Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանայք Հայաստանի աշխատանքի շուկայում. միայն թվեր եւ փաստեր

Հիմնվելով ՀՀ ԱՎԾ տվյալների եւ Հայաստանում անցկացված մի շարք հետազոտությունների վրա WomenNet.am-ը  ներկայացնում է  թվեր եւ փաստեր աշխատանքի շուկայում առկա գենդերային անհավասարության վերաբերյալ.

 

    • Հայաստանի բնակչության 52 % կանայք են և 48 % տղամարդիկ, սակայն տնտեսապես ակտիվ են  տղամարդկանց 73 տոկոսը եւ կանանց ընդամենը  56 տոկոսը:

 

    • Բարձրագույն կրթություն  ունեն  Հայաստանի աշխատանքային ռեսուրսների 26%-ը,   կանանց  մասնաբաժինը այդ թվում 59 %  է կազմում , սակայն   դա  դեռեւս չի նշանակում, որ կանայք ավելի լավ են վարձատրվում:

 

  • Հայաստանի աշխատանքային շուկայում կանանց և տղամարդկանց միջին աշխատավարձի միջև տարբերությունը կազմում է 34 տոկոս:  Իսկ եկամուտների մասով տարբերությունն էլ ավելի մեծ է եւ հասնում է  40 տոկոսի: Համեմատության համար, ԵՄ անդամ երկրներում այս տարբերությունը   15.9 տոկոս է, իսկ աշխարհի միջինացված ցուցանիշը՝ 22.9 տոկոս է:

 

    • Աշխատանքի վարձատրության շոշափելի խզումը  պայմանավորված է աշխատանքի շուկայում  առկա ուղղահայաց (կարիերայի հիերարխիայի անհավասար հասանելիություն) և հորիզոնական (ըստ մասնագիտությունների և զբաղվածության ոլորտների) խտրականությամբ  :

 

    • Հորիզոնական խտրազատումը բնութագրվում է նրանով,  որ կանայք կենտրոնացած են այն ոլորտներում , որտեղ տարեկան գրանցվող միջին աշխատավարձից աշխատավարձները ավելի ցածր են:   Ըստ ՀՀ ԱՎԾ վիճակագրության կանայք հիմնականում զբաղված են (50 և ավելի տոկոս ներկայություն) գյուղատնտեսության, ծառայությունների հանրային կառավարման, կրթության, առողջապահության և արվեստի ոլորտներում: Առավել մրցունակ համարվող ու բարձր վարձատրվող  ոլորտներում, ինչպիսին են ,  օրինակ IT կամ ֆինանսական-ապահովագրական ոլորտները,  կանայք  քիչ են ներկայացված , իսկ ներկայացված լինելու դեպքում էլ  ցածր վարձատրվող աշխատանք են կատարում:

 

    • Կանանց շրջանում աշխատանքի շուկայում հորիզոնական խտրականության  առկայությունը նաև մասնագիտությունների սահմանափակ ընտրության արդյունք է: 2010-14թթ.-ներին ՀՀ ԱՎԾ վիճակագրության համաձայն պետական և ոչ պետական բուհերում 28 մասնագիտական խմբերից  7-ում  կանանց թիվը գերազանցել  է  50 տոկոսի շեմը:

 

    • Մինչդեռ բնագիտության և մաթեմատիկայի միջազգային ստուգատեսներում աղջիկներն ավելի բարձր առաջադիմություն են արձանագրում, ինչը  բացառում է վերջիններիս մոտ ավելի թույլ զարգացած գիտելիքների ու հմտությունների պատճառով հետագայում մասնագիտական խտրական կողմնորոշման վարկածը: Ուղղակի կանայք մասնագիտանում են  կարծրատիպային մոտեցումների համապատասխան  «կանանց համար ավելի հարմար» ոլորտներում:

 

    • Ուղղահայաց խտրազատումը  առաջ է գալիս այ պատճառով, որ կանայք  ավելի քիչ վարձատրվող  ստորին եւ միջին օղակներում են առավել ներկայացված: Կանայք  ավելի շատ աշխատաշուկայի  պետական հատվածում են ներկայացված, ինչը նույնպես խորացնում է  խտրազատումը:  Այսպես, պետական հատվածում զբաղվածների շուրջ 60  տոկոսը կանայք են,  բայց նրանց 50 տոկոսից ավելին ստորին օղակներում են զբաղված: Պետական հատվածում բարձրագույն պաշտոնների 90.2 և ղեկավար պաշտոնների 59.9 տոկոսը զբաղեցնում են տղամարդիկ:

 

  • Աշխատանքի վարձատրության տարբերությունները միշտ չէ, որ մեղմանում են կանանց կրթական բարձր մակարդակով. պատճառը դժվարություններն են մասնագիտական առաջխաղացման հարցում, և այդպիսով ուղղահայաց խտրազատումը պահպանվում է անգամ այն ճյուղերում, որոնցում ավանդաբար գերակշռում է կանանց զբաղվածությունը (առողջապահություն, կրթություն, մշակույթ, սոցիալական ապահովություն, գյուղատնտեսություն):

 

  • Թեև կառավարությունը որպես զբաղվածության և սոցիալական խնդիրների լուծման արդյունավետ ճանապարհ է դիտում  փոքր և միջին ձեռնարկությունների առաջանցիկ զարգացումը, կանանց ներկայացվածությունը փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում ընդամենը 10% է, նույնիսկ միկրոբիզնեսու  կանանց թիվը  25%-ից ոչ ավել է:

 

  • Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թվում կանանց մասնաբաժինը  68,1% է կազմում, ընդ որում  այդ կանանց 40%-ը ունեն բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն: Տնտեսապես ոչ ակտիվ կանանց  90%-ը տնային տնտեսուհիներ են, որոնք զբաղված են չվարձատրվող աշխատանքով: Կանայք կատարում են տնային տնտեսություններում չվճարվող աշխատանքի մեծ մասը, որը չի ստանում արժեքային որևէ գնահատական և չի արտացոլվում ազգային հաշիվների համակարգում:

 

  • Գործազուրկների մեջ կանայք 54 տոկոս են կազմում, գրանցված գործազուրկների թվում կանայք 72 տոկոս են: 2001-2014 թ.թ. դինամիկայով գործազրկությունը կանանց շրջանում աճի միտում ունի:   Գործազուրկ կանանց թվում 62 տոկոսը ունեն կրթություն (  բարձրագույն կամ միջին մասնագիտական),  գործազուրկ տղամարդկանց թվում  կրթություն ունեն  48 %-ը:

 

  • Ընտանեկան պատՃառներով աշխատանքնը կորցրած  գործազուրկների 100 տոկոսը կանայք են:

 

  • ՀՀ  ազգային վիճակագրական ծառայության անցկացրած ժամանակի բյուջեի ուսումնասիրությունը  (2008 թ) ցույց է տալիս, որ տղամարդիկ երեք անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում վճարվող աշխատանքի վրա, իսկ կանայք հինգ անգամ ավել ժամանակ են ծախսում  չվճառվող աշխատատնքի վրա:

 

    • Կանայք տնային տնտեսության աշխատանքի և ընտանիքի անդամների խնամքի համար ծախսում են միջինը 5 ժամ 12 րոպե, իսկ տղամարդիկ այդ աշխատանքին հատկացնում են միջինը 1 ժամ 03 րոպե: Իսկ 0-9 տարեկան երեխաների խնամքը կանանցից 6,6 անգամ ավելի շատ ժամանակ է խլում, քան տղամարդկանցից:  Տղամարդիկ գրեթե 30%-ով ավելի շատ ազատ ժամանակ են ունենում, քան կանայք:

 

    • Վճարվող աշխատանքը  կնոջը չի ազատում տնային աշխատանքից նույն չափով, ինչ տղամարդկանց, ինչի հետևանքով կանայք, տղամարդկանց հետ համեմատած, ավելի մեծ ծավալով աշխատանք են կատարում:

 

  • Հետազոտությամբ վեր հանված օգտագործվող ժամանակի կառուցվածքը ցույց է տալիս հայ հասարակությունում գոյություն ունեցող կարծարատիպերը ընտանիքում գենդերային դերերի բաշխման առնչությամբ: Կանայք են կրում հիմնական պատասխանատվությունը տնային աշխատանքի և ընտանիքի անդամների խնամքի համար, ինչի հետևանքով նրանց կատարած վճարվող աշխատանքը լիովին կախված է ընտանեկան ու աշխատանքային պարտականությունների համատեղման հնարավորություններից:

 

  • Թեպետ  «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրով»  նպատակ է դրվել  մինչև  2015 թվականը ավագ նախադպրոցական տարիքային խմբի (5-6 տարեկանների) ընդգրկվածությունը հասցնել մինչև 90%-ի, սակայն 2014 թ. տվյալներով   նախապրոցական հիմնարկներ են  հաճախել  0-5 տարեկան երեխաների միայն   28.7%-ը, ընդ որում  գյուղական վայրերում ընդամենը  16.6%-ը:  Իսկ   0-2 տարեկան երեխաների միայն  6.2% է ընդգրկված ՆԽՀ-ում:

 

 

  • Ընդհանուր առմամբ,  գենդերային իրավիճակը աշխատանքի  շուկայում բնորոշվում  մարդկային կապիտալի՝ ի դեմս կանանց,  ոչ արդյունավետ օգտագործմամբ:

 

  • Եթե Հայաստանում ավելի շատ կանայք աշխատեին իրենց մասնագիտությամբ եւ  ոչ թե իրենց կամքով կամ  իրենց կամքի հակառակ սահմանափակվեին միայն տնային տնտեսուհու կարգավիճակով,  ապա Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն, առնվազն 50-60 միլիոն դոլարով ավելին կլիներ:

 

  • Ընտանեկան բռնության հետեւանքով երկրին հասցրած տնտեսական կորուստը նախնական հաշվարկներով  կազմում է  տարեկան  400 հազարից մինչեւ 1,1 միլիոն ԱՄՆ դոլար:

 

 

WomenNet.am

 

Աղբյուրները.

 

«Կանայք եւ տղամարդիկ» վիճագրական գրքույկ , ՀՀ ԱՎԾ  2015

Աշխատանքի շուկայում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և տնտեսական ռեսուրսների հավասար մատչելիության ապահովման հետ կապված իրավիճակի ուսումնասիրություն,  ՀՀ  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, 2015

 «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրություն»,  Հայաստանում  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ  2016

Պեկինի գործողությունների ծրագրի, Հազարամյակի զարգացման նպատակների և Կանանց քաղաքական իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման ընթացքը Հայաստանի Հանրապետությունում. Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա – Եր, 2014.

Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում 2009-2012 թթ. ընթացքում: Այլընտրանքային զեկույց.- Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա,  Եր, 2014.

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանայք Հայաստանի աշխատանքի շուկայում. միայն թվեր եւ փաստեր

Որո՞նք են տղամարդկանց և կանանց եկամուտների միջև եղած տարբերությունների պատճառները

«Աշխատանքի շուկայում կանանց խնդիրները նույնն են գրեթե ամենուր»…

Գարիկ Հայրապետյան. « Եվս մեկ քայլ անենք դեպի առաջ` ապահովելով հավասարությունն ընտանիքում և աշխատանքում»

Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը

Այսուհետ Ձեր դայակի համար կվճարի պետությունը

Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…

Ճապոնական ընկերությունները սկսել են թույլ տալ աշխատակիցներին իրենց երեխաներին բերել գրասենյակ

Ի՞նչ կորուստներ է կրում Հայաստանը գենդերային անհավասարության պատճառով

«Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»

Հայաստանի կանայք աշխատանքի շուկայում. խոչընդոտների եւ արգելքների արանքում

Կանանց տնտեսական իրավունքների ընդլայնման գծով Բարձր մակարդակի խումբ է ստեղծվել ՄԱԿ-ում

Աշխատող մայրերն ունենում են ավելի հաջողակ դուստրեր և ավելի հոգատար որդիներ

Կանայք, աշխատանք և տնտեսություն. գենդերային հավասարության մակրոտնտեսական օգուտները

Գյուղաբնակ կանայք. անարդարությունն աշխարհում եւ Հայաստանում

 

 

 

Դիտումների քանակը` 1863

Վերադառնալ վերև