Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կառավարական հանձնաժողովը հակված է  կյանքի կոչել 30/70 համամասնությունը սահմանող քվոտան

Այսօր Ազգային ժողովում հերթական նիստն էր  հրավիրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը: Քննարկմանն առաջին անգամ  մասնակցել  է  ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների  հանձնաժողովի նախագահ, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:  Քննարկման ընթացքում  շոշափվել է նաև Ազգային ժողովում կանանց ներկայացվածությունն ապահովող  քվոտայի հարցը: 

 

Արարատ Միրզոյանը  պատգամավորներին պարզաբանել է, թե ինչպես է պատկերացնում համագործակցությունը ՀՀ գործադիր եւ օրենսդիր մարմիններում ձեւավորված աշխատանքային խմբերի միջեւ: Ըստ նրա՝ ակնկալվում է, որ հուլիսի վերջին  կառավարությունում  գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կամբողջացնի ընտրական օրենսդրության բարեփոխումներ նախատեսող իր հայեցակարգը, որից հետո հնարավոր կլինի առավել արդյունավետ աշխատել խորհրդարանական աշխատանքային խմբի հետ: Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ քննարկումների լավագույն տարբերակում պետք է խորհրդարանի քննարկմանը ներկայացվի մեկ միասնական նախագիծ, որը հաջորդիվ կանցնի նախատեսվող փուլերը՝ քննարկումներ, Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն եւ այլն:

 

«Իդեալական տարբերակում, այո, պետք է ունենանք մեկ նախագիծ՝ բոլորիս հետ համաձայնեցրած, բոլորիս սրտով, որի առանձին կետերի շուրջ, ինչ խոսք, կարող են առանձին ուժեր վերապահումներ ունենալ», – ասաց Միրզոյանը, ավելացնելով, որ, իր համոզմամբ, անընդունելի է  առնվազն երկու բան՝ արհեստականորեն ժամանակ ձգելը և նույն նպատակով ստեղծված երկու հանձնաժողովների միջև մրցակցությունը, մեկը մյուսի նկատմամբ գերակայություն ունենալը:

 

 

Խորհրդարանական ուժերը աշխատանքային իրենց խմբում արդեն ավարտել են առաջարկություններ ներկայացնելու փուլը՝  ընդհանուր  առմամբ, մոտ  4 տասնյակ առաջարկով են հանդես եկել:  Ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ յուրաքանչյուր լավ առաջարկ ընդունելի է, սակայն այս փուլում պետք է ընտրել երկար ժամանակ չպահանջող նորամուծությունները․  «Չորս տարբեր քաղաքական ուժեր են ներկայացված պառլամենտում: Ես մի տեսակ չեմ պատկերացնում, որ հնարավոր լինի, որ այս չորս քաղաքական տարբեր հայացքներ ունեցող ուժերը ունեն մի նախագիծ, և հնարավոր չլինի, որ էդ նախագիծը չարտացոլի նաև Կառավարության դիրքորոշումը: Ի վերջո չորս ուժերից երեքը Կառավարության կոալիցիայի անդամ են»:

 

Նշենք, որ բացառությամբ ՀՀԿ-ի, մյուս երեք ուժերը առաջնային են համարում տարածքային, կամ այսպես կոչված  ռեյտինգային ընտրակարգի վերացումը։ ՀՀԿ-ն պնդում է, որ ռեյտինգային համակարգի վերացումը  մարզերի բնակիչներին կմեկուսացնի քաղաքական կյանքին մասնակցությունից։  Հարցին, թե հնարավոր է, որ Կառավարությունը փոխզիջման գնա ռեյտինգային ընտրակարգի հարցում, Արարատ Միրզոյանը  պատասխանեց, որ ինքը ռեյտինգային ընտրակարգի ջատագովն է և ընտրվել է հենց այդ ընտրակարգով, բայց  շատ լավ գիտի նաև դրա բացերը, որոնց  պատճառով էլ այս պահին գերադասելի է նախապատվությունը տալ քաղաքական ուժերի և ոչ թե անձերի ընտրությանը: Նա համոզմունք հայտնեց, որ   պետք է գնալ քաղաքական ինստիտուտների կայացման ճանապարհով, ինչի համար լավագույն տարբերակը փակ համամասնական ընտրակարգն է։ Դրա հետ մեկտեղ  նշեց.  «Այս առումով բանակցություններ որպես այդպիսին չեն եղել: Ընթացքը ցույց կտա: Ոչ մի բանը քարին գրված չի: Ի վերջո պետք է գնալ այնպիսի լուծումների, որից լավագույնը կկարողանա շահել Հայաստանի Հանրապետության քաղաքացին»:
 

 

Կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը՝ ներկայացնելով   հանձնաժողովի մոտեցումներն, ասել է, որ  քննարկվել է նաև խորհրդարանում կանանց ներկայացվածության հարցը: Մասնավորապես, առաջարկվում է Ընտրական օրենսգրքի անցումային դրույթներով նախատեսված քվոտավորումն իրականացնել արդեն այս ընտրություններում, ինչը նախատեսում է, որ կանանց ներկայացվածությունը խորհրդարանում մեծանալու է: Խոսքը գնում է կուսակցությունների ցուցակներում  սեռերի  30/70 համամասնությունը ամրագրող հոդվածի մասին, որն  անցումային դրույթներով պետք է ուժի մեջ մտներ 2021 թվականից: Նշենք, որ մինչ այդ հանձնաժողովը հակված էր պահպանել  նախորդ ընտրություններում գործող   25/75 համամասնությունը, և  կարելի է փաստել, որ հանձնաժողովի դիրքորոշումներում որոշակի փոփոխություն է տեղի ունեցել կանանց ՀԿ-ների հետ հանդիպումից  հետո:  Թեպետ այդ փոփոխությունը դեռևս հեռու է ՀԿ-ների  կողմից ներկայացված պահանջներից:

 

Հիշեցնենք, որ 40-ից ավելի հասարակական կազմակերպություններ հանդես էին եկել բաց նամակով,  որով առաջարկել էին  կառավարական հանձնաժողովին  ներառել ընտրական բարեփոխումների հայեցակարգում՝ ընտրովի մարմիններում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունն երաշխավորող մեխանիզմների ապահովման հարցը,  այդ թվում  ՀՀ ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ և 10-րդ կետերով` կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնությունը սահմանող քվոտայի բարելավման  խնդիրը: Ավելին, հուլիսի 6-ին ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողոում տեղի ունեցած  քննարկման ընթացքում խոսվել է կուսակցությունների ցուցակներում  առնվազն 40/60  համամասնության ապահովման և ռեյտինգային համակարգի բացառման մասին:

 

Բոլոր դեպքերում , քննարկումներն ընտրական օրենսդրության շուրջ շարունակվում են և կառավարությունում, և Ազգային ժողովում: Ինչ վերաբերում է  արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամկետին , ապա այն, Արարատ Միրզոյանի խոսքով, անփոփոխ է՝ առավելագույնը մեկ տարվա ընթացքում, որից երկու ամիսն արդեն անցել է:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Քվոտան պետք է բարձրանա». քննարկում կառավարությունում ընտրական բարեփոխումների շուրջ

Բաց նամակ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ

 «Բաց ցուցակները կանանց մասնակցության ամենամեծ խոչընդոտն են»

Միացե՛ք. Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ

 

Դիտումների քանակը` 563

Վերադառնալ վերև