Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Խրամատում որդուս հայացքն ու ժպիտն էի որոնում»… / «Բանակի մայրը» ֆիլմի թրեյլեր

 banaki-majry

«Բանակի մայրը» նոր վավերագրական ֆիլմը նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված  բոլոր հերոս տղաների հիշատակին, սակայն պատմում է պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մոր մասին: 

 

«Ես անպայման պետք է այցելեի Արցախ, տեսնեի այն վայրերը, որտեղ ապրել, ծառայել ու կռվել է որդիս»,- պատմում է  ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, կապիտան Արմենակ Ուրֆանյանի   մայրը՝  Համեստ Ներսիսյանը: Նրա խոսքով ,  կրտսեր որդուն մի կերպ է համոզել իրեն տանել Մարտակերտ, որտեղ հինգ տարի ապրել է Արմենակը. «Եղա այն հյուրանոցում, որտեղ ապրել է Արմենս, այն խանութում, որտեղից ամեն օր գնումներ է արել: Զորամաս այցելեցի, զրուցեցի նրա զինվորների, նրա տղաների հետ: Երբ Արմենին հարցնում էի՝ ինչպես են զինվորներդ, ասում էր՝ տղերքս լավ են…:  Ես էլ տեսա ու զրուցեցի նրա զինվոր տղաներից մի քանիսի հետ»:

 
Կապիտանի մայրը եղել է նաև այն դիրքերում ու խրամատում, որտեղ հերոսաբար զոհվել է որդին. «Հույս ունեի, որ խրամատում որդուս կգտնեի, այնտեղ նրա հայացքն ու ժպիտն էի որոնում՝  նա հինգ տարի մեծացել էր այդ խրամատի մեջ»:
Հենց  այդ այցելության ընթացքում է նկարահանվել «Բանակի մայրը» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել օրերս  Մոսկվա կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում: Ֆիլմի հեղինակն է երիտասարդ սցենարիստ-ռեժիսոր Սոնա Տոնականյանը:

 

 
« Ուրֆանյանի մայրն   ինձ համար հզոր կերպար է: Նա իր տղային հիշում է միայն ժպիտով, ժպիտով է պատմում Արմենակի մասին: Լացն ու ողբն ավելի քիչ են, քան հպարտանալու կողմը: Ես ուզում էի  նրա  միջոցով ցույց տալ բոլոր մայրերի կերպարը», –  ասում է  Սոնա Տոնականյանը, խոստովնելով , որ   մինչև օրս  տիկին Համեստի հետ դեպի  Արցախ կատարած  այցելության   տպավորությունների տակ է:

 

 

Հիշեցնենք, որ կապիտան  Արմենակ Ուրֆանյանը ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է Արցախի առաջնային գծում։ Նա իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ։ Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը:  Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող հակառակորդին։

 

Դիտեք  ֆիլմի  թրեյլերը

 

 

Դիտումների քանակը` 917

Վերադառնալ վերև