Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Խորհրդարան են անցել ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը և ՀՅԴ-ն. ինչպե՞ս են բաշխվելու մանդատները/ լրացված

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից  հրապարակված Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքների,   6-րդ  գումարման խորհրդարանում ընտրություններին մասնակցած 9 ուժերից ու դաշինքներից ներկայացված կլինեն չորսը:

 

Դրանք են, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը   ստացել է  771 հազար 247 ձայն  կամ քվեների  49.12%-ը,  «Ծառուկյան» դաշինքը  428 հազար 965 ձայն կամ 27.32 % , «Ելք» դաշինքը՝ 122 հազար 049 ձայն կամ 7.77 %  և Դաշնակցությունը՝ 103 հազար 173 ձայն կամ 6.57%:

 

Հիշեցնենք, որ  խորհրդարանում ներկայացված լինելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեին 5 տոկոսի, դաշինքները՝ 7 տոկոսի շեմը:  Ըստ այդմ,  խորհրդարան չեն անցել  ««Հայկական վերածնունդ» կուսակցությունը (ՀՎԿ)՝ 58 հազար 277 ձայն կամ 3.71 %, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինք՝ 32 հազար 504 կամ  2.07 %,  «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25 հազար 975 ձայն կամ 1.65 %, Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 14 հազար 746 ձայն կամ 0.94 %,Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)՝ 11 հազար 745 ձայն կամ 0.75 %:

 

Թե որ կուսակցությունն ու դաշինքը քանի մանդատ է ստացել, ԿԸՀ֊-ն կհայտարարի գալիք կիրակի: «Նախնական տվյալներով մանդատների ամփոփում Ընտրական օրենսգիրըք չի նախատեսում: Դրա համար՝ ամեն ինչն իր ժամանակին», – ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

 

Այնուամենայնիվ,  ըստ ոչ պաշտոնկան հաշվարկների  ,  ԱԺ-ում կլինի 101 պատգամավոր, իսկ մանդատները բաշխվելու  են հետեւյալ կերպ. ՀՀԿ ՝  55 մանդատ,  «Ծառուկյան» դաշինք՝ 30 մանդատ , «Ելք»  9 մանդատ,  ՀՅԴ՝ 7 մանդատ։

 

Ինչպես պարզաբանեց  Aysor.am-ին ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը, Հայաստանի օրենսդրության համաձայն խորհրդարանում մանդատների բաշխումը կատարվում է հետևյալ կերպ՝ կուսակցությունների կամ դաշինքների ստացած ձայների թիվը (ոչ թե տոկոսները) բազմապատկվում է 101 թվով (ԱԺ-ի մանդատների նվազագույն թվով) և բաժանվում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների հանրագումարին, այսինքն՝ այս դեպքում կարող է բաժանվել ՀՀԿ-ին, «Ծառուկյան» դաշինքին, «Ելք»-ին և ՀՅԴ-ին կողմ քվեարկածների հանրագումարին:

 

Պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով:

 

«Խորհրդարանում, այս դեպքում, պատգամավորների քանակը կլինի 105, այսինքն՝ այն, ինչ նախատեսված է ի սկզբանե,  Ընտրական օրենսգրքով.  նվազագույնը 101 և 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ», -նշեց Թովմասյանը: Բաշխման արդյունքում, ըստ Թովմասյանի,   ՀՀԿ-ն կունենա 55 պատգամավորական տեղ:

 

 Ինչպե՞ս են բաշխվելու մանդատները

 

Ըստ Ընտրական օրենսգրքի  մանդատները բաշխվելու  են  համապետական ցուցակի եւ ռեյտինգային թեկնածուների միջեւ: Թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝  գրանցելով համապետական  ցուցակից և տարածքային  ցուցակից ընտրված  պատգամավորներին: Առաջին հերթին մանդատները տրամադրվում են տարածքային  ցուցակով ընտրված, այսինքն  ռեյտինգային   պատգամավորներին: Տարածքային ցուցակից  ընտրվելու են այն ռեյտինգային պատգամավորները, ովքեր իրենց ձայների քանակով առաջին, երկրորդ տեղում են:

 

 

Հրայր Թովմասյանի  պարզաբանմամբ,  ՀՀԿ-ի 55-ից 28-ը կստանան կուսակցության համապետական ցուցակի 1-ից 28 համարների թեկնածուները, իսկ 27 տեղերը կբաշխվեն ռեյտինգային թեկնածուների միջև: 

 

 

Ի դեպ, հիշեցնենք, որ եթե բաշխման արդյունքում  կուսակցության բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա վերջին թեկնածուն իր մանդատը զիջում է համապետական ընտրական ցուցակի առաջին մասի՝ չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա:  ՀՀ  Ընտրական օրենսգիրքը նաեւ  երաշխավորում է , որ  եթե մանդատից հրաժարվելու արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը` նվազում է և արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից, ապա մանդատը տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:

 

 

Այս պահին դժվար է ասել, քանի կին ՀՀԿ-ի ցուցակից  մանդատ կստանա :  Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակած   ռեյտինգային քվեարկության արդյունքների համաձայն,  խորհրդարան անցած  4 քաղաքական ուժերի  բոլոր ընտրատարածքների առաջատարների թվում կանայք շատ քիչ են: Այսպես , բոլոր 13 ընտարատարածքներում   առավել թվով ձայներ հավաքած  եւ առաջին  երեք տեղերը զբաղեցրած  156 թեկնածուների թվում   ընդամենը  7 կին կա: Ընդ որում, նրանցից 4-ը «Ելք»-ից են,  2-ը ՀՅԴ-ից եւ 1-ը «Ծառուկյան»  դաշինքից: 

 

Այսինքն, ռեյտինգային  ցուցակներով ՀՀԿ-ից  անցնող 27 թեկնածուները  միայն  տղամարդիկ են:  Իսկ   համապետական ցուցակում մինչև 28-րդ տեղն ընդգրկված է 7 կին՝ Արփինե Հովհաննիսյան, Մարգարիտ Եսայան, Հերմինե Նաղդալյան, Շուշան Պետրոսյան, Շուշան Սարդարյան, Ջեմմա Բաղդասարյան, Ռուզաննա Մուրադյան: Սակայն այս պահին պնդել, թե հենց նրանք են լինելու ԱԺ-ում, հնարավոր չէ, քանի որ ցուցակում  ընդգրկված  թեկնածուների մի  մասը Կառավարության կազմում են  և առջևում հնարավոր են  կադրային փոփոխություններ:

 

Նախնական տվյալներով, «Ծառուկյան» դաշինքի  ռեյտինգային ցուցակով կանայք չեն անցնում, իսկ  համապետական ցուցակից խորհրդարան կանցնեն Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը, Լուիզա Սարգսյանը, որոշ տեղեկություններով   հնարավոր է մանդատ ստանան   նաեւ  Կարինե Պողոսյանը եւ  Մարինա Մարգարյանը , սակայն  կուսակցությունից  այս տվյալները չեն հաստատում: ՀՅԴ-ից խորհրդարանում հայտնվելու ամենամեծ հնարավորություններն ունի միայն  համապետական  ցուցակում  4-րդ հորիզոնականը ներկայացնող Արմենուհի Կյուրեղյանը:

 

Նախնական  ոչ պաշտոնական   տվյալներ մանդատների բաշխման վերաբերյալ  հրապարակել  է  միայն   «Ելք» դաշինքը: Այսպես, խմբակցությունն  ունենալու է 9 պատգամավոր խորհրդարանում, որոնցից  կեսը  տրվում է համամասնական ցուցակի ներկայացուցիչներին, մյուսը՝ ռեյտինգայինի: Քանի որ 9 մադատի թիվը կենտ է եւ այն երկու մասի բաժանելուց ստացվում է 4.5, ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուներին բաժին է հասնում թվով 4 մանդատ:  Մանդատները բաժանվում են առաջնահերթությունը տալով ռեյտինգային թեկնածուներին: «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակներով առավել շատ ձայն ստացած ընտրատարածքները թիվը  4-ն է՝  թիվ 1-ը, թիվ 3-ն ու թիվ 2-ը, որտեղից էլ պատգամավորության թեկնածուներ են ընտրվել համապատասխանաբար Նիկոլ Փաշինյանը (11 հազար 513 ձայն), Մանե Թանդիլյանը (5 հազար 110 ձայն), Գեւորգ Գորգիսյանը (3 հազար 168) եւ Արարատ Միրզոյանը (3 հազար 999): Քանի, որ վերը նշված անձանցից Նիկոլ Փաշինյանն ու Մանե Թանդիլյանը «Ելք» դաշինք համամասնական ցուցակի 1-ից մինչեւ 5-րդ համարներում են գտնվել, ապա նրանց անունները դուրս է գալիս ցուցակից եւ նախապես հաստատված հաջորդականությամբ կազմվում է առաջին հնգյակը, որոնք էլ ստանում են մյուս 5 մանդատները: Նրանք են՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան, Արտակ Զեյնալյան եւ Լենա Նազարյան:Այսպիսով, «Ելք»-ի  խմբակցության կազմում    կլինի  2 կին:  

 

Ընդհանուր առմամբ, խիստ  նախնական  հաշվարկներով  6-րդ  գումարման   խորհրդարանում  կլինի  13-15 կին, այսինքն համարյա  այնքան, ինչքան այսօր՝  5-րդ գումարման  խորհրդարանի կազմում:   Բոլոր դեպքերում դա շատ ավելի քիչ է, քան նախատեսված  էր քվոտայով և ներկայացվել  էր  կուսակցությունների ցուցակներում:  

 

WomenNet.am

Դիտումների քանակը` 663

Վերադառնալ վերև