Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանայք պատերազմի առաջին գծում ու թիկունքում

Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի առաջին իսկ օրվանից կանայք կամավորագրվեցին՝ պատրաստակամություն հայտնելով մեկնելու առաջին գիծ իրենց հայրերի, եղբայրների, ամուսիների հետ միասին պաշտպանելու հայրենիքը թշնամուց։

 

Պատերազմի առաջին զոհերից էր 35-ամյա Հասմիկ Սմբատի Արզումանյանը ։ Նրա անունը ներառված էր նույն օրը՝ կեսգիշերին մոտ հրապարակված զոհվածների առաջին ցուցակում։ Կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը Հայաստանի զինված ուժերում էր 2014 թվականից: Հրամանատարական կազմի գնահատմամբ ծառայության ընթացքում իրեն դրսևորում էր որպես գրագետ, բանիմաց և կարգապահ զինծառայող: Ծառայակիցները հատկապես կարևորում են կազմակերպչական մեծ ջիղը, որի շնորհիվ կրտսեր սերժանտը բազմաթիվ նախաձեռնություններ է հեղինակում:

 

 

Ռազմական ինտենսիվ գործողությունների ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Ապշելու բաներ այս պատերազմում շատ եղան ու կլինեն։ Ապշելու հերոսություններ ու քաջագործություններ։ Նման ապշելու և հպարտանալու շարքից է նաև կին զինծառայողների սխրանքները, որոնց մասին դեռ կպատմենք»։

 

 

Մեկ օր անց տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հերթական հանդիպմանը Հովհաննիսյանին խնդրեցին կանանց սխրանքների օրինակներ ներկայացնել։ Պարզվեց, օրինակների պակաս չկա, շարքն էլ լրացնելու համար դեռ բազմաթիվ անուններ ու հերոսություններ կան։

 

 

«Այսօր Արցախում աչքովս տեսել եմ հինգ հակատանկիստ կանանց՝ ուղղակի հերոսություն կատարող գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ են, ովքեր շահագործում են մեր զինված ուժերի հակատանկային ամենալավ միջոցներից մեկը»,-կին զինծառայողների մասին ասաց նախարարության ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ նրանք իրենց հիանալի են դրսևորում, «ուղղակի մի ճանճ չի վրիպում իրենց հակատանկային խոցումներից»։

 

Ավելի ուշ նախարարության ներկայացուցիչը խոստացավ հաղթանակից հետո հինգ հակատանկիստ աղջիկներին անձամբ եմ ներկայացնել։ «Ու առհասարակ կին հերոսուհիները այլ հպարտության թեմա են։ Ափսոս որ շատերի դեմքը բացել չենք կարող, հատկապես վեց ամսական երեխուն մոր հույսին թողած ու պատերազմ գնացած գեղեցկուհուն»,-գրել է նա։

 

 

Ասուլիսներից մեկի ժամանակ նա խոսեց նորածին երեխա ունեցող կին զինծառայողի մասին, ով առաջին իսկ օրվանից մեկնել է ռազմաճակատ…  «Ծանոթացել ենք մի կնոջ հետ, որ վեց ամսեկան երեխային թողել է մոր խնամքին ու եկել է պատերազմ։ Պրոֆեսիանալ զինվոր է»,- պատմեց  ՊՆ ներկայացուցիչը։

 

 

 

Նախորդ օրերին Հովհաննիսյանը տեսել է նաև դիպուկահար կանանց, հրետանավոր կնոջ։ Դեռ տեսնել չի հասցրել, բայց շատ է լսել վաշտի կին հրամանատրի մասին։  «Շատ կուզեմ ծանոթանալ իր հետ։ Այ այսպես, մեր աղջիկները, կանայք, քույրերը ամեն օր մարտական խնդիր են կատարում, հերոսանում են»,- ասաց  նա։

 

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն էլ է եղել Հովհաննիսյանի հետ։

 

 

«Արծրուն Հովհաննիսյանի հետ գտնվել ենք մի վայրում, որտեղ մարտական ծանր առաջադրանքը գերազանց կատարելուց հետո սառը գետնին քնած էին մեր քաջարի մարտիկները։ Նկատեցինք, որ նրանց մեջ կային նաև երիտասարդ աղջիկներ։ Հրամանատարն ասաց, որ նրանցից մեկը (անունը առայժմ չեմ նշի), մի քանի ժամ առաջ միայնակ ոչնչացրել է հինգ թշնամու՝ դրանով ապահովելով կատաղի մարտի ժամանակ մերոնց թիկունքի անվտանգությունը։ Իսկ ամենահուզիչն այն էր, որ մեր գեղեցկուհին ունի վեց ամսեկան երեխա, որին թողել է մոր խնամքին, իսկ ինքը մեկնել առաջնագիծ։ Եվ ինչքան այսպիսի առյուծներ են բացահայտվել այս օրերին, որոնց մասին դեռ երկար կխոսենք»,-մանրամասնել է  նա։

 

 

Վետերան կամավորների հետ առաջնագիծ է մեկնել մերօրյա Սոսեն ՝ Սոսե Բալասնայանը: Մարզական կազմվածքով, կամուֆլյաժով և սաղավարտի տակից երևացող երկար գանգուր մազերով այս աղջիկը Ստեփանակերտի բնակիչ է, ձյուդոյի և սամբոյի աշխարհի և այլ առաջնությունների մեդալակիր : «Նման դժվար պահին ես չեմ կարող անտարբեր լինել, այնպես որ հիմա այստեղ եմ եղբայրներիս կողքին», – ասում է Սոսեն: Իր Կալաշնիկովի ինքնաձիգը անվանակոչել է հոր անունով ՝ Գրիգորի: Հայրը նույնպես պատերազմել է այս կողմերում, առաջին արցախյան պատերազմի մասնակից է …

 

 

Կանայք առաջին գծում բացի կռվելուց նաև Արցախ ուղարկված առաջին անհրաժեշտության օգնությունն են տեսակավորում ու զինվորներին հասցնում։ Նրանք զոր ու գիշեր փռերում հաց են թխում, արտադրամասերում կար են անում՝ զինվորին հաց ու տաք հագուստ, անձրևանոց հասցնելու համար։

 

 

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը միացել է կամավորներին, ովքեր առաջնագծի համար անհրաժեշտ պարագաներ են կարում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հրապարակելով այս լուսանկարը Facebook-ի իր էջում, նշել է, որ ԿԳՄ նախարարն իր աշխատանքային պարտականություններից դուրս նոր՝ ոչ պակաս կարևոր գործով է զբաղված:

 

 

«Նրա այս կերպարը յուրահատուկ մարմնավորումն է մեր ազգի` այս օրերին դրսևորած վարքագծի` ամեն ինչ հանուն ճակատի ու Հայրենիքի: Ահա սա՛ է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը»,- գրել է նախագահն ու վստահեցրել՝ հաղթանակը մերն է լինելու։

 

 

Մասնագիտությամբ ոչ զինվորական կանայք էլ, իրենց սեփական երեխաների մասին մոռացած,  դարձել են կամավոր՝ հոգ տանելով հրետակոծվող տներից ժամանակվորապես  հեռացած արցախցի կանանց, երեխաների ու ծերերի մասին։

 

Արցախից Գորիս ժամանած ընտանիքների կանայք գործում ենք տաք գուլպաներ մեր բնական թելերից …. և ամեն հանգուցի հետ իրենց օրհնանքն ու երախտիքը մաղթում հայ զինվորին…..

 

 

Պատերազմի առաջին օրերից փոխգնդապետ Մարինե Աղրումյանի համակարգմամբ կին կամավորների զորահավաք  սկսվեց: Կանայք տասնյակներով գրանցվում են առաջնագծում իրենց օգնությունը ցուցաբերելու համար: 

 

 

«Կրակել գիտեմ», «Ես մարտարվեստ եմ պարապել երկար ժամանակ», «Զենք չեմ սիրում, պատերազմ չեմ սիրում՝ անկեղծ ասած», «Առաջին բուժօգնություն կարող եմ տալ», «Ես շատ լավ խոհարար եմ»։ Այսպես էին Մոսկովյան 5 հասցեում՝ Պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի շենքի գրանցման սենյակում իրենց կարողությունները ներկայացնում մարտի դաշտ մեկնել ցանկացող կանայք։ Իսկ միջանցքում իրենց հերթին սպասողները ոգևորված, բայց նաև այն մտավախությամբ, որ իրենց չեն «ընտրի», պատմում էին միմյանց, թե ինչու են եկել։ Միջանցքում ամենահաճախ հնչող հարցն էր. «Բա ձերոնք գիտե՞ն, որ եկել ես»…

 

Հ. Կարապետյան

 

Լուսանկարները՝ սոցցանցերից։

 

Դիտումների քանակը` 293

Վերադառնալ վերև