Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կառավարությունը փող չունի չաշխատող մայրերին երեխայի նպաստ տրամադրելու համար

 

 Կառավարության այսօրվա նիստում քննության է առնվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ` Էլինար Վարդանյանը,  Նաիրա Զոհրաբյանը   և Միքայել Մելքումյանը:

 

 

Նրանք առաջարկում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը տարածել նաև չաշխատող ծնողներից մեկի կամ միակ ծնողի, որդեգրողի, խնամակալի վրա` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը (ներկայումս նպաստ ստանալու իրավունքը տարածվում է միայն աշխատող ծնողների վրա):

 

 

Պատգամավորները իրենց ներկայացրած օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում են հետևյալով.

 

«Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական վիճակը, ծնելիության մակարդակը հեռու է բավարար լինելուց: Դրան են նպաստում նաև հանրապետության սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակը, աղքատության, արտագաղթի և գործազրկության ահազանգող ծավալները, նաև այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների անբավարար լինելը:

 

Առաջարկվող օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ-ում ծնելիության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես, առ այն, ար մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի իրավունք կստանան նաև չաշխատող ծնողներից մեկը կամ խնամակալը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

 

Բացի այց, օրենքի ներկայացվող փոփոխությամբ կբացառվի աշխատող և չաշխատող ծնողների միջև խտրականության որևէ դրսևորում, քանի որ վճարվող նպաստը ուղղվում է երեխայի խնամքին»:

 

 

Սակայն կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը: Գործադիրը հիմնավորում է, որ փոփոխությունը կառաջացնի մոտ 16 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսված չէ ինչպես ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծով, այնպես էլ ՀՀ 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:

 

 

Գործադիրում հաշվարկել են, որ  «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքի նախագծով նպաստա­ռու ըն­տանիքների (երեխաների) թիվը նախատեսված է 11.200, իսկ մեկ երեխայի խնամ­քի նպաստի չափը` ամսական 18,0 հազ դրամ: Ուստի 2014 թվականին այս նպա­տա­կի հա­մար նախատեսվել է 11.200 երեխա x 18,000 դրամ x 12 ամիս=2,419.2 մլն դրամ (առանց վճարման ծառայության):

 

 

Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վիճա­կա­գրա­կան տվյալ­ների 2012 թվականի և 2013 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում ծնված երե­խա­ների թիվը կազմել է համապատասխանաբար 42.480 և 30.477 (2013 թվականի ընթացքում ծնված երե­խաների թիվը կանխատեսվում է 40.636 [30.477/9 x 12=40.636]): Այսինքն 2014 թվա­կա­նի ընթաց­քում մինչև երկու տարեկան երեխաների թիվը կկազմի 83.116 (42.480+40.636=83.116):

 

 

Հետևաբար, նախագծի ընդունման դեպքում, 2014 թվականին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրա­վունք կունենա նախատեսվածից 71.916-ով ավելի երեխա (83.116-11.200=71.916): 2014 թվա­կա­նին նպաս­տի չափը 18.0 հազ դրամի չափով պահպանելու պարագայում մեկ տարվա համար անհրաժեշտ լրացուցիչ ֆի­նան­սական միջոցները կկազմեն` 15,533.856 մլն դրամ [(83.116 երեխա x 18000 դրամ x 12 = 17,953.056 մլն դրամ) – 2,419.2 մլն դրամ=15,533.856 մլն դրամ]»:

 

Միաժամանակ գործադիր մարմնից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյու­նը, որպես օրենսդրական նախաձեռնություն արդեն իսկ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր խմբագրությամբ նախագիծը:

 

 

Կառավարությունը հեղինակներին առա­ջար­կում է նախագծի դրույթներին անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կա­ռավարության օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային Ժողովի քնննարկմանը ներկայացված նոր խմբագրությամբ օրենքի նախագծի քննարկումների համատեքստում:

 

 

Հիշեցնենք, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառաբանությամբ գործադիրն ավելի վաղ դեմ արտահայտվեց ՕԵԿ ներկայացրած օրինագծին, որով առաջարկվում էր նորաստեղծ ընտանիքներին տրամադրել 300 հազար դրամ  միանվագ օգնություն:

 

Հ. Կարապետյան

 

 

Լուսանկարը ՝

 «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի դեմ

2010-ի դեկտեմբերին  կայացած աշխատող հղի կանանց բողոքի ակցիայից

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Որտեղի՞ց գտնել 2,4 մլրդ. դրամը նորաստեղծ ընտանիքների համար

 

 

ՕԵԿ-ը կփորձի կրկին. նորաստեղծ ընտանիքների մասին օրինագիծը կյանքի կոչելու ուղիներ են փնտրոմ

 

 

 

Դիտումների քանակը` 4054

Վերադառնալ վերև