Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանայք հայ ֆուտբոլում անելիքներ չունե՞ն

 Ֆեդերացիայի նախագահի հայտարարության արձագանքները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեռևս 2011-ին պատասխանելով կանանց մեր հավաքականի մասին հարցին՝ ասել էր . «Հայաստանում կանանց ֆուտբոլը չի զարգացել, չի զարգանա,և ցանկություն չունեմ զարգացնելու»: Այնպես որ օրերս հնչեցված նույն այս թեմայի շուրջ  իր  դիրքորոշումը նորություն չէր: Թեպետ դրանով նրա ակնհայտ սեքսիստական գնահատականները չեն սահմանափակվում, քանի որ ֆուտբոլը միակ ոլորտը չէ, որտեղ  կանանց ներկայությունը ակնհայտորեն  նյարդացնում է  իրեն: 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով կանանց ֆուտբոլի զարգացման համար ֆեդերացիայի անելիքներին, Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ անելիքներ առանձնապես չկան, ինքն այդ սպորտաձևի համար ապագա չի տեսնում, ուստի համար չի գտնում դրա համար գումարներ ծախսել:

 

«Հայ մարդը իր աղջկան չի տանում ֆուտբոլի: Հավատացեք ինձ: Դա ծանրամարտ չի, որ ամբողջ երեք միլիոնից 1-2 հոգի դիմեն, գնան ծանրամարտի: Կանանց առաջնություն ունենալու համար մինիմում 3 յազար աղջիկ պետք է գնան ֆուտբոլ խաղան: Մենք այդ քանակը չունենք, և հայ տղամարդիկ թույլ չեն տա 8-10 տարեկան աղջիկը գնա ֆուտբոլում ամեն օր ջարդվի»,-ասաց Հայրապետյանը, ավելացնելով, որ այսօր իր ուշադրության կենտրոնում տղամարդիկ են ու տղամարդկանց ֆուտբոլը:

 

ՀՖՖ նախագահը նաև կարծիք է հայտնել, որ տղամարդը պետք է ղեկավարի ընտանիքը, իսկ հայ տղամարդն ու հայ կինը «իրար հետ հավասար չպիտի լինեն»:

 

«Անպայման ուզում եք եվրոպացի տղամա՞րդ լինեք: Չէ, պետք չի մեզ», – ասել է Հայրապետյանը:

 

Ջոն Հեֆֆերն. 

«Իմ չորս աղջիկներն ու տղան ֆուտբոլ են խաղում» 

 

Հայրապետյանի հայտարարության առաջիններից մեկն արձագանքեց ոչ հայ տղամարդ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերն իր թվիթերյան էջում ցանկություն հայտնեց միանալ կանանց ֆուտբոլի մասին բանավեճերին: Նա նշում է, որ ԱՄՆ-ում կանանց և տղամարդկանց մարզաձևերը հավասարապես են ֆինանսավորվում, ապա նաև ավելացնում.

 

«Իմ չորս աղջիկներն ու տղան ֆուտբոլ են խաղում, և դա նրանց կյանքի զարգացման ամենակարևոր մասերից մեկն է: Երբ 1991 և 1999 թվականներին ԱՄՆ կանանց հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն, դա դարձավ հպարտության առարկա ողջ ազգի համար»:

 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի քարտուղար Հրաչ Ռոստոմյանն էլ Հայրապետյանի հայտարությունը մտահոգիչ համարեց:

«Երբ ՀՖՖ նախագահը հայտարարում է, որ մենք անելիք չունենք կանանց ֆուտբոլում, ապա սա արդեն ավելի քան մտահոգիչ է: Նույնն է, թե Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հայտարարի, թե մենք կանանց ծանրամարտում անելիք չունենք, քանի որ դա հարիր չէ հայ կնոջը: Իրոք, որ իրավիճակը ֆուտբոլում մտահոգիչ է»,-ֆեյսբուքայն իր էջում գրել էր Ռոստոմյանը:

 

Հռիփսիմե Խուրշուդյան. 

«Հայ աղջիկը, հայ կինը կարող է և հասնելու է սպորտային մեծ բարձունքների»

 

Ծանրամարտի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի արձագանքն էլ  չուշացավ.

 

«Եթե ոչ զայրանալ, ապա առնվազն զարմանալ կարելի է, թե ինչպիսի կարծիք ունի մարզական ֆեդերացիայի նախագահը սպորտում կանանց ներգրավվածության վերաբերյալ, ով կարծում է թե հայ աղջիկը կամ կինը իրավունք չունի ֆուտբոլով, ծանրամարտով կամ էլ բռնցքամարտով զբաղվել: Երբ ողջ աշխարհն է ոտքի կանգնում ու ողջունում մեզ, երբ Հայաստանի հիմն է հնչում և բարձրացվում է մեր հայրենիքի դրոշը, երբ ողջ հայ ժողովուրդն է ուրախանում մեր ձեռք բերած նվաճումներով, ես վստահ եմ, որ դա նաև Հայաստանում տվյալ մարզաձևի զարգացմանն է նպաստում, ինչը հասկանալի է բոլորին, երևի բացի նրանից: Իսկ ես հայտարարում եմ, որ ամուսնանալուց ու իմ հրաշք բալիկին ունենալուց հետո, ես շուտով վերադառնալու եմ ակտիվ սպորտ ու ապացուցեմ, որ հայ աղջիկը, հայ կինը կարող է և հասնելու է սպորտային մեծ բարձրունքների», –  գրել է նա  ֆեյսբուքյան իր էջում:

 

Ուշագրավ է, որ սպորտսմենուհու գրառման ներքո «կեցցե, ապրես, հալալ է քեզ, հպարտանում ենք քեզանով» մեկնաբանություններ թողնողների թվում շատ են նաև հայ տղամարդիկ:

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը գոյատևել է միայն աղջիկների նվիրվածության շնորհիվ»…

«Ես ինձ վիրավորված կզգամ, որ հաղթեմ կնոջը»…

Կինը՝ «նիխտ պոլիտիկ». Ռուբեն Հայրապետյանը` սեքսիստ

 

Դիտումների քանակը` 5342

Վերադառնալ վերև