Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կանանց երթն ավելին է, քան Թրամփի դեմ բողոքը»

womens-march (800x298)

Միջազգային մամուլի առաջին էջերին արդեն մի քանի օր է՝  կանանց երթերի մասին հրապարակումներն են: Հունվարի 21-ին, երբ Վաշինգտոնում ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում էր երդմնակալության արարողությանը, հազարավոր կանայք փողոց էին դուրս եկել նրա դեմ: Երթի մասնակիցների թվում էին հաշխարհահռչակ երգիչներ, դերասաններ, ակտիվիստներ:

 

Women’s march-ին միացել են աշխարհի տարբեր երկրներում ապրող կանայք: Վաշինգտոնից ու ամերիկյան տասնյակ քաղաքներից բացի, կանայք փողոց դուրս եկան նաև Լոնդոնում, Թբիլիսիում, Բեռլինում, Հռոմում, Փարիզում, Պրահայում և այլուր:

 

ABC-ի փոխանցմամբ, 60 երկրներում 600 երթեր են իրականացվել, որոնց մասնակցել են միլիոնավոր մարդիկ:

 

Նրանք մտահոգություն են հայտնում, որ Թրամփի նախագահության օրոք կխարխլվի  կանանց իրավունքների պաշտպանությունը: Նրանց բարկացրել է նախընտրական քարոզչության ընթացքում Թրամփի հռետորաբանությունն ու վարքը:

 

«Շնորհակալ ենք բոլորին 2017 թ. հունվարի 21-ը մարդու իրավունքների, ազատությունների և սոցիալական արդարության շարժման առումով պատմական օր դարձնելու համար: Մենք դա արեցինք միասին: Միասին մենք ուժեղ ենք և մեր հզոր ձայնը լսելի ենք դարձնում:»,-գրել են երթի կազմակերպիչները նախաձեռնության պաշտոնական էջում:

 

Նրանք հայտարարել են նոր արշավի մասին՝ 10 գործողություն 100 օրում: Նախանշված մի քանի գործողություններից առաջինն իրենց տարածքից ընտրված սենատորին հետագա պայքարի մասին իրազեկելն է՝ «Լսեք մեր ձայնը» պահանջով: Ակնկալվող հաջորդ գործողությունը հետագա միջոցառոմներին մասնակցության հաստատումն է:

 

«Մենք աշխատում ենք խաղաղ՝ ընդունելով, որ առանց  արդարադատության ու բոլորի համար հավասարության չկա իրական խաղաղություն»,-նշում են :

 

Երթի մասնակիցներին թվիթերյան իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի՝ պարտված թեկնածու Հիլարի Քլինթոնը. «Շնորհակալ եմ հանուն մեր արժեքների կանգնելու, խոսելու, երթեր անցկացնելու համար: Դա կարևոր է, քան երբևէ: Ես իսկապես հավատում եմ, միասին մենք ավելի ուժեղ ենք»:

womens-march-washington (800x334)

Ի՞նչ են ակնկալում և պահանջում կանայք:

 

Փողոց դուրս եկած կանանց վեր պարզած ցուցանակների վրա մարդու իրավունքների պաշտպանության ու ռասայական, գենդերային հավասարության պահպանման անհրաժեշտության մասին հիշեցումներն են ու Թրամփի վերաբերյալ քննադատությունները.  «Կանանց իրավունքները մարդու իրավունքներն են», «Կառուցել կամուրջներ պատերի փոխարեն», «Ահա մենք՝ 51.7 տոկոս»…

 

«Կանանց երթն ավելին է, քան Թրամփի դեմ բողոքը»,-գրել է VOX-ը:

 

Երթի նախաձեռնողները հրապարակել են մի քանի էջից բաղկացած հայտարարություն, որտեղ պատմում են իրենց ով լինելու, խնդիրների,  նպատակների, անելիքների մասին:

 

«Վաշինգտոնում կանանց երթը կանանց կողմից առաջնորդվող շարժում է, որն իր շուրջ է համախմբում մարդկանց՝ անկախ տարիքից, սեռից, մշակույթից, քաղաքական հայացքներից, ծագումից:

 

…Մենք հավատում ենք, որ մարդու իրավունքները կանանց իրավունքներն են, կնոջ իրավունքները մարդու իրավունքներն են: Սա է այն հիմնականը, որից բխում են մյուս արժեքները:

 

…Մենք հավատում ենք, որ գենդերային արդարությունը ռասայական արդարությունն է, տնտեսական արդարությունն է: Մենք պետք է ստեղծենք մի հասարակություն, որտեղ  ընդգրկված կլինեն բոլոր կանայք՝ սևամորթներ, աղքատներ, էմիգրանտներ, մուսուլմաններ, լեսբուհիներ, որոնք ազատ կլինեն և իրենց ընտանիքների նկատմամբ հոգ տանելու հնարավորություն կունենան:

 

…Կանայք արժանի են ապրել առողջ,  լիարժեք, բռնություններից զերծ կյանքով: Երեք կանանցից մեկը համատեղ կյանքի ընթացքում զուգընկերոջ կողմից ենթարկվում է ֆիզիկական բռնության, հինգ կանանցից մեկը՝ բռնաբարության: Ամեն տարի հազարավոր կանայք ու աղջիկներ, հիմնականում սևամորթ ու տրանսգենդեր, առևանգվում են, ենթարկվում թրաֆիքինգի կամ սպանվում: Մենք աշխատելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ վերացված չեն կանանց նկատմամբ բռնությունները:

 

…Մենք հավատում ենք հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրությանը: Մենք պետք է վերջ տանք վարձատրման խտրականությանը, խնդիր, որին ամեն օր բախվում են հատկապես մայրերը, սևամորթ կանայք, լեսբուհիները: Հավասար վարձատրում հավասար աշխատանքի դիմաց, սա կարող է կրճատել աղքատությունը և զարկ տալ մեր երկրի տնտեսությանը:

 

… Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անձ ու համայնք իրավունք ունի ունենալու մաքուր ջուր, օդ, օգտագործելու հանրային հողերը: Մենք հավատում ենք, որ մեր կլիման ու շրջակա միջավայրը պետք է պաշտպանված լինեն, մեր հողն ու բնական պաշարները չեն կարող ագահորեն օգտագործվել խմբակային շահերի համար՝ հատկապես վտանգի ենթարկելով մեր առողջությունն ու հանրային անվտանգությունը»:

womens-march-along (800x571)

Հնչած ելույթները

 

Վաշինգտոնում տեղի ունեցած երթին մասնակցած հայտնի աստղերը հանդես էին եկել նաև ելույթներով:

 

Հայտնի դերասանուհի Ամերիկա Ֆերրարան նշել է. «Ամերիկան նախագահը չէ: Ամերիկան մենք ենք, և մենք այստեղ կանգնած ենք»:

 

«Գրեմմի»  մրցանակակիր, երգչուհի Ալիսիա Քեյս. «Մենք մայրեր ենք: Դաստիարակներ: Արվեստագետներ: Ակտիվիստներ: Մենք ձեռներեցներ ենք, բժիշկներ, առաջնորդներ արտադրության ու տեխնոլոգիաների ոլորտներում: Մեր ներուժն անսպառ է: Մենք ավելանում ենք»:

 

Գրող, ակտիվիստ Ժաննեթ Մոկ. «Այս շարժումն ավելին է, քան երթը: Շարժումը այն տարբերություն է, որն առկա է մեր իրականություն ու մեր տեսլականի միջև: Մեր ազատությունները կախված են բոլորիցս»:

 

Մայրում Ալի. «Մի հիասթափվեք, ընդգրկվեք: Մի բողոքեք, կազմակերպեք»:

 

Մադոննա. «Հիշեք, որ մենք չենք վախենում, մենք միայանակ չենք, որ մենք չենք նահանջի, մեր միությունը զորեղ է և ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող հաղթել իրական միասնությանը»:

 

Հ. Կարապետյան

 

Դիտեք նաև մեր կայքում.

 

Կանանց երթը տարբեր երկրներւմ/ ֆոտոռեպորտաժ

 

Դիտումների քանակը` 827

Վերադառնալ վերև