Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանայք ամաչու՞մ են տղամարդկանցից շատ փող վաստակելուց թե՞ հպարտանում դրանով. հետազոտությունների արդյունքներ

Գնալով ավելի ու ավելի են շատանում երիտասարդ կանայք, ովքեր ավելի շատ գումար են վաստակում, քան իրենց ամուսիններն ու ընկերները, և նրանց մի  մասը խոստովանում է, որ այդ առիթով անհանգստության և ամոթի զգացում են ունենում: Այս մասին գրում է Independent-ը՝ հղում անելով  130 կանանց շրջանում  կատարած հետազոտությանը:

 

Հարցմանը մասնակցել են  կանայք, ում աշխատավարձը իրենց զուգընկերների աշխատավարձերից բարձր է: Նրանց մեծ մասը հաղորդել է, որ  զգում են իրենց  հոգնած, տանջված և վիրավորված, որ իրենց տղամարդկանցից շատ են վաստակում:

 

-Դա սթրես է, մեծ պատասխանատվություն: Ես ինձ կստիպեմ նույն աշխատանքին մնալ, ինչ որ հիմա, նույնիսկ եթե այն ինձ դուր չի գալիս, – մեջբերում է հանդեսը հարցմանը մասնակցած կանանցից մեկի խոսքերը: Նրան հատկապես տխրեցրել է այն փաստը, որ ընտանիքի բարօրության  համար կանայք ստիպված են չսիրած գործով զբաղվել:

 

Երկրորդ ոչ պակաս կարևոր խնդիրը այդ կանանց համար  այն է, որ ընտանիքի նյութական բարեկեցությունը ապահովելուն զուգահեռ նրանք ստիպված են լինում կատարել տնային հոգսերի առյուծի բաժինը:  Ինչ վերաբերում է ամոթին, ապա շատ վաստակող  կանայք ունենում են այդ զգացումը այն ձևավորված կարծրատիպի պատճառով, որ իբր նման հարաբերություններում տղամարդիկ  զուտ հաշվարկով են մնում նման կանանց հետ: Համարվում է, որ հաստ դրամապանակով կանայք սովորաբար այնքան էլ  գրավիչ չեն  եւ ամեն ինչին  ստիպված են լինում հասնել միայնակ՝ առանց հույսը դնելու հաջող ամուսնության վրա:  Մինչդեռ կարծրատիպերը բոլորի վրա չէ, որ ազդում են.  շատ բարձր աշխատավարձի առումով ամոթի զգացում են ունենում  ոչ բոլոր երիտասարդ կանայք, նշում է հանդեսը: Շատերը ընդհանրապես չեն մտահոգվում այդ առումով: Ոմանք ասում են, որ նրանց ամուսինները վաստակում են ավելի քիչ, բայց, փոխարենը, զբաղվում են սիրելի գործով, ինչն ավելի կարևոր է նրանց համար: Մյուսներն ընդհանրապես չեն մտածում այն մասին, թե ով է ավելի շատ վաստակում, կարևորը, որ ամեն ամիս նրանք հավասարաչափ ներդրում ունենան համատեղ վճարվող հիփոթեքի մեջ:

 

-Դա նշանակություն չունի: Մենք մեր աշխատավարձերի 50% փոխանցում ենք այն ընդհանուր հաշվեհամարին, որից մարում ենք հիփոթեքը, վճարում ենք սննդամթերքի համար, վարձերը և հուսով, եմ նաև տոների համար, – կիսվել է ընտանեկան բյուջեի կառավարման իր փորձով հանդեսի 28-ամյա ընթերցողը:

 

 

Ի դեպ,  հայաստանցի երիտասարդներն այս խնդրի  վերաբերյալ բավականին  կոնսերվատիվ տեսակետներ ունեն:  Դա են փաստում   «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի շրջանակներում 2016-ին իրականացված «Կանանց և տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում»  հետազոտության    տվյալները,  ըստ որոնց  պատանիները, որոշ դեպքերում՝ նաև աղջիկները, գտնում են, որ կնոջ աշխատելու պարագայում անպայմանորեն պետք է տղամարդու աշխատավարձի չափն ավելի բարձր լինի, քան կնոջը, քանի որ հակառակ դեպքում կինը կարող է օգտագործել այդ հանգամանքը՝ ցուցաբերելով «անհնազանդություն» ընտանեկան հարաբերություններում:

 

Լինել ընտանիքի միակ կերակրողը. ինչպիսի  հետևանքներ դա ունի տղամարդկանց համար

 

Թեման շարունակում է  The Telegraph –ը, մեջբերելով մեկ այլ   հետազոտության տվյալներ,  ըստ որոնց  ընտանիքի միակ կերակրողը լինելը վնասակար է տղամարդու հոգեբանական և ֆիզիկական վիճակի համար, իսկ ֆինանսական բեռի հավասար բաշխումը  ամուսինների միջև երկարաժամկետ օգուտ է տալիս առողջությանը… 

 

Հետազոտությունը հրավիրում է գիտնականների ուշադրությունը այն փաստի վրա, որ վաստակելու վերաբերյալ գենդերային  ակնկալիքները  վնասակար են տղամարդկանց առողջության համար: «Տղամարդիկ հասկանում են, որ պետք է լինեն  ընտանիքի կերակրողը, բայց միայնակ կամ առանց որևէ մեկի օգնության ընտանիքի նյութական բարեկեցությունը ապահովելը բացասական հետևանքներ է ունենում», –  կարծում են փորձագետները:  Միևնույն ժամանակ պարզվել է, որ ընտանիքի միակ կերակրողի դերը կատարելը կանանց մոտ համարվում է առավելություն, նրանց հոգեկան և էմոցիոնալ վիճակը լավանում է , երբ պակասում է նրանց մասնակցությունը տնային աշխատանքի  կատարման մեջ:

 

Ֆինանսական կախվածության և առողջական վիճակի միջև եղած կապը պարզելու համար հետազոտողները վերլուծել են 2007-2011  անցկացված  հարցմանը մասնակցած 9000 հոգու  պատասխաններ: Արդյունքները ցույց են տվել, որ  տղմարդկանց հոգեվիճակը ավելի վատ է եղել այն տարիներին, երբ նրանք եղել են ընտանիքի միակ կերակրողը: Տոկոսային հարաբերությամբ, նրանք իրենց բարեկեցությունը 5%-ով ավելի ցածր են գնահատել, հոգեկան առողջությունը 3,5%-ով ավելի ցածր՝ համեմատած այն ժամանակաշրջանի հետ, երբ ընտանիքի եկամուտը հավասարապես ապահովել են երկու ամուսիններն էլ:

 

Կանայք լիովին այլ արդյունք են ցույց տվել. այն տարիներին, երբ նրանք ամենամեծ ներդրում են կատարել ընտանեկան բյուջեում, նրանք իրենց շատ ավելի լավ են զգացել հոգեպես: Եվ, հակառակը, հենց նրանց եկամուտները պակասել են  ու ամուսինն է եղել  կերակրողի դերում, կանայք սկսել են իրենց ավելի վատ զգալ:

 

-Տղամարդիկ, ովքեր վաստակում են իրենց կանանցից շատ, մոտենում են նյութական ապահովվածության խնդրին որպես պարտականություն և մտահոգված են  կերակրողի կարգավիճակի պահպանման առումով, – նշում է բժիշկ Կրիստին Մանչը, Կոննեքտիքութի համալսարանի սոցիոլոգիայի դեպարտամենտի դոցենտը: Միևնույն ժամանակ այդ պարտականությունը վատ է անդրադառնում նրանց ինքնազգացողության վրա: Իսկ ահա կանանց համար այդ իրավիճակը հնարավորությունների և ընտրության մեծ դաշտ է: Ապահովելով ընտանիքին՝ նրանք հպարտություն են ապրում, և չեն մտահոգվում, թե ինչ կասեն ուրիշները, եթե նրանց մոտ դա չի հաջողվում,  –  ասում են   սոցիոլոգները:

 

Ստացվում է, որ եթե կինը վաստակում է ընտանիքում ամուսնու չափ կամ նույնիսկ ավելի, հաղթող են դուրս գալիս բոլորը. կանայք հպարտանում են իրենց ձեռքբերումներով, իսկ տղամարդիկ իրենց ավելի հանգիստ են զգում:

 

Ինչքանով են այս հետազոտությունների արդյունքները աշխատում մեր հասարակությունում , որտեղ ընտանիքի միակ կերակրողի դերը   տղամարդկանց   բարոյական պարտականություն  ու  «իսկական տղամարդու»  չափանիշ է համարվում,  դժվար է ասել: Բայց  մեզանում էլ կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ  տղամարդկանց  պարտադրվող  այդ դերը  հաճախ բացասական ազդեցություն է ունենում  եւ՛ նրանց առողջության, եւ՛  ընտանիքի բարեկեցության առումով:    Սակայն ժամանակն ինքն է գալիս կոտրելու կարծրատիպերը եւ երիտասարդ շատ ընտանիքներում  փոխվում են   աշխատանքի բաշխման մասին ավանդական պատկերացումները:  Ավելի հաճախ է խոսվում պետության կողմից   կանանց  ներուժի  ոչ արդյունավետ օգտագործման եւ  նրանց համար ընտանիքն ու աշխատանքը համատեղելու  հնարավորություններ ստեղծելու  մասին:  2016-ին  ՄԱԲՀ-ի կողմից  «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրության» տվյալներով,  կանանց աշխատանքի սահմանափակման և նրանց նկատմամբ աշխատանքի շուկայում գոյություն ունեցող խտրականության հետևանքով Հայաստանը համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշում առնվազն 50-60 մլն դոլար է կորցնում… 

 

 

Ծաղրանկարները ՝ «Հավասար» քարոզարշավի  «Կանայք աշխատանքի շուկայում»  շարքից

 

 

Դիտումների քանակը` 598

Վերադառնալ վերև