Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կարանտին. Երբ CHANEL-ը դարձավ ժավել

-Մե՜կ, երկո՜ւ, երե՜ք… տասնի՜նը, քսա՜ն։ Տան փոքրը՝ վեցամյա Աշոտը նորից լվացվում է։ Համավարակից առաջ էլ թե տանը, թե մանկապարտեզում նրան սովորեցրել էին, ձեռքերը հաճախ օճառով պետք է լվանալ։ Բայց մինչև քսանը հաշվելն իր համար նոր բան է։ Լոգարանից դուրս գալուց հետո ամեն անգամ հպարտ հայտարարում է՝ էս անգամ էլ կորոնավիրուսին սպանեցի։

 

 

Մարդու իրավունքների պաշտպանն էլ օրեր առաջ երեխաների համար ներկայացրեց կորոնավիրուսի մասին պատմող միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը։

 

 

Նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքով  մեկուսացման պայմաններում, երբ չեն գործում կրթական ու այլ հաստատությունները ու երեխաները փակված են տանը, երբ վիրուսը տուն կարող է մուտք գործել  շորի, կոշիկի, հեռախոսի կամ ցանկացած այլ առարկայի միջոցով, մեծացել է տան մաքրությանը հետևող կանանց աշխատանքի ծավալը։ Հիմա մաքրելուց զատ, պետք է ախտահանել տառացիորեն ամեն բան։

 

 

Այս օրերին շատերը տանը խունկ են վառում՝ ապավինելով նրա մանրէասպան հատկությանը, մյուսները բոլոր սենյակներում սպիրտի մեջ թաթախված սխտոր են դնում, ոմանք ամեն շաբաթ վարագույր, ծածկոցներ ու անկողին են լվանում՝ հետո արդուկում, դասավորում ու նորից…

 

 

35-ամյա Օֆելյան երկու փոքր երեխա ունի։ Ճիշտ է՝ այս օրերին հյուր չեն գնում, բակ հազվադեպ են դուրս գալիս, հյուրեր չեն ընդունում, բայց վիրուսի դեմն առնելու համար ինչեր ասես, որ չի անում։ Վիրուսի դեմ պայքարի վազքի մեջ հաճախ չի էլ նկատում, թե օրը երբ սկսվեց ու երբ մթնեց։

 

 

«Առաջ առավոտյան արթնանում էինք, հագնվում, CHANEL օծանելիքը փչում, աշխատանքի էի գնում։ Հիմա արթնանում եմ, ձեռքս եմ վերցնում բժշկական սպիրտն ու ժավելը։ Քանի երեխաները քնած են, ախտահանում եմ լոգարանը, սպիրտով մաքրում եմ սեղանները, դռների, պատուհանների, դարակների բռնակները, մի խոսքով հիմա բոլորս ժավել ենք բուրում։ Մի քանի օր առաջ ամուսինս կատակում էր՝ եթե կորոնավիրուսից չմեռնենք, ժավելի հոտից ենք մեռնելու։ Իսկապես, մի քանի օր առաջ ժավելի հոտից վատացել էի՝ գլխապտույտ, սրտխառնոց ունեի, բոլոր պատուհանները բացել եմ, որ տունը մի լավ օդափոխվի»,-ասում է Օֆելյան։

 

 

Անչափահաս երեխաների մայրիկը պատմում է՝ թե լոգարանում, թե խոհանոցում աշխատում է հնարավորինս քիչ  օգտագործել կտորից սրբիչներ՝ նախապատվությւոնը տալով թղթե  անձեռնոցիկներին։

 

 

Նա զարմացած է։ Կարանտինի օրերին չի հանդիպել մի հաղորդում, մի տեսանյութ, մի ուղեցույց, տունն ախտահանելու պայմանների մասին։ Մինչդեռ տանը փակված մնալու օրերին դա պետք է լիներ համապատասխան մարմինների առաջին աշխատանքը։

 

 

«Գուցե եղել է, չեմ տեսել, բայց դա պետք է կրկնել անընդհատ, տարածել ինֆորմացիան, որպեսզի նյութերն օգտագոծենք ճիշտ չափով, մեր առողջությանը վնաս չհասցնենք»,-ընդգծում է նա։

 

 

Մեր զրուցակից երևանաբնակ տիկին Էլյայի ամուսինը բանկային համակարգում է աշխատում։ Ամեն չորրորդ օրը հերթապահության է։ Ճիշտ է՝ գործատուն տրամադրում է պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ, բայց տուն վերադառնալիս համազգեստը, կոշիկները հանում է բակում, անմիջապես մտնում լոգարան։ WomenNet.am-ի հետ զրույցում տիկին  Էլյան պատմում է՝ լսել եմ, վիրուսն օճառից, տաք ջրից մահանում է։ Մինչ ամուսինը լոգանք է ընդունում, կինը ձեռնոցները հագած նրա համազգեստը տեղափոխում է  լվացքի մեքենան, լվանում  նույնիսկ մինչև 60 աստիճան տաք ջրով, կոշիկներն էլ մաքրելուց հետո թողնում է արևի տակ։ Խանութ գնալ-գալուց հետո էլ նույն գործողություններն են հետևում։

 

 

Մեկ այլ մեր զրուցակիցը՝  Լիաննա Գասպարյանը,  նկատում է՝ գիտեք հենց այս պահին քույրս ի՞նչ է անում։  «Խանութից «Ֆանտա» է առել, արդեն տասը րոպե հոսող ջրի տակ հեղուկով լվանում է։

 

 

«Ես էլ  բակն եմ  ախտահանում,  նախ ժավելաջուր եմ լցրել, հիմա փրփուրով էլ կլվանամ, հետո՝ մաքուր ջրով, որ հոտն էլ, փրփուրն էլ անցնեն։ Չեք հավատա, բայց կարանտինից առաջ քույրս տասը լիտր ժավել է առել դիմացի խանութից, երկու օր առաջ վերջացել է։  Սպասի, բակի ախտահանման ընթացքից լուսանկարներ ուղարկեմ»,-իրենց տանն ու բակում կատարվող դեզինֆեկցիոն միջոցառումներն ու միջոցները թվարկում է  Լիաննան ։

 


Լուսանկարը՝ Լ.Գ.-ի։

 

Նա պատմում է՝  խանութից բերած ցանկացած տոպրակ ամենայն մանրամասնությամբ մաքրում են, թարմ կանաչին հոսող ջրի տակ լվանալուց բացի, որոշ ժամանակ պահում են աղաջրի մեջ, գորգերը շաբաթը երկու խոնավեցնող փոշեծծիչով մաքրում են, սարքի մեջ նաև մաքրող հեղուկ են լցնում։

 

 

«Մենք միշտ էլ մեր հյուրերին խնդրում ենք, որ տուն մտնելուց առաջ՝ կոշիկները դրսում թողնեն։ Հիմա իհարկե, հյուրեր չունենք, բայց բախիլներ ենք առել, եթե մեկը որոշի մեզ հյուր գալ՝ մուտքը միայն բախիլներով։ Նախկինում էլ մաքրությանը մեր տանը մեծ ուշադրություն էինք դարձնում, բայց հիմա էլ ավելի բծխանդիր ենք,  քանի որ մայրս նոր է վիրահատվել, քրոնիկ հիվանդություններ ունի, նրան որևէ վիրուս հակացուցված է։ Անընդհատ սպիրտով ախտահանում ենք համակարգիչը, ստեղծնաշարը, հեռախոսները, մեր մեքենան»,-ասում է նա։

 

 

Արարատի մարզի գյուղերից մեկում ապրող Գայանե Կ.-ն  մեզ հետ զրույցում պատմում է, լսելով, որ իրենց մարզում վարակակիրների թիվն օր օրի ավելանում է, նույնիսկ մարզկենտրոն Արտաշատում վարկային կազմակերպության մասնաճյուղն է  փակվել, որոշել է հյուրեր չընդունել։

 

 

Նա մի գրություն է փակցրել դռանը, ապա այն նկարել ու հրապարակել սոցցանցի իր էջում։

 

 

«Քանի որ մենք հարևաններով շատ մտերիմ ենք, միասին էինք սրճում, խանութ գնում։ Բայց ստեղծված իրավիճակում այլ բան անել չի մնում։ Օրվա մեջ մի քանի անգամ տանը կից այգին ենք մտնում, կանաչի, ծաղիկ ցանում, ծառերի չորացած ճյուղերը հեռացնում, խոտերը հանում, մինչև օրը անցնի»,-իր առօրյան ներկայացնում է Գայանեն։

 

 

Նա մանկապարտեզ հաճախող երեք երեխա ունի։ Փոքրիկների ձեռքերի պատշաճ ախտահանումը ապահովելու համար տան բոլոր սենյակներում փոքրիկ տարաններով ալկոգել է դրել, սպիրտ պարունակող թաց անձեռնոցիկներ։

 

 

«Երեխաները գնում-գալիս են, սեղմում ալկոգելին, ձեռքերը շփում։ Իմ խնամքն այս ընթացքում երրորդ-չորրորդ պլան է մղվել, կարևորը տան մաքրությունն է ու վիրուսի ներթափանցումը կանխարգելելը»,-նշում է բազմազավակ մայրիկը։

 

 

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքում ախտահանման կազմակերպման մասին տեղեկությունը ժլատ է։ Ինքնամեկուսացման պարագայում ձեռնարկվելիք մի քանի քայլեր կան, որոնց թվում են.

 

 

Հաճախակի լվացե՛ք ձեռքերը

Հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով և ջրով առնվազն 20 վայրկյանի ընթացքում և մանրակրկիտ չորացրեք։ Խուսափեք չլվացված ձեռքերով աչքերին, քթին և բերանին դիպչելուց։

 

 

Առանձնացրե՛ք տնային պարագաները

Առանձնացրե՛ք սպասքը, սրբիչները, անկողնային պարագաներ և այլ իրերը տան մյուս անդամներից։ Այս իրերն օգտագործելուց հետո, մանրարկրկիտ լվացեք դրանք օճառով և ջրով։

 

 

Հյուրեր մի՛ ընդունեք

Ձեզ հետ տանը կարող են մնալ միայն Ձեր տան անդամները։ Հյուրեր մի՛ հրավիրեք և մի՛ ընդունեք։ Շփվե՛ք առցանց։

 

 

Տնային կենդանիներ

Աշխատեք հեռու մնալ Ձեր տնային կենդանիներից։ Եթե անխուսափելի է՝ ապա լվացե՛ք ձեռքերը նախքան շփումը և շփումից հետո։

 

 

Լվացքի համար ապահովե՛ք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան

Լվացքի ժամանակ ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան՝ լվացքի փոշու համադրությամբ։ Չորացրեք և արդուկեք թույլատրելի ամենաբարձր ջերմաստիճանով։ Կրեք մեկանգամյա ձեռնոցներ և գոգնոց, երբ գործ ունեք աղտոտված իրերի հետ։

Լվացքը լվացքատուն մի՛ ուղղարկեք։

 

 

Հերմետիկ փակեք աղբամանը

Օգտագործած անձեռոցիկները, դիմակները և այլ կենցաղային աղբը հավաքեք աղբի համար նախատեսված տոպրակներում և լցվելուն պես կապեք, տեղադրեք մեկ այլ տոպրակի մեջ և կրկին կապեք, որից հետո աղբը հեռացրեք:

 

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 502

Վերադառնալ վերև