Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանայք  իշխանության մեջ. «խայտառակ թվեր» թե՞ «նոր Հայաստանի ձեռքբերում»

 

Արձագանքներ Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանը

 

Որոշումների ընդունման մակարդակում կանանց ներկայացվածության խնդիրը հայտնվեց ուշադրության կենտրոնում,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  ֆեյսսբուքյան էջում արված  գրառումից  հետո, որում ինքը անդրադարձ էր կատարել  կառավարության կազմում կանանց մասնակցության ցուցանիշներին: Գրեթե նույնը նա կրկնեց  ավելի ուշ ,  իր «100 փաստ Նոր Հայաստանի մասին» սեպտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Մեր կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են: ՊԵԿ նախագահի տեղակալներից մեկը կին է, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը կին է: Բացի դա՝ կանայք են ղեկավարում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության պետական կոմիտեն: Այս ցանկը կարելի է շարունակել, բայց կարծում եմ՝ մեր կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարություններին»,- նշել էր  վարչապետը:

 

Վարչապետի այս անդրադարձն էր ինքնին կարևոր էր,  հատկապես եթե հաշվի առնենք իր իսկ  կողմից նախկինում արված հայտարարությունները, թե որքան են նոր իշխանությունները կարևորում կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում:  Սակայն  նոր  Հայաստանի գործադիրում կանանց թիվը, թերևս, այնպիսի աճ չի արձանագրել, որը կփաստեր լուրջ  ձեռքբերման մասին  և  այն մասին, որ վարչապետի հայտարարություններն իրապես  խորհուրդ  են պարունակում՝ ավելացնել կանանց թիվը, քանի որ դա լուրջ ռեսուրս է, և չօգտագործել այդ ռեսուրսը  մեծ շռայլություն է մեր երկրի համար:

 

Նշենք, որ , ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի,  և՛ նախարարների, և՛ փոխնախարարների պաշտոնները  համարվում են քաղաքական, սակայն, ինչպես օրենքն է ասում ՝   «Նախարարի տեղակալի քաղաքական պաշտոն և համայնքի ղեկավարի համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գործում է համապատասխանաբար նախարարից և համայնքի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ»:

 

Դա նշանակում է, որ նույնիսկ այն պարագայում, երբ կանանց թիվն ընդհանուր առմամբ ավելացել է ՀՀ Կառավարության կազմում,  միևնույնն է  որոշում կայացնող օղակում միայն մեկ կին նախարար ունենք՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:   Նույնիսկ 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանի ձևավորած առաջին կառավարությունում գոնե երկու կին նախարար կար, իսկ նախորդ իշխանության օրոք եղել է կառավարություն, որի կազմում երեք կին նախարար է եղել՝  Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան,  Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

 

Արդարության համար նշենք, որ երեք կին նախարար ունեցել ենք այն կաբինետի օրոք, որն ուներ 19 նախարարություն, մինչդեռ այսօր նախարարությունների թիվը ևս կրճատվել է: Չենք մոռանում նաև այն փաստը, որ    ամենախոշորացված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 6 տեղակալներից երեքը կանայք են, իսկ արդարադատության նախարարի չորս տեղակալներից երեքը կանայք են (թեև առաջին տեղակալը տղամարդ է):

 

Դրա հետ մեկտեղ մի շարք նախարարների տեղակալների թվում կանայք ինչպես չեն եղել, այնպես էլ այսօր չկան (Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների, Ֆինանսների նախարարություն և այլն), կին մարզպետ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր չունենք թերևս խոսում է այն մասին, որ թե՛ նախկինում, թե՛ ներկայումս իշխանությունը պատրաստ չէ վստահել կանանց կարևոր ոլորտներ՝ համարելով դրանք բացառապես տղամարդկանց տիրույթ: Եվ անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ կանի կառավարության ղեկավարը, ում նախաձեռնած թավշյա հեղափոխությանը կանայք ու աղջիկները առանձնահատուկ կարևոր դեր խաղացին, դա գրեթե չի փոխում տարիներով արմատացած ստատուս-քվոն  քաղաքական էլիտայի  գենդերային կազմի առումով:

 

 

«Խայտառակ թվեր են՝ հաշվի առնելով, որ ՀՀ բնակչության կեսից ավելին կանայք են»

 

Հետաքրքիր էին արձագանքները  վարչապետի այս գրառմանը , որոնք շատ հակասական էին: Եթե մի կողմ դնենք   գրառման տակ թողած ոչ ադեկվատ ու թեմային չվերաբերող մեկնաբանությունները , ապա ստիպված ենք փաստել, որ  Փաշինյանի գրառումը ոչ թե գովեստի խոսքեր, այլ  քննադատության ալիք  առաջացրեց :  Կարծիքների մեծ մասը տեղավորվում էր ԵԽԽՎ-ի  նախագահ Լիլիան Մորի Պասկեյի կողմից  հնչեցված դիպուկ  բանաձևի շրջանակներում՝   «Կանայք նման են թթվածնի, ինչքան վերև ես բարձրանում, այնքան նրանք քիչ են»…

 

 

«Մեկ կին նախարար, և մշտապես ավանդական կանացի ոլորտում, երբ Իսպանիայում, Եթովպիայում, Ռուանդայում նախարարների ուղիղ կեսն են կանայք: Անվտանգության ոլորտում կանայք ընդհանրապես չկան: Մի քանի տասնյակ տղամարդ դեսպան կա և միայն հինգ կին, որոնցից միայն մեկն է հեղափոխությունից հետո նշանակվել և միայն երեքն է կարիերային դիվանագետ»,- գրել է օգտատեր Sossi Tatikyan-ը:

 

Օգտատեր Naira Kalantaryan-ը շարունակում է. «Միևնույնն է քիչ են ներգրավված, մի տեսակ ստորադասված վիճակ է հիմնականում տեղակալների մակարդակով»:

 

Իսկ Varsik Kombajyan-ն ավելացնում. «Ես սպասում էի այս հաշվետվությանը: Վիճակագրություն հանուն վիճակագրության. դուք կրկնում եք նախորդների սխալները»:

 

Իսկ օգտատեր Byurakn Ishkhanyan-ը հավելում. «Դուք հասկանու՞մ եք, որ սրանք խայտառակ թվեր են՝ հաշվի առնելով, որ ՀՀ բնակչության կեսից ավելին կանայք են, իսկ հեղափոխությանը կանայք հավասար մասնակցություն են ունեցել։ Գոնե ամաչեք էլ… »։

 

Օգտատեր Զառա Հովհաննիսյանը  համեմատություն է անում Մոլդովայի հետ. Հարգելի վարչապետ, նախ, կառավարությունը կանանց ներգրավվածությամբ չի գերազանցում նախկին կառավարությանը, քանի որ նախկինում եղել է, որ նախարարի պորտֆել է ունեցել միաժամանակ երեք կին, այդ թվում ՀՀ արդարադատության նախարարի պորտֆելը, որը կանանց համար ավանդականորեն ընդունված պաշտոն չէ։ Բայց խնդիրն այն չէ, որ մենք այժմ անընդհատ հետ նայենք ու համեմատվենք, ասնեք, թե ինչ վատն էին նախորդներն ու ինչ լավն ենք մենք։ Այլ փորձենք առաջ գնալ ու հասկանալ, թե ինչ հարց է լուծվում կանանց ներգրավվածության բարձրացման արդյունքում, ինչպիսին են համաշխարհային ուղենիշները, նայենք, թե աշխարհը որքան առաջ է գնացել։ Այժմ ես Մոլդովայում եմ, և այստեղի կառավարությունում կանանց ներգրավվածությունը 50 տոկոսից ավելի է, ինչպես նաև խորհրդարանի ընտրացուցակներում հստակ պահանջ է ամրագրված կանանց 40 տոկոս մասնակցության, ինչը մեզ չհաջողվեց անել անգամ անցած տարի՝ թավշյա հեղափոխությունից հետո մշակված նոր ընտրական օրենսգրքի նախագծով, որն այդպես էլ մնաց որպես նախագիծ»:

 

Մի շարք  մեկնաբանություններում  բարձրացվում էր քանակից  բացի որակ ապահովելու խնդիրը:   Ասվում էր, որ կանանց թիվը, իհարկե, կարևոր է, բայց ոչ պակաս կարևոր է նաև կադրերի որակը, իսկ այս իմաստով օգտատերերը անգամ հնչեցնում էին անուններ, թե գործադիրում ներկայացված ո՞ր կին անդամները չեն արդարացնում հասարակության սպասելիքները:

 

Եվ մեկ նկատառում ևս , Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը  հիշեցրեց ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության մասին խնդիրը: «ՏԻՄ-երում պատկերը աղետալի է», – գրել է նա և  այս մեկնաբանության հետ համաձայնություն հայտնեցին  շատերը: Շարունակելով թեման, մեկ այլ օգտատեր  բարձրաձայնում է ՏԻՄ  ընտրութուններում կանանց առաջադրվելու և ընտրվելու դժվարությունները .  «Չկան կին քաղաքապետեր, գյուղական համայնքներում խոշորացումից հետո կանանց ընտրվելու շանսերը խիստ նվազում են, պակասել է կանանց մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում»:

 

Իհարկե, գտնվեցին նաև այնպիսի օգտատերեր, ում համար իշխանությունում կանանց ներկայությունը  լուրջ մարտահրավեր է  տղամարդկանց դիրքերը սասանելու իմմաստով:  Նույնիսկ հորդորեցին  վարչապետին չզբաղվել անիմաստ գործունեությամբ և կանանց չբերել կառավարություն: «Պարոն վարչապետ, հեչ էլ կարիք չկա կանանց բերել նախարար կամ փոխնախարար կամ էլ նախարարի տեղակալ դնել, մի ցանկացեք կանանց իրավունքները բերել հավասարեցնել տղամարդկանց, դուք էդպիսով, տղամարդկանց դիրքն ու արժեքը գցում եք, մենք ոչ ռուս ենք, ոչ էլ եվրոպացի, մի արեք դա, և մի արժեզրկեք հայ տղամարդուն, որպեսզի կանանց մոտ սեր և ցանկություն մնա դեպի տղամարդը, հարգանք և վախ նաև, այլապես միասեռության է տանում այս ամենը…»,- գրել է Garik Ghazaryan Photographer-ը: Բարեբախտաբար, նման կարգի մեկնաբանությունները քիչ էին…

 

 

Լիա Խոջոյան

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հայաստանի  ո՞ր կառավարությունում են կանայք ամենից շատ ներգրավված եղել

 

 

Դիտումների քանակը` 387

Վերադառնալ վերև