Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կանայք հանուն խաղաղության և կայունության». հինգերորդ միջազգային կոնֆերանս Երևանում

 

Հունիսի 8-ին Երևանում մեկնարկել է «Ժամանակակից մարտահրավերները լուծելու նոր ուղիների որոնում: Կին խաղարարներ» հինգերորդ միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպվել է  «Դեմոկրատիան այսօր» ՀԿ –ի  կողմից: Ավանդույթի համաձայն  կոնֆերանսին նախորդող օրը  շնորհվեց  ամենամյա  «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ը:

 

Կոնֆերանսի անփոփոխ կարգախոսն է . «Կանայք հանուն խաղաղության և կայունության. խաղաղությունը սկսվում է քո տնից», ըստ այդմ   քննարկվող հարցերի էպիկենտրոնում կինն է, նրա իրավունքների պաշտպանությունն  ու նրա դերակատարումը  հակամարտությունների պայմաններում: Այս անգամ օրակարգում շեշտադրվել  էին նաև   հակամարտությունների և պատերազմների ժամանակ գենդերային բռնությանը վերաբերող հարցեր: Ի դեպ այս  տարի կազմակերպիչները ընդլայնել են մասնակիցների աշխարհագրությունը: Մասնակիցների թվում էին  Սիրիայից, Կոլումբիայից, Իրաքից, Կիպրոսից, Խորվաթիայից, Սերբիայից, Չեչնիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ –ից ժամանած ներկայացուցիչներ:

 

«Այս տարի կոնֆերանսին մասնակցում են կանայք, որոնք հակամարտությունը կարգավորած երկրներից են՝ օրինակ, Կոլումբիա, Խորվաթիա, Սերբիա, ինչպես նաև կանայք, որոնք դեռ ապրում են հակամարտող երկրներում՝ Իրաք, Սիրիա, Ուկրաինա, Լեռնային Ղարաբաղ»,- նշեց  WomenNet-ի հետ զրույցում «Դեմոկրատիան այսօր» ՀԿ նախագահ Գյուլնարա Շահինյանը: Նրա ներկայացմամբ,   այս անգամ կոնֆերանսի մասնակիցները խոսելու են հատկապես  գենդերային բռնության դեմ օրենսդրության և քաղաքականության մասին, հատկապես շեշետավորելով այն, ինչպես է  այն   կիրառվում է թեժ կետերում  կամ ինչո՞ւ այդ օրենսդրությունը չի աշխատում և ինչ է պետք անել, որպեսզի այն  հակամամրտությունների  պայմաններում   աշխատի.

 

«Հիմնական հարցերն են, որ հուզում են մեզ ու նաև աշխարհի տարբեր կետերում գործունեություն ծավալող կառույցներին ու հասարակական կազմակերպություններին՝ ի՞նչ դեր կարող են ունենալ կանայք հակամարտությունների կարգավորման գործում և ինչո՞ւ այդ դերերը չեն ընդունվում, ո՞րն է պատճառը: Սա է, որ մենք փորձելու ենք հասկանալ՝ վերլուծելով նաև մասնակից կանանց պատմություններն ու սեփական փորձը»,- հավելեց Գյուլնարա Շահինյանը:

 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն բացման խոսքում հայտարարեց, որ կանանց ձայնը պետք է լսվի խաղաղեցման, հաշտեցման բոլոր գործընթացներում.

 

«Կանայք  մեծ դեր կարող են խաղալ  զինված հակամարտություններում, քանի որ նրանց կարող են և՛ մարտիկներ լինել և մարտնչել խաղաղության հաստատման համար, կարող են հանդես գալ և՛ որպես  դրանք կարգավորողները,և՛ որպես պոտենցիալ մասնակիցներ հաշտեցման գործընթացում: Կանայք կարող են զգալի դերակատարում ունենալ հետպատերազմական գործընթացներում»,- հայտարարեց դեսպանը: Դիվանագետի հիշեցմամբ՝ պատահական չէ,որ այսօր աշխարհի օրակարգում է «կանայք, անվտանգություն, խաղաղություն» սկզբունքը, որի  շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից   ընդունվել  են մի շարք  բանաձև եր  , որոնցից մեկը պետություններին կոչ է անում անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել հակամարտության ժամանակ և  դրանից հետո կանանց պաշտպանության ուղղությամբ:

 

«Ուրախ ենք, որ աջակցում ենք նման միջոցառմանը: Ցանկանում եմ ողջունել տարբեր երկրներից այստեղ եկած կանանց, ովքեր իրենց հետ բերել են իրենց իրականացրած գործունեության մասին խիզախ վկայությունները», – ասաց Ֆրանսիայի դեսպանը:

 

Միջոցառմանը հանդես  եկավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ խաղաղության տանող ուղին և բռնությունների բացառումն անցնում են կանանց հզորացման ճանապարհով:  «Պատճառը, որ ագրեսիվությունն աշխարհում պակասում է այն է, որ այժմ կանանց ձեռքերում կա ավելի մեծ ուժ և իշխանություն: Ես ուրախ եմ նրա  համար, որ ԵՄ-ի հիմնական դրույթներից մեկը գենդերային  հավասարությունն է, և մենք հսկայածավալ աշխատանքներ ենք ծավալում այս ուղղությամբ», -ասաց դեսպանը՝ շեշտադրելով նաև  ընտանեկան  բռնության հիմնախնդիրը: 

 

Նրա խոսքով,  ընտանեկան բռնությունը դժվարությամբ է նահանջումև  իրենց համար պայքարը դրա դեմ նույնպես կարևոր թեմա է:  «Այսօր կարև որ հարց է, թե ինչ պետք է անենք: Կա անհրաժեշտ ռազմավարություն, ծրագիր, սակայն դրանից առավել կարև որ է մտածելակերպը, որ մարդիկ կարողանան արտահայտվել, կոչ անել, որ նման վերաբերմունքն անհանդուրժելի է: Եվրամիությունը կարող է խոստանալ, որ սա մեր շարունակական ուղղություններից է լինելու: Պետք է հորդորենք կանանց` ուժեղ լինել: Ոտքի կանգնեք, արտահայտվեք»,-  ասաց Պյոտր Սվիտալսկին :

 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և  Հյուսիսային Իռլանդայի Միացյալ Թագավորության արտակարգ և  լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվորթն իր խոսքում նույնպես կարև որեց կանանց դերը խաղաղության հաստատման և  պահպահման գործում: Նա  ափսոսանքով նշեց,   որ կանայք ընդգրկված չեն խաղաղության հաստատման գործընթացներում, ինչը այդքան էլ դրական երևույթ չէ, որովհետև կանայք ոչ խաղաղ պայմաններում բռնության  են ենթարկվում, և խաղաղության հաստատման գործընթացներում պետք է հաշվի առնել նաև կանանց կարծիքը։ «Մենք շատ ուրախ ենք օգնել Հայաստանին՝ կանանց դերի բարձրացման գործում»,- հավելեց դեսպանը, միաժամանակ իր հիացմունքն արտահայտելով  «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցով հանրությանը հայտնի դարձած այն  նվիրյալների  հանդեպ, ովքեր իրենց գործունեությամբ օգնել են կանանց, ծերերին և երեխաներին։

Skype-ի միջոցով կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց Կարմիր խաչ միջազգային կազմակերպության սեռական բռնության խորհրդական Քոլին Ղափնուն, ով ներկայացրեց իրենց կազմակերպության մոտեցումները զինված հակամարտություններում սեռական բռնությունների վերաբերյալ: Տիկին Քոլինը մասնավորապես նշեց, որ բոլոր հակամարտություններն ու պատերազմները գրեթե նույն ձեռագիրն ունեն՝ կանայք ենթարկվում են սեռական բռնության: Մինչ նա  ներկայացնում էր ընդհանուր պատկերը աշխարհի բոլոր թեժ կետերից ու խոսում այն խնդիրների մասին, որոնց հետ բախվում են կանայք՝ հոգեբանական, ֆիզիկական և սեռական բռնություն, կոնֆերանսի մասնակիցներից մեկը՝  Արցախի «Մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին է իրավիճակը ղարաբաղյան համակարտության գոտում, որտեղ ներկայումս պատերազմը սառեցված է, բայց հակամարտությունը կարգավորված չէ: Սակայն Կարմիր Խաչի ներկայացուցիչը միայն տեղեկացրեց, որ կոնկրետ տվյալներ ներկայացնել չի կարող.

 

«Կարմիր խաչը երբեք չի տարածում տեղեկատվություն, մենք աշխատում ենք լրիվ կոնֆիդենցիալության պայմաններում: Բայց եթե մենք ունենում ենք տեղեկություններ սեռական բռնության մասին, ապա ամենն անում ենք մեր իրավասությունների շրջանակում, գործի դնում բոլոր մեխանիզմներն ու ամբողջ գործիքակազմը, բայց, կրկնում եմ, երբեք այդ մասին տեղեկատվություն չենք տրամադրում: Մեզ համար կոնֆիդենցիալությունըն առաջնային է.  մենք չենք հրապարակում ու չենք տարածում տեղեկություններ հակամարտություններում սեռական կամ այլ տեսակի բռնությունների մասին»,- շեշտեց նա:

Իսկ անցած տարվա մրցանակակիր, սիրիացի Ղաիդա Օդաթը, ով «Սիրիայի կանանց ասոցիացիայի» ներկայացուցիչ է, պատմեց, որ քաղաքական ապաստան է ստացել Շվեյցարիայից, սակայն շարունակում է աշխատել Սիրիայի բնակիչների հետ՝ իրազեկել նրանց իրենց իրավունքների մասին: «Չկա օրենք, չկա պաշտպանություն, չկա կառավարություն, որը նրանց մասին հոգ կտանի, անգամ  ՄԱԿ-ը նրանց մասին հոգ չի տանում», – ասաց նա, մտահոգություն հայտնելով նաև  Սիրիայի հարևան երկրներում՝ Թուրքիայում, Լիբանանում և Հորդանանում ապաստան ստացած սիրիացիների համար, որոնք  նույնպես անպաշտպան են, շատ անգամ բռնության են ենթարկվում,  որևէ օգնություն չեն ստանում:  Տիկին Օդաթը պատմեց, որ  կանայք հաճախ վախենում են բարձրաձայնել խնդիրները , սակայն իրականում բռնության են ենթարկվում Հորդանանում և Թուրքիայում  կրոնով թույլատրվող «ժամանակավոր ամուսնության» անվան տակ :  « Նրանք օգնության կարիք ունեն, ընտանիքը օգնության կարիք ունի: Նամանավանդ, եթե ընտանիքը հայր չունի, ի՞նչ են կարող նրանք անել, ի՞նչ կարող է անել մայրը, եթե նա չի կարող աշխատել իր ընտանիքի համար: Միգուցե նրանք կարծում են, որ դա օգտակար կլինի աղջկա համար, բայց մի որոշ ժամանակ աղջիկը միայնակ կլինի իր փոքր երեխայի հետ՝ առանց ամուսնու, քանի որ դա իրական ամուսնություն չէ», –  ասաց իրավապաշտպանը:

 

Կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցան նաև  պանելային  քննարկումներ, որոնց  ընթացքում անդարադարձ  կատարվեց   ՄԱԿ-ի ԱԽ-ի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325  բանաձևի իրագործմանը և   ուղղությամբ    պետությունների կողմից արված քայլերին:  

 

Լիա Խոջոյան

 

Հ.Գ.   Կոնֆերանսն ավարտվեց  ասուլիսով , որի ընթացքում  համաժողովի մասնակցիները կարեւորեցին նման հանդիպումները եւ դրանց արդյունքում փորձի փոխանակումն ու փոխգործակցության համատեղ հարթակ ստեղծելու հնարավորությունը։ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ—ի նախագահ Գյուլնարա Շահինյանի խոսքով՝ գոյություն ունեցող խնդիրները գրեթե նույնն են ամբողջ աշխարհում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է քննարկել եւ համատեղ լուծումներ գտնել, ստեղծել  մեկ միասնական պլատֆորմ, որը կմիավորի խաղաղարար գործունեությամբ զբաղվող  մարդկանց:  «Միլիտարիզացիան դարձել է մտածելակերպ, ինչը մեծ վտանգ է ներկայացնում ժամանակակից աշխարհի համար։ Զենքի վրա ծախսվում է 80 անգամ ավելի շատ գումար, քան կրթության եւ սննդի վրա։ Եթե ուզում ենք զարգացում լինի, ապա լուծումները պետք է լինեն ամբողջական, եւ ամբողջ հասարակությունը մասնակցի լուծմանը։ Պրակտիկան ցույց է տալիս, որ այն կոնֆլիկտների լուծմանը, որտեղ կանայք մասնակցում են, հասարակությունների համար դրական ազդեցություն են ունենում»,– ասաց Գ. Շահինյանը՝ ընգծելով, որ համաժողովի հիմնական նպատակներից մեկն էլ ավելի լսելի դարձնել  կանանց ձայնը եւ նրանց կողմից  բարձրացվող խնդիրները:

 

Դիտումների քանակը` 384

Վերադառնալ վերև