Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կառավարությունը դեմ է «Պատվավոր մայր» և «Մայրական սխրանք» կոչումներին

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց հանրապետությունում «պատվավոր մայր» և «մայրական սխրանք» կոչումներ սահմանելու առաջարկին: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ գործադիրը աննպատակահարմար է համարում ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանի օրենսդրական նախաձեռնությունը, քանի որ գործադիրն արդեն իրականացնում է ծնելիության աճը խրախուսելու միջոցառումներ:

 

Մասնավորապես, կառավարության բացասական հիմնավորման մեջ նշվում է, որ 2008 թվականից ներդրվել է «Ծննդօգնության պետական հավաստագիր» նպատակային ծրագիրը, որով ծննդօգնությունը դարձել է անվճար, առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրվում է 50 հազ. դրամ միանվագ գումար, իսկ երրորդ և հաջորդ երեխայի համար` 430 հազ. դրամ:

 

Բացի այդ, նախատեսվում է 2014 թ-ից 3-րդ և ավելի երեխայի ծննդյան դեպքում կիրառել նոր մոտեցում. կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է երրորդ երեխայի միանվագ տրվող գումարի չափը հասցնել 1 մլն դրամի: Նշվում է, նաև, որ աշխատող կանայք մինչև երեխայի երեք տարեկան դառնալը կարող են գտնվել երեխայի խնամքի արձակուրդում, ընդ որում մինչև երեխայի երկու տարեկան դառնալը, որպես եկամուտի փոխհատուցում, արձակուրդում գտնվող ծնողին տրվում է երեխայի խնամքի ամսական նպաստ, որի չափը կազմում է ամսական 18.000 դրամ:

 

Հաջորդ քայլը վերաբերում է «երիտասարդ ընտանիքին՝մատրելի բնակարան» ծրագրին: 2010-2011 թթ. ընթացքում ծրագրի մեկնարկից սկսած` արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկեր են ստացել 656 երիտասարդ ընտանիքներ` 4 միլիարդ 976 միլիոն դրամ ընդհանուր ծավալով:

 

Բացի դրանից, ըստ կառավարության հիմնավորման, մշակվել են այլ նախագծեր, որոնք ևս խրախուսելու են Հայաստանում ծնելիության աճին:

 

Նշենք, որ Սամվել Բալասանյանն իր օրենսդրական նախագծով առաջարկում է 10 և ավելի երեխա ունենալու դեպքում կնոջը շնորհել «պատվավոր մայր» կոչում և հանձնել մեդալ: 8-9 երեխա ունեցողների համար առաջարկվում է սահմանել «մայրական սխրանք առաջին աստիճանի», 6-7 երեխաների դեպքում` «մայրական սխրանք երկրորդ աստիճանի», իսկ 4-5 երեխաների դեպքում` «մայրական սխրանք երրորդ աստիճանի» կոչումներ, որոնք պետք է նյութական և բարոյական աջակցության հիմք դառնան:

 

ՀՀ կառավարությունը գնահատելով ներկայացված փա­թե­թի բարի նպատակադրումները, այնուամենայնիվ, հաշվի առնելով վերոշարադրյալը,  օրենք­նե­րի նախագծերի փաթեթի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար:

 

Մերի Մարգարյան

 

Կարդացեք նաև  մեր կայքում.

 

Բազմազավակ մայրերը պետությունից հարգանք են պահանջում  

 

 

Դիտումների քանակը` 3431

Վերադառնալ վերև