ «Ընտրական համակարգերի՝ քաղաքականության մեջ կանանց ներկայացվածության վերաբերյալ» վերլուծական զեկույցում (2009) Վենետիկի հանձնաժողովը՝ դիտարկելով «բաց» կամ ազատ ցուցակների ներդրման փորձը  տա րբեր երկրներում, նշել էր , որ դա  կարող է հանգեցնել ավելի քիչ թվով կանանց ընտրության :

 

 

Կարիքների գնահատման առաքելության զեկույցն  անդրադառնալով ընտրությունների անցկացման համար պատասխանատու մարմիններում  կանանց ներկայացվածությանը  նշում է.

 

 

«ԿԸՀ-ն մշտական և մասնագիտացված մարմին է, որը կազմվում է Ազգային ժողովի պատգամավորների ձայների առնվազն երեք հինգերորդով վեց տարի ժամկետով ընտրված յոթ անդամներից: ԿԸՀ անդամները նախկինում նշանակվել են Նախագահի կողմից: ԿԸՀ բոլոր անդամները, այդ թվում՝ երեք կանայք, վերանշանակվել են 2016 թվականի հոկտեմբերին՝ պատգամավորների որակյալ մեծամասնության կողմից:

 

 

…Վերջին տարածքային ընտրական հանձնաժողովները ձևավորվել են 2011 թվականին. դրանք ԿԸՀ-ի կողմից վեց տարի ժամկետով նշանակված՝ յոթ անդամներից կազմված մասնագիտացված մարմիններ են: Տարածքային ընտրական հանձնաժողովներից յուրաքանչյուրի անդամներից առնվազն երկուսը պետք է լինեն կանայք»:

 

 

Ինչ վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորմանը, ապա դրանք ստեղծվում են տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից՝ ընտրություններից առնվազն 25 օր առաջ և հիմնականում կազմված են կուսակցությունների կողմից առաջադրված անդամներից: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները և քարտուղարները նշանակվում են ըստ Ազգային ժողովում կուսակցությունների զբաղեցրած դիրքի:

 

 

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի մասնագետները  նաև հիշեցնում են.

 

 

«Նոր ընտրական համակարգը բաղադրյալ է. 101 պատգամավորներն ընտրվում են երկաստիճան համամասնական ընտրակարգով, որը ներառում է ազգային և տարածքային թեկնածուներ:  Կայուն խորհրդարանական մեծամասնություն ապահովելու համար հաղթող քաղաքական ուժի ցուցակում կարող են նախատեսվել լրացուցիչ տեղեր: Եթե ընտրությունների արդյունքում կամ հետագայում քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով չի ձևավորվում կայուն մեծամասնություն, ապա 28 օր հետո անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են առավելագույն ձայն հավաքած թեկնածուների ցուցակները: Սահմանադրության համաձայն՝  կառավարության կազմավորման համար անհրաժեշտ է, որ ձևավորվի «կայուն խորհրդարանական մեծամասնություն» (որը կազմում է տեղերի 54 տոկոսը)»:

 

 

Զեկույցի արդյունքների հիման վրա՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ-ն առաջարկում է ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների համար գործուղել ընտրությունների դիտորդական առաքելություն, եթե Հայաստանի իշխանությունները պաշտոնական հրավեր ուղարկեն:

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 516

Վերադառնալ վերև