Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Խորհրդարանական լսումներ ամուսնական տարիքի շուրջ

Աղջիկները կարող են ամուսնանալ նաև 16-17 տարեկանում, եթե դեմ չեն ծնողները  – ազգային փոքրամասնությունների կարծիքը հաշվի առնելով կառավարությունը  լրամշակել է օրինագիծը տղաների և աղջիկների ամուսնական տարիքը հավասարեցնելու վերաբերյալ: Օրինագծի շուրջ այսօր Ազգային Ժողովի  մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել:

 

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 12-ին կառավարության նիստում հավանության արժանացած օրենքի նախագիծը սահմանում է փոփոխություն կատարել ընտանեկան օրենսգրքում` հավասարեցնելով կանանց և տղամարդկանց  ամուսնական տարիքը:  Գործող  ընտանեկան օրենսգրքով ամուսնության կնքման համար տարիքային չափանիշ է սահմանված` կանանց համար` տասնյոթ, իսկ տղամարդկանց համար` տասնութ տարեկանը: Գործադիրն առաջարկում է երկուսի պարագայում էլ այն սահմանել 18, դրանով իսկ վերացնելով գենդերային անհավասարությունը ընտանեկան օրենսգրքում:

Կանանց առողջության պահպանության տեսանկյունից մայրանալու տարիքի նվազագույն օպտիմալ շեմը 18-ն է, առողջապահական մի շարք նկատառումներից ելնելով՝ ամուսնության համար լավագույն տարիքը 23-27-ն է, –  նման կարծիք հայտնեց  այսօրվա քննարկման ժամանակ Հայաստանի գլխավոր գինեկելոգ Ռազմիկ Աբրահամյանը:

 

Մասնագետը  երկու սեռերի համար էլ արդարացված է համարում ամուսնության տարիքի նվազագույն շեմի բարձրացումը` թե կենսաբանական և թե հոգեբանական պատրաստության տեսանկյունից:

 

Կառավարության այս նախաձեռնությանն ընդդիմացան Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններից եզդիները, որոնց համայնքում ընդունված է աղջիկներին շուտ ամուսնացնել:

 

« Դարեր շարունակ եզդի աղջիկներն ամուսնացել են 12-13-14 տարեկանում, իսկ վերջին տարիներին՝ 16-17, և չի կարելի վերացնել եզդիների այդ սովորությունը: Եթե աղջիկը հասավ 18 տարեկանի, մերոնք ասում են, որ արդեն պառավացել է, ինչն է՞ պատճառը, որ չի ամուսնացել, ինչ-որ վատ բա՞ն է արել: Ինչի՞ ենք խաղում նրանց բախտի հետ»,-հայտարարել էր շխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

 

Հայաստանցի եզդիների այս մտահոգության մասին այսօր  հանձնաժողովում կառավարությանը ներկայացնող արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանին հիշեցրեց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Պատգամավորն այն կարծիքին է, որ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի:

 

Փոխնախարար Օրբելյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ փոփոխությամբ առաջին հերթին գենդերային հավասարության խնդիրն է կարգավորում, ապա բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջից:

 

18 տարեկանի վրա կանգ են առել` ուսումնասիրելով եվրոպական երկրների փորձը, որոնց մեծ մասում ամուսնության տարիքի նվազագույն շեմը սահմանված է 18-ը, բայց այն կարող է իջեցվել ծնողների համաձայնությամբ:  Հաշվի առնելով հնչած մտահոգությունները, Ա. Օրբելյանն ասել է, որ նախարարությունը պատրաստել է նախագծի լրամշակված տարբերակը, որով երկու սեռերի համար էլ ամուսնության նվազագույն տարիք է սահմանվում 18-ը, ծնողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ՝ այն կարող է սահմանվել է 17, բացառիկ դեպքերի համար նախատեսվում է դատական կարգ 16 տարեկանում ամուսնության համար:

 

Պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ելույթների ժամանակ նախագծի փոփոխված տարբերակը հիմնականում համարել են ամբողջական և ընդունելի:

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում`

 

Կանանց ու տղամարդկանց հավասարեցրեցին՝ դեռեւս ամուսնական տարիքի իմաստով

 

 

 

Աղջիկների ամուսնության տարիքը Հայաստանում. հնում ու այսօր

 

 

 

Դիտումների քանակը` 2157

Վերադառնալ վերև