Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանայք ՏԻՄ ընտրություններում. դիտարկումներ առաջադրումներից

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը ստվերում է  թողել նույն օրը՝ դեկտեմբերի 6-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Եթե  հանրաքվեի  քարոզարշավում կանայք ակտիվ մասնակցում են, ապա նույն բանը չի կարելի ասել ՏԻՄ ընտրությունների մասին:

 

Ընդհանուր առմամբ  դեկտեմբերի 6-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի 34 համայնքներում:27 համայնքում համայնքապետ են ընտրելու: Դրանցից միայն երկուսում է, որ գրանցված թեկնածուների թվում կանայք կան:

 

Ուշագրավ է, որ Լոռու մարզի Արծնի գյուղում առաջադրված է երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական գործող գյուղապետ Խենգո Սեյրանի Խաչանեսյանը և համայնքի փոստային բաժանմունքի ավագ օպերատոր Լորինա Արտյուշի Խաչանեսյանը: Ազգանունների համընկնման վերաբերյալ WomenNet.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ թեկնածուներից, սակայն և գյուղապետին, և նրա հավանաբար ազգակից մրցակցին ուղղված հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

 

Մյուս կին թեկնածուն առաջադրվել է Սյունիքի Չափնի գյուղում: Գործող Հանրապետական գյուղապետի հետ առաջադրվել է անկուսակցական Անահիտ Հարությունյանը: ԿԸՀ հրապարակած տվյալներում, որևէ ինֆորմացիա չկա այն մասին, թե որտեղ է աշխատում Ա. Հարությունյանը:

 

Թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվել է նոյեմբերի 11-ին, ժամը 18-ին: Սակայն արդեն գրանցված թեկնածուները կարող են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել մինչև նոյեմբերի 26-ը, ժամը 18:00-ն:

 

Այնպես որ, համայնքապետ կին թեկնածուների թիվը ավելանալ չի կարող, իսկ պակասել կարող է: Նման ենթադրության համար հիմք է ծառայում նախորդ ՏԻՄ ընտրությունների դառը փորձը, երբ հաճախ կանայք թեկնածություն դնում են ձևականորեն՝ ապահովելու օրենքի պահանջը, ըստ որի ընտրությունների կայացման համար անհրաժեշտ է առնվազն երկու թեկնածուի առաջադրում:

 

Նույն օրը համայնքի ավագանու անդամների ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռիի, Շիրակի, Սյունիքի 8 համայնքներում: Այս ընտրություններում կանայք համեմատաբար ակտիվ են:

 

Գեղարքունիքի Դդմաշեն համայնքում ավագանու անդամի 9 թեկնածու է առաջադրվել, նրանցից միայն մեկն է կին՝ ՀՀԿ-ական, գյուղի դպրոցում որպես ուսուցչուհի աշխատող Ժաննա Սարգսյանը: Նշենք, որ այս գյուղի գործող ավագանու վեց անդամների թվում ոչ մի կին չկա:

 

Գեղարքունիքի Նորաբակ գյուղում էլ առաջադրված է վեց թեկնածու, նրանցից մեկն է կին՝ անկուսակցական Նանար Մկրտչյանը: Այս գյուղում էլ ավագանու բոլոր հինգ անդամները տղամարդիկ են:

 

Լոռու մարզի Արծնի գյուղում դեկտեմբերի 6-ին նաև ավագանու ընտրություններ  են անցկացվելու: Վեց թեկնածուից երեքը անկուսակցական կանայք են՝ Արմինե Հովսեփյան, Վերչալույս Փնջոյան, Իրինա Քոթոյան, վերջինս գործող ավագանու անդամ է: Գյուղի գործող ավագանու հինգ անդամներից երկուսն են կանայք:

 

Շիրակի մարզի Անուշավան գյուղում ավագանու անդամի համար գրաբցված 7 թեկնածու կա, նրանից մեկն է կին՝ անկուսակցական, ուսուցչուհի Ռոզա Հակոբյանը: Գործող ավագանին ունի 7 անդամ, բոլորը տղամարդիկ են: Այնպես որ կին թեկնածուի ընտրվելու հավանականություն կա:

 

Շիրակի մարզի Արևիկ համայնքում ավագանու անդամի համար գրանցված 8 թեկնածուներից մեկն է կին՝ մանկավարժ, անկուսակցական Կարինե Գաբրիելյանը: Գյուղի գործող ավագանու յոթ անդամներից մեկը կին է՝ Մարիամ Ստեփանյան:

 

Շիրակի մարզի Նահապետավան գյուղում առաջադրված 7 թեկնածուների թվում կանայք չկան: Գործող ավագանու բոլոր հինգ անդամներն էլ տղամարդիկ են:

 

Սյունիքի մարզի Ալվանք համայնքի ավագանու անդամի համար գրանցված է  6 թեկնածու,  նրանցից երեքը կանայք են՝ ՀՀԿ-ական Անգելինա Վերդյանը, ով գործող ավագանու անդամ է,  անկուսակցական Մարիեն Սաղաթելյանն ու Մարինե Երանյանը:Գործող ավագանու հինգ անդամներից միայն մեկն է կին:

 

Սյունիքի մարզի Նժդեհ համայնքում ավագանու համար առաջադրված է 6 թեկնածու, որից երեքն անկուսակցական կանայք են՝  Աիդա Օհանյան, Շուշան Հակոբյան, Ռուզաննա Դիլանյան: Նշենք, որ այս համայնքի գործող ավագանու բոլոր հինգ անդամները կանայք են եւ առաջադրված կանանցից երկուսը Աիդա Օհանյանը եւ Ռուզաննա Դիլանյանն այդ ավագանու կազմում աշխատել են:

 

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 2242

Վերադառնալ վերև