Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կանանց մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին. խոչընդոտներ և մարտահրավերներ» – քննարկում

iwrrԻնչո՞ւ կանանց թիվը տեղական ինքնակառավարման մարմիններում  տարիների ընթացքում  գրեթե  չի ավելանում   և ի՞նչ չափով  է  հայ հասարակությունը կարողանում  հաղթահարել այն կարծրատիպերը, որոնք խոչընդոտում են կանանց մուտքը քաղաքականություն: «Կանանց մասնակցությունը ընտրություններին և քաղաքական գործընթացներին. առկա խոչընդոտներ և մարտահրավերներ» թեմայով  Մեդիա կենտրոնում տեղի ունեցած  քննարկման մասնակիցները փորձեցին ներկայացնել իրենց պատկերացումները այս խնդրի շուրջ:

 

 

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններին  ՀՀ 10 մարզի 690 համայնքում  ավագանու թեկնածու էր առաջադրվել 5031 տղամարդ և 674 կին թեկնածու, որոնցից  490 կին ընտրվել են: Իսկ  համայնքի ղեկավարի առաջադրված 931 թեկնածուներից միայն 26-ն են եղել կանայք, որոնցից միայն 9-ն է ընտրվել: Ընդ որում՝ ընտրված կանանցից 8-ը վերընտրվել է:

 

 

«Կանայք պետք է աջակցող խմբեր ունենան՝ ընտանիքից սկսած»:

 

ՄԱԿ-ի Զարգացման «Կանայք և տեղական ժողովրդավարությունը» ծրագրի ղեկավար Նատալյա Հարությունյանի խոսքով՝ կանանց աշխատում են  2012 թվականից սկսած և  ընդհանուր առմամբ այս 4 տարիներին իրենք աշխատել են 3 հազար կնոջ հետ: Կանանց մասնակցության առումով առավել լավ ցուցանիշներ արձանագրել են Լոռիում և Սյունիքում, որտեղ  ծրագրի շահառուների 75 տոկոսից ավելին ընտրվել են: Իսկ Վայոց ձորում ու Տավուշում, հակառակը, ընտրված կանանց թիվը ցածր է:

 

Նատալյա Հարությունյանի խոսքով՝ կանանց խոչընդոտում են հիմնականում կարծրատիպերը, ընդ որում ինքնախտրականությունը  դրսև որվում է  նաև կանանց կողմից: Խանգարող գործոններն են՝ անվստահությունը սեփական ուժերի հանդեպ, իսկ կայացած կանանց շրջանում առկա է նաև չընտրվելու վախը: Իր դերն է խաղում նաև  գիտելիքների ու փորձի պակասը:

 

«Մինչդեռ ՏԻՄ ընտրությունները լավ ելակետ են կանանց համար, տրամպլին դեպի քաղաքականություն: Սակայն կինը պետք է առաջադրվելու  ցանկություն ունենա, նաև խիզախություն առաջադրվելու, անհրաժեշտ է նաև քաղաքական մակարդակով ստեղծել այն դաշտը, որը կօգնի կնոջը առաջադրվել և ընտրվել: Եվ այստեղ է, որ մենք խոսում ենք կոնկրետ օրենսդրական փոփոխություններից ու առաջ ենք տանում 30 տոկոս քվոտայի ամրագրման անհրաժեշտությունը, ինչը շանս կտա թվով ավելի շատ կանանց ներգրավվել քաղաքականության մեջ»,- ասաց նա:

 

Բանախոսն ընդգծեց՝ ինտենսիվ աշխատանք պետք է վարել ոչ միայն կանանց հետ, այլև հասարակության ու հատկապես տղամարդկանց հետ, որովհետև կանայք պետք է աջակցող խմբեր ունենան՝ ընտանիքից սկսած: Որպես ասվածի ապացույց, Հարությունյանը վիճակագրություն ներկայացրեց, որը վկայում է, որ ընտրված կին ավագանիների մեծամասնությունը դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, բժիշկներ են: Այսինքն այն մասնագիտության տեր անձինք, որոնք ճանաչված են ու հարգված, նրանց մեծ թվով մարդիկ են ճանաչում:

 

Նատալյա Հարությունյանը անդրադարձավ մեկ խնդրի ևս՝ համայնքների խոշորացումը ակնհայտ նվազեցնում է կանանց թիվը տեղական ինքնակառավարման մարմիններում. «Սա իսկապես խոչընդոտ է, քանի որ մի կողմից մենք օգնում ենք կառավարությանը խոշորացման ընթացքում հաշվի առնել գենդերային գործոնը, բայց կոնկրետ թվերը ցույց են տալիս, որ կանանց թիվը պակասում է: Նախատեսում ենք խոշորացված համայնքներում ավելի ինտենսիվ աշխատանքներ տանել, առավել ևս, որ 2017-18 թթ-ին ունենալու ենք խոշորացվող համայնքներում ընտրություններ: Եվ աշխատելու ենք նաև ՏԻՄ-երի հետ, որպեսզի նրանք գործունեությունը պլանավորելու  ընթացքում գենդերային գործոնը հաշվի առնեն»,-հավելեց նա:

 

«ՏԻՄ ընտրություններում գործ ունենք գենդերային կարծրատիպերի հետ»

 

Իրավապաշտպան, «50/50» քաղաքացիական նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանն ասաց, որ ՏԻՄ ընտրություններում ակնհայտորեն գործ ունենք գենդերային կարծրատիպերի հետ, որոնք թելադրում են սոցիալական ընդունելի վարք կնոջ և տղամարդու համար, այդ թվում նաև  այն, որ  ղեկավար պաշտոնը, չգիտես ինչու, չի ասոցացվում կնոջ հետ: Անգամ այս ընտրություններում, շարունակեց նա, երբ որոշ քաղաքական ուժեր որոշում կայացրեցին առաջին դեմքով կին թեկնածուով հանդես գալ, միևնույն է այդ կարծրատիպերը թույլ չտվեցին հաղթանակ գրանցել:  Բանախոսի խոսքով, խտրական մոտեցումը կանանց խնդիրներին բավականին վիճահարույց է և հասարակության շրջանում վերաձակերպման  կարիք է զգում, թեկուզ միայն նաև այն պատճառով, որ կանայք կազմում են ՀՀ բնակչության 50 տոկոսից ավելին.

 

«Եթե դու ակնհայտ մեծամասնություն ես երկրում ու դա չես գիտակցում ու չես կարողանում այդ գործիքը որևէ կերպ օգտագործել և կոնսոլիդացնել քո ներուժը, դու արդեն խնդիր ունես հոգեբանական բռնության արդյունքների հետ, որոնք ինչ-որ կերպ պետք է հաղթահարվեն», -ասաց նա:

 

Ըստ Հովհաննիսյանի՝ եթե դիտարկենք տղամարդ թեկնածուների քարոզարշավը, նրանց բառապաշարը և այլ որակները, ապա հստակ է, որ կին թեկնածուները  ավելի շահեկան վիճակում են: Այդ մասին վկայում է նաև վիճակագրությունը՝ եթե տղամարդկանց 30 տոկոսից ավելին է բարձրագույն  կրթություն ստանում, ապա կանանց դեպքում այդ ցուցանիշը 50 և ավելի տոկոս է կազմում: Այսինքն, շեշտեց նա, ունենք առաջին հերթին կարծրատիպերը հաղթահարելու, կանանց ուժեղացնելու խնդիրը, ինչպես նաև նրանց ֆինանսապես աջակցելու խնդիր.

 

«Մենք տեսնում ենք, որ բոլոր համայնքներում հաղթում ու հիմնավորվում են նրանք, ովքեր ունեն տնտեսական լուրջ բազա, իսկ կանայք դա չունեն՝ կանանց շատ փոքր տոկոսն է, որ բիզնեսում է: Եվ սա ևս բավական լուրջ խոչընդոտ է, որպեսզի կանայք կարողանան զբաղվել քաղաքականությամբ»,- ընդգծեց նա:

 

«Կանանց միջև չկա սոլիդարություն»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանն էլ նախքան խնդրի շուրջ իր ետսակետը ներկայացնելը բերեց որոշակի վիճակագրություն, համաձայն որի՝ համայնքի ղեկավարների 70 տոկոսը 56-66 տարեկան տղամարդիկ են, և այդպես է ՀՀ-ում եղել տեղական ինքնակառավարման համակարգի հիմնադրումից սկսած մինչ օրս: Ըստ բանախոսի՝ դա լուրջ խնդիր է, ինչպես և սեռային խտրականությունը:

 

«Հայաստանում հիմնականում առաջադրվում են միջին տարիքի տղամարդիկ և շատ ավելի քիչ կանայք, քանզի գոյություն ունի կարծրատիպ, թե տղամարդիկ շատ ավելի լավ են հարցեր լուծում»,- նշեց նա:

 

Լենա Նազարյանի խոսքով, մշտապես խոսում ենք տղամարդկանց կողմից կիրառվող խտրական վերաբերմունքի մասին, սակայն մեկ այլ խնդիր ևս գոյություն ունի՝ կանանց միջև չկա սոլիդարություն, առկա է լուրջ խտրականություն. համայնքների բնակչության մեծամասնությունը կանայք են կազմում և թվում է պետք է ընտրեն կանանց, բայց նրանք չեն հավատում իրենց ուժերին ու հետևապես չեն հավատում նաև թեկնածու կնոջ ուժերին.

 

«Ինձ համար շատ վառ օրինակ էր Արուսյակ Այվազյանի դեպքը, երբ նա շատ լավ ցույց տվեց իր քաղաքացիական դիրքորոշումը  Գառնի համայնքի խնդիրների վերհանման ժամանակ, սակայն  ընտրություններում ստացավ ընդամենը 188 ձայն: Ամենից զատ՝ վստահ եմ, որ այդ համայնքում կին ընտրողների թիվը շատ ավելի մեծ է»,- նշեց նա՝ ընդգծելով, որ տղամարդկանց կողմից առկա խտրականությունը լրացվում է նաև կանանց կողմից կին թեկնածուների նկատմամբ դրսևորվող խտրական մոտեցմամբ:

 

«Մեր հասարակությունը դեռևս պատրաստ չէ , որպեսզի կինն իրեն ղեկավարի»

 

Քննարկմանը տեսազանգի միջոցով միացել էր նաև Գյումրու ավագանու ընտրություններում ՀԱԿ ընտրական ցուցակը գլխավորող Եպրաքսյա Մեխակյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ քարոզարշավի ժամանակ ոչ մի խոչընդոտի չի հանդիպել ու թերևս միակ նման երանգավորում ունեցող միջադեպը եղել է այն, որ մեկ գիշերվա ընթացքում իր բոլոր պաստառները Գյումրիում պոկել են: Գյումրեցիները, ըստ Մեխակյանի, լավ էին ընդունում իր առաջադրումը ու այն հեռանկարը, որ կուսակցության հաղթանակի դեպքում ինքը կարող է Գյումրու քաղաքապետ լինել: Սակայն արդյունքները ցույց տվեցին, որ ընտրակեղծիքներն ու վախի մթնոլորտը աշխատեցին այնպես, ինչպես և նախորդ ընտրություններում և ավագանու անդամ նորից դարձան բոլոր այն տղամարդիկ, որոնցից գյումրեցիները դժգոհ էին անցած տարիների աշխատանքի պատճառով.

 

«Այն, որ Գյումրու ավագանիում ընդամենը 8 կին անդամ է ներկայացված լինելու, ցույց է տալիս որ մեր  հասարակությունը դեռևս պատրաստ չէ , որպեսզի կինն իրեն ղեկավարի ու ներկայացված լինի քաղաքական պաշտոններում»,- հավելեց նա:

 

Նշենք, որ  քննարկումը  կազմակերպել էին  Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ:

 

 

Լիա Խոջոյան

 

Տեսագրությունն ամբողջությամբ այստեղ. 

 

Դիտումների քանակը` 795

Վերադառնալ վերև