Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ծխելը վնասակար է անկախ սեռից, տարիքից, ազգային պատկանելիությունից…

Օրերս  տեղեկատվությւն տարածվեց այն մասին, որ  Ռուսաստանի Պետդումայում զավեշտալի  մի օրինագիծ է քննարկվում: Այն նախատեսում է արգելել մինչև 40 տարեկան կանանց  ծխելն ու ծխախոտ վաճառելը:  Բացի այդ  կանանց՝ անկախ տարիքից արգելվում է շխել անչափահաս երեխաների ներկայությամբ : Ըստ երեւույթին ենթադրվում է , որ երեխաները վատ օրինակ են վերցնում միայն կանանցից;   Օրինագիծը նախատեսում է տուգանք՝ պահանջները խախտողների համար: Տուգանքի չափը տատանվում էր 3-150 հազար ռուբլու սահմաններում:

 

 

Պետդումայում այս նախաձեռնությունն աջակցության չարժանացավ: Պետդումայի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կալաշնիկովը  այդ  օրինագիծն   հիմար  ու խտրական  որակեց: «Դա կանանց  լիակատար  խտրականություն է, նրանց անմեղսունակ են  համարում,  երկրորդ  տեսակի մարդ դիտարկում , ուղղակի զավեշտալի է … Իմ կարծիքով, հեղինակներին պետք է պատասխանատվության կանչել» , – հայտարարեց   հանձնաժողովի  նախագահը: Անշուշտ առաջարկվող օրինագիծը ՝ ունքը  դզելու փոխարեն աչքը հանելու միտում ունեցող լուծումներից է, սակայն  ծխելու դեմ պայքարը օրակարգային հարց է  ոչ միայն  Ռուսաստանում…

 

Ինչպիսի՞ն է ծխող կանանց ու տղամարդկանց   նկատմամբ վերաբերմունքը  Հայաստանում: Մեր անցկացրած փոքրիկ հարցման մի քանի տասնյակ մասնակիցներից շատերը  դեմ  են  ծխելուն  անկախ  ծխողի սեռից,  մի մասը սակայն  դեմ են հատկապես  կանանց ծխելուն:   Մի քանիսի համար  էլ դա նորմալ երևույթ է, միայն թե ծուխն իրենցից հեռու լինի:

 

 

Նշենք, որ ՀՀ  Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով   Հայաստանում ծխում է տղամարդկանց 50 տոկոսը, կանանց՝ 8 տոկոսը,  ընդ որում  մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում ծխող կանանց թիվը տարբեր է, Երևանում այդ ցուցանիշը հասնում է 25–27 տոկոսի։  Վերջին մի քանի տարում Հայաստանում տղամարդկանց շրջանում ծխողների թվի կրճատման և ծխող կանանց թվի աճի միտում է նկատվում։ Երեխաների մոտ հաճախակի հանդիպող բրոնխիալ ասթմայի եւ այլ հիվանդությունների հիմնական պատճառը ծխող ծնողներն են։ Ծխախոտի օգտագործումը  13-15 տարեկան երեխաների մոտ  մոտ 6 տոկոսի է հասնում, որի մեծ մասը տղաներ են:  Հայաստանում ծխելու հետեւանքով ամեն տարի մահանում է 3000-4000 մարդ։

 

…  «Ինձ համար տհաճ ու անընդունելի է, երբ կինը ծխում է: Ինքս չեմ ծխում: Աշխատասենյակում չորս մարդ ենք նստում, տղամարդիկ չեն ծխում, իսկ կանայք ծխում են անընդհատ: Անհարմար եմ զգում խնդրել, որ դրսում ծխեն, բայց ամենաառաջին մտահոգությունս այն է,  որ  ծխող ծնողներից, հատկապես ՝ մորից առողջ երեխա չի կարող ծնվել»,-ասում է երեսունամյա Վազգենը: Պատմում է, որ հայրը օրական տասը-տասնհինգ հատ ծխում է,  սակայն որևէ անգամ մտքով չի անցել ծուխ կուլ տալ: Հետո հիշում է. «իհարկե չհաշված դպրոցական հասակում մի քանի գլանակը»:

 

 

Ասում է՝ հիմա պապիկի ու իր հնգամյա որդու միջև ծխելու վերաբերյալ հաճախ են վեճեր լինում: Թոռը պապուն նախատում է ծխելու համար, նեղանում, հետո էլ հիշեցնում սոցիալական գովազդից լսած խոսքերը՝ ծխախոտը մահ է, պապիկ:

 

Երեխաներ ունեցող կանանց շրջանում  մեր հարցմանը արձագանքեցին միայն նրանք, ում վերաբերմունքը  ծխախոտի  նկատմամբ   խիստ բացասական է:

 

 

«Կատեգորիկ դեմ եմ թե կանանց, թե տղամարդկանց դեպքում: Ես դեմ եմ այն բոլոր երևույթներին, որոնք վնասում են առողջությանը: Իսկ ծխելու վնասակարությունը վաղուց ապացուցված բան է»,-ասում է Ինգան:

 

 

Անահիտ Վարդանյանն էլ նկատում է. «Կինը չպետք է ծխի հանուն իր երեխայի առողջության: Իմ կարծիքով, Հայաստանում կանայք ծխում են, որպեսզի սեքսուալ երևան, մոդայիկ: Ինչքանով տեսել եմ, ծխողները հիմնականում հասարակական բարձր դիրք զբաղեցնող կանայք են»:

 

 

Ծնողներից Կարինեն արդարացիորեն բարկանում է. «Գնում ես մանկական սրճարան, երեխաների մոտ կանայք նստած ծխում են, իսկ ես ի՞նչ անեմ, չեմ ուզում երեխաս այդ օդը շնչի, նման բանի ականատես լինի, ի՞նչ իրավունքով են մանկական սրճարանում ծխում»:

 

 

Մեկ ուրիշն էլ հիշում է, որ երևանյան մանկական հայտնի սրճարաններից մեկում կռվի է բռնվել ծխող մայրիկների հետ, կանչել է մենեջերին ու պահանջել դադարեցնել ծխելը: Մենեջերը բավարարել է պահանջը:

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանում 2005-ից գործում է ՀՀ օրենքը ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին,  որտեղ սևով սպիտակի վրա գրված են այն վայրերը, որտեղ ծխելն արգելված է: Օրենքից մեջբերումներ անենք՝  դրանց կատարման վերաբերյալ հետևությունները թողնելով ընթերցողներին.

 

Ծխելն արգելվում է`

 

1) կրթական՝ ուսումնական, արտադպրոցական, մանկական, դաստիարակչական և այլ հաստատություններում.

 

2) մշակութային հաստատություններում՝ կինոթատրոններում, թատրոններում, մարզական տարածքներում, կրկեսում, համերգասրահներում, թանգարաններում, գրադարաններում, ցուցահանդեսներում, դահլիճներում, լսարաններում և մինչև 18 տարեկանների համար նախատեսված հանգստի և ժամանցի վայրերում.

 

3) առողջապահական հաստատություններում՝ հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, առողջարաններում և առողջապահական այլ կազմակերպություններում.

 

4) բոլոր այլ հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում, բացառությամբ դրա համար նախատեսված վայրերի.

 

5) այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների.

 

6) քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները (բացառությամբ այդ նպատակով առանձնացված վագոնների), ինչպես նաև օդակայանները, ավտոբուսի և գնացքի կայարանները։

 

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարները համապատասխան միջոցներ են ձեռնարկում բաց և (կամ) փակ տարածքներում ծխելու համար հատուկ հատկացված գոտիներ ստեղծելու ուղղությամբ և ապահովում են դրա մասին հայտարարությունը։

 

3. Հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են միջոցներ ձեռնարկել աշխատանքային ժամերին (ներառյալ՝ հանգստի և ճաշի համար նախատեսված ընդմիջումները) փակ աշխատանքային տարածքներում ծխախոտի գործածության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի ծխողները չխանգարեն չծխողներին՝ հաշվի առնելով վերջիններիս նախապատվությունը: Այդպիսի միջոցառումները ներառում, բայց չեն սահմանափակվում՝

 

1) ընդմիջումների ժամանակ հստակ կերպով առանձնացված ծխելու գոտիների ապահովմամբ.

 

2) միայն անհատական փակ աշխատանքային տարածքներում ծխելու թույլտվությամբ։

 

4. Ռեստորաններում, սրճարաններում և հանրային սննդի այլ կազմակերպություններում ծխելու համար կարող են լինել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ։

 

5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր կազմակերպությունները տեսանելի վայրում ապահովում են ծխելու արգելքի մասին հայտարարություն:

 

 

Օրենքը նաև արգելում է,  ծխախոտային արտադրատեսակներ վաճառել 18 տարին չլրացած անձանց,  18 տարին չլրացած անձանց կողմից,  բաց տուփերով կամ հատով:

 

 

Հ. Կարապետյան

 

 

Հ.Գ. Ըստ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալների , յուրաքանչյուր տարի աշխարհում ծխախոտի պատճառով մահանում է 6 միլիոն մարդ, որից 5 միլիոնը ակտիվ ծխողներն են, մեկ միլիոնը՝ պասիվ: Հայաստանում ծխելու հետեւանքով ամեն տարի մահանում է 3000-4000 մարդ։ Բնականաբար բոլորը մտածում են, որ սա իրենց չի վերաբերում եւ իրենց հետ երբեք նման բան չի լինի. այդ 6 միլիոնն էլ  էր այդպես մտածում…

 

 

Դիտումների քանակը` 5427

Վերադառնալ վերև