Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանայք` ընտրական հանձնաժողովներում

 

Քանի՞ կին է ընդգրկված եղել  ընտրական հանձնաժողովներում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում: Այս հարցով  WomenNet.am-ը դիմեց  Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Պարզվեց, որ ընտրական հանձնաժողովների բոլոր մակարդակներում գրեթե գենդերային հավասարություն է, ինչը սակայն չի վերաբերվում հանձնաժողովների ղեկավար կազմին:

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանում ընտրական հանձնաժողովների համակարգը եռաստիճան է` Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (ԸԸՀ), տեղամասային ընտրական հանձնաժողով (ՏԸՀ): ԿԸՀ-ն ձեւավորվում է  պրոֆեսիոնալ սկզբունքով, բացի այդ ԿԸՀ անդամ կարող են լինել այնպիսի  քաղաքացիներ,  ովքեր հրապարակային հասարակական-քաղաքական գործունեություն չեն ծավալում: Նրա անդամները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի,  ՀՀ Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ:

 

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արտակ Մելիքսեթյանը  պարզաբանեց, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, ԿԸՀ անդամներից առնվազն երկուսը պետք է լինեն կանայք: ԿԸՀ 7 անդամներից երեքը կին են, ընդ որում  նրանցից մեկը՝ նախագահի տեղակալ:

 

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի վեց անդամ, նրանք նշանակվում են վեց տարի ժամկետով: Այս հանձնաժողովների անդամները նշանակվում են ԿԸՀ կողմից եւ համալրվում այնպիսի քաղաքացիներով, ովքեր հրապարակային հասարակական-քաղաքական գործունեություն չեն ծավալում: Օրենքի պահանջով՝  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում յուրաքանչյուր սեռի անդամների թիվը չպետք է պակաս լինի երկուսից:

 

 

«Հայաստանում թվով 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում 287 անդամներից 96-ը կամ անդամների ընդհանուր թվի 33 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են», -փետրվարի 18-ին ԿԸՀ-ում հայտարարեց ԿԸՀ անդամը:

 

 

Արտակ Մելիքսեթյանի խոսքով, 96 կանանցից չորսը հանձնաժողովի նախագահններ են, 8-ը` նախագահի տեղակալներ են, տասը զբաղեցնում են  ԸԸՀ քարտուղարի պաշտոն:

 

 

Ինչ վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին ու դրանց կազմավորմանը, ապա հանրապետության ողջ տարածքում ձևավորվել է 1988 տեղամասային հանձնաժողով (ՏԸՀ), որպես անդամներ ներգրավված է 15 904 քաղաքացի: ՏԸՀ կազմավորմանը, ըստ օրենքի, մասնակցում են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները եւ դաշինքները:Ի տարբերություն այլ մակարդակների՝  օրենքն այստեղ սեռային տարբերակման պահանջ չի ներկայացնում:

 

 

Այս տարի փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրությունների համար ձևավորված տեղամասային հանձնաժողովներում ներգրավված անդամներից 7479-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, դա կազմում է հանձնաժողովների անդամների ընդհանուր թվի 48 տոկոսը:

 

 

Նրանցից 687-ը նշանակված են որպես հանձնաժողովի նախագահ, ինչը կազմում է հանձնաժողովների անդամների  ընդհանուր թվի 4.01 տոկոսը, 1096-ը` հանձնաժողովի քարտուղարներ են, որը կազմում է ընդհանուր թվի 7 տոկոսը:

 

 

Քվեարկությունից հետո հինգ օր հետո, եթե չեն նշանակվում նոր ընտրություններ, ապա նրանց լիազորությունները դադարում են:

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 2476

Վերադառնալ վերև