Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանանց հանրապետական խորհուրդ. «Երեք խնդիր ապագա նախագահի ուշադրությանը»

Կանանց հանրապետական խորհրդի անդամ Աիդա Թոփուզյանի դիտարկմամբ` գենդերային խնդիրները Հայաստանում շատ են, դրանց  մասին տարիներ շարունակ խոսվում է , բայց լուծում չի տրվում,  և բնական է, որ ձեռքի մեկ շարժումով հնարավոր չէ լուծել կուտակված բոլոր հարցերը: Սակայն գոյություն ունի օրակարգային երեք հարց, որոնք ըստ Կանանց հանրապետական խորհրդի,  առաջնահերթ լուծման կարիք են զգում և պետք է լինեն ապագա նախագահի ուշադրության կենտրոնում, անկախ նրանից  ով կզբաղեցնի այդ պաշտոնը:  

 

‹‹Առաջին խնդիրը ընտանիքի հարցն է: Կանանց հանրապետական խորհուրդը վերհանել ու  բազմիցս քննարկել է  ընտանիքի հետ կապված խնդիրները՝ նե րկայացնելով իր տեսակետները   կառավարությանը:  Դրանք վերաբերում են և’ բազմազավակ ընտանիքներին,  և’ երեխայի ու մոր առողջությանը: Կառավարությունից մեզ ասացին, որ կիսում են մտահոգությունն ու 2014-ը կհայտարարեն ընտանիքի տարի: Սակայն մեզ համար առավել կարևոր է, որ ոչ միայն հայտարարեն, այլև այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկեն, որոնց  արդյունքում կարողանանք ունենալ ամուր և ապահով ընտանիքներ:  Իհարկե խնդիրների լուծման բանալիներից թերևս գլխավորը՝  ֆինանսական հարցերի կարգավորումն է: Թեպետ այսօր կառավարությունը խրախուսում է երեք և ավելի երեխայով ընտանիքի մոդելը, բազմազավակ ընտանիքները ֆինանսական աջակցություն են ստանում, սակայն մենք գտնում ենք, որ միայն դա բավարար չէ: Կան հարցեր, որոնք անհրաժեշտ է հատուկ հսկողության տակ առնել, օրինակ,  բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմամբ լրջորեն զբաղվել: Օրակարգային պետք է լինի առողջ ընտանիքի գաղափարը՝ մենք պետք է ոչ թե բուժենք, այլ կանխարգելենք››,- ասաց տիկին Թոփուզյանը:

 

Երկրորդ կարևորագույն խնդիրն ըստ Թոփուզյանի գենդերային հավասարակշռությունն ապահովելու  ուղղությամբ կառավարության գործողություններն են, իրենցիսկ կողմից ընդունված  գենդերային ռազմավարության  իրագործումն է: Այս համատեքստում կան մի շարք օրակարգային խնդիրներ, օրինակ,  էապես բարձրացնել  կանանց  բավարար մասանակցությունը քաղաքական գործընթացներին կամ որոշումների կայացման մակարդակում, ապահովվել գենդերային  հավասարակշռությունը  պաշտոնյաների վերապատրաստման հարցում:

 

‹‹Բնակչության կեսից ավելին կանայք են, բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիների մեծամասնությունը` նույնպես, կուսակցություններում սև գործը կատարում են կանայք, բայց երբ հարցը վերաբերում է ղեկավար պաշտոններին, կանանց մասին մոռանում են: Այս վիճակը վերջապես պետք է շտկվի››:

 

Երրորդ կարևորագույն հարցը ՝ Աիդա  Թոփուզյանի ներկայացմամբ,  քաղաքացիական հասարակության ձևավորումն ու կայացումն է.

 

‹‹Այսօր այնպիսի տպավորություն է` կարծես հասարակությունն ու իշխանությունը առանձնացած լինեն ու ամեն մեկն իր համար է ապրում ու գործում: Մինչդեռ  քաղաքացիական հասարակություն-ԶԼՄ-իշխանություն կապի հաստատումը շատ կարևոր է  պետության զարգացման տեսանկյունից:  Հասարակակակն սեկտորի   լիարժեք կայացման  հարցը պետք է լինի օրակարգային: Այսօր այս դաշտում հարաբերությունները ամուր չեն նաև հասարակական կազմակերպությունների ֆինանսական անկայունության պատճառով: Ընդհանուր առմամբ հասարակական սեկտորը խառնված է; Բարձրաստիճան պաշտոնյաները կարող են ստեղծել հասարակական կազմակերպություններ, իրենք էլ ղեկավարեն, ինչը, իմ կարծիքով, անընդունելի է,  որովհետև նրանց գործառույթներ են տարբեր ու շահերի բախումն այս պարագայում ակնհայտ է ու անխուսափելի: Սա գալիս է նրանից, որ օրենսդրությունը հստակ չէ: Մինչև հիմա չենք կարողանում հստակեցնել  քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք են»…

 

Հ. Հ. 

Դիտումների քանակը` 4564

Վերադառնալ վերև